Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ունակ է զանազան տեղեկատուական միջոցառումներ իրականացնելով սեփական հանրութեանը ներշնչել, որ դրսի ուժերը օժանդակել են հայերին «զաւթելու» Ղարաբաղը, այդ կերպ կոծկելով սեփական անյաջողութիւնները միջազգային դիւանագիտութիւնում եւ ռազմի դաշտում: Որդեգրած հերթական ապատեղեկատուական քարոզը զարգացնելու համար յարմար առիթ հանդիսացաւ իրանցի գեներալ Ղ. Սոլէյմանիի սպանութիւնը, որին անմիջապէս արձագանգեցին Ադրբեջանում:
Ադրբեջանի գիտութիւնների ակադեմիայի փիլիսոփայութեան ինստիտուտի աշխատակից Յ. Գարագոյունլուն յայտարարել է, որ իրանական պետական քարոզչութիւնն ակտիւօրէն աշխատում է, սոցցանցերում (ընկերային ցանցերու մէջ-Խմբ.) մի շարք օգտատէրերի (մօտ 400) միջոցով իրականում ընթանում է հակաադրբեջանական քարոզչական պատերազմ: Նշել է, որ այդ օգտատէրերն Ադրբեջանին անուանում են «Բաքուի պետութիւն», իսկ Ապշերոնը՝ «Թաթիստան» (տեղաբնակ պարսիկների անուանում), ԱՀ հարաւային շրջանը՝ «Թալիշստան», իսկ «Ադրբեջան» անուանման փոխարէն կիրառում են «Շիրվան», «Արան», «Նախիջեւան» անուանումները: Յ. Գարագոյունլուն ընդգծել է, որ Ղ. Սոլէյմանիին սգացողների մեծ մասը հէնց Իրանի «5րդ շարասիւնն է»:
Ադրբեջանական իշխանամէտ մամուլը, զարգացնելով հակաիրանական դրսեւորումները, յղում է անում իրանցի պաշտօնաթող գեներալ Մանսուր Հագիգատպուրի մեկնաբանութեանը առ այն, որ 1992-1993 թուականներին իրանական կողմն է փրկել Ադրբեջանի ազգաբնակչութեանը հայկական ուժերի առաջխաղացումից, հակառակ դէպքում հայերը կը հասնէին մինչեւ Բաքու: «Ամերիկայի ձայն» ադրբեջանական ծառայութեան կայքում զետեղուած հրապարակման մէջ ասւում է, որ եթէ կրկին պատերազմ սկսուի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, առաջին երկիրը, ով օգնութիւն կը ցուցաբերի Հայաստանին եւ թիկունքից կը հարուածի մեզ (Ադրբեջանին), կը լինի Իրանը: Տուեալ դէպքում էլ ադրբեջանական կողմը ցեխ է շպրտում Իրանի ռազմաքաղաքական գործիչների վրայ, որոնք նուրբ դիւանագիտական հմտութիւններ կիրառելով փորձում են հաւասարակշռուած դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ:
Այդպիսով, Ադրբեջանը միտումնաւոր զարգացնում է Իրանի հետ յարաբերութիւններում լարուածութիւն, Իրանում ստեղծուած ճգնաժամն օգտագործում է Արեւմուտքին հաճոյանալու եւ սեփական նշանակութիւնն ընդգծելու համար՝ քաջ գիտակցելով, որ Արեւմուտքը բարեկամական տրամադրուած չէ Իրանի նկատմամբ եւ հնարաւոր է աջակցի Ադրբեջանին արտաքին եւ ներքին քաղաքականութեան հարցերում:
Ադրբեջանում պաշտօնապէս գրանցուած են եւ գործում են առնուազն երկու հակաիրանական ուղղուածութեամբ կազմակերպութիւններ՝ «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես»ը եւ «Հարաւային Ադրբեջանի ազգային զարթօնքի շարժում»ը:
Ադրբեջանում գործող «Իրանցի քաղաքական միգրանտներ» ընկերութեան մասնաճիւղը եւս մէկ ադրբեջանական ազգայնական խմբաւորում է, որն աշխատում է Իրանի դէմ: Չնայած նրան, որ այդ խմբաւորումը կրում է իրանական անուանում, այն գտնւում է Բաքւում եւ գործում է Ադրբեջանի կառավարութեան աջակցութեամբ:
Ադրբեջանի հակաիրանական դրսեւորումները ակտիւացել են նաեւ նրա սահմաններից դուրս: ԱՄՆում գտնուող Ադրբեջանի Հանրապետութեան դեսպանատան դիւանագիտական կորպուսի (մարմինի-Խմբ.) որոշ ներկայացուցիչներ համարում են, որ միակ մարդը, ով ունակ էր Իրանում յեղափոխութիւն իրականացնելու եւ իշխանութիւններին հակադարձելու, դա գեներալ Սոլէյմանին էր, որի ֆիզիկական ոչնչացումը այնքան էլ չի յուզել պաշտօնական Թեհրանին: Նման ապատեղեկատուութեան տարածմամբ ադրբեջանական դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչները յստակ հաղորդագրութիւն են յղում ԱՄՆ պատկան մարմիններին առաւել կոշտ քայլերի դիմելու Իրանի նկատմամբ՝ չսահմանափակուելով տնտեսական պատժամիջոցներով:
«ԱՐՄԷՆՊՐԵՍ»