ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Կանանց միջազգային օրուան նուիրուած իւրատեսակ ձեռնարկ էր կազմակերպել «Գրէյթըր Դաունթաուն Գլենդել Ասոսիէյշն» կազմակերպութիւնը: Կինոյի եւ ժամանցի արդիւնաբերութիւնում անհաւասարութեան յաղթահարումը թեմայով քննարկումը միտուած էր արծարծելու ոլորտում կանանց նկատմամբ առկայ վերաբերմունքը, որ արտայայտւում է թէ՛ աշխատավարձի, թէ՛ հաւասար պայմաններում տղամարդ մասնագէտներին նախընտրութիւն տալու եւ թէ ոտնձգութիւնների առումով: Բանախօսները՝ հայազգի անկախ կինոարտադրող Նատալի Քասաբեանը, ռեժիսոր-դրամատուրգ Արմինա Լա Մանան եւ Բենթոնվիլ կինոփառատօնի նախագահ Ուենդի Գերերօն խօսեցին խտրականութեան անձնական փորձառութիւնների մասին, եւ թէ ինչպէս են իւրովի պայքարում իրենց գործունէութեան ոլորտում կանանց իրաւունքների պաշտպանութեան եւ հաւասար վերաբերմունքի համար: Կանայք ընդգծեցին սեռով չպայմանաւորուած մասնագիտական մօտեցման անհրաժեշտութիւնը:
Քննարկմանը հետեւեց «Սա Փոխում Է Ամէն Ինչ» վաւերագրական ֆիլմի ցուցադրութիւնը, որտեղ ներկայացուած են Հոլիվուդեան կինոարտադրութիւնում սեռերի ներկայացուածութեան անհամաչափութեան մասին ուսումնասիրութիւններ եւ վերլուծութիւն: Շարժապատկերում հանդէս են եկել տարբեր ժամանակների յայտնի դերասանուհիներ, կինոգործիչներ, ընկերութիւնների ղեկավարներ: «Մեր արդիւնաբերութիւնում, տարիներ շարունակ յոյս ունէինք, որ կանանց կողմից եւ նրանց հիմնական ներգրաւուածութեամբ ստեղծուած իւրաքանչիւր յաջողուած ֆիլմի միջոցով աւելի կը մօտենանք սեռերի նկատմամբ հաւասար վերաբերմունքի: Այս ֆիլմը ներկայացնում է առաջընթացի բացակայութիւնը եւ կոչ է անում փոփոխութիւնների», նշում է շարժապատկերի գլխաւոր արտադրող, դերասանուհի Ջինա Դեւիսը: Ըստ վիճակագրութեան, ամերիկեան կինոարտադրութիւնում շարունակում են նախընտրութիւնը տալ տղամարդ արտադրողներին, գրողներին, նկարահանողներին, դերասաններին եւ կինոգործիչներին, կանանց նկատմամբ էլ շարունակւում են ոտնձգութիւնները:
Մարտի 8ին նուիրուած ձեռնարկի ընթացքում, տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ երկու հարիւր կանայք առիթ ունեցան ծանօթանալու միմեանց եւ փոխանակելու տեղեկութիւններ, ստեղծելով նոր կապեր: Կանանց միջազգային օրուան նուիրուած միջոցառման համակազմակերպիչները, որոնց թւում էին՝ Գլենդելի քաղաքապետարանի տնտեսական զարգացման բաժինը, Հայկական Շարժապատկերի միութիւնն (Armenian Film Society) ու «Մայրերը ֆիլմում» (Moms-in-Film) կազմակերպութիւնը, կարեւորեցին նման ձեռնարկների անցկացումը՝ առկայ խնդիրների մասին բարձրաձայնելու, հաւաքական ուժերով լուծումներ գտնելու առումով նաեւ: