«ԱՐՄԷՆՓՐԷՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ԱԱՏՄ»Ի ՂԵԿԱՎԱՐ ՅԱԿՈԲ ԱՒԱԳԵԱՆԻ ՀԵՏ
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Յակոբ Աւագեանը կարեւորում է արհեստակցական միութիւնների օր առաջ կայացումը։ Կայացած արհմիութիւնների առկայութեան դէպքում ԱԱՏՄի եւ տեսչական այլ մարմինների համար աւելի հեշտ եւ ինստիտուցիոնալ (կառուցային- Խմբ.) կը լինի աշխատանքային իրաւունքների նորմերի նկատմամբ վերահսկողութիւնը։ Մայիսի 1ի՝ Աշխատանքի օրուայ առիթով «Արմէնպրէս»ը զրուցել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Յակոբ Աւագեանի հետ։
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Աշխատաւորների օրուայ առիթով էլ ում հետ պէտք է զրուցենք, եթէ ոչ մի կառոյցի ղեկավարի, որին, ինչպէս յայտնի է, 2021 թուականի Յուլիսի 1ից պէտք է վերապահուի գործատուների կողմից աշխատանքային օրէնսդրութեան, աշխատանքային իրաւունքի նորմերի, կոլեկտիւ (հաւաքական- Խմբ.) եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողութիւն։
Սակայն յայտնի է նաեւ, որ հաշուի առնելով երկրում ստեղծուած իրավիճակը՝ օրէնքի ընդունուած նախագծով առաջարկւում է արտակարգ դրութեան ժամանակ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին տալ լիազօրութիւն՝ ստացուած բողոքների հիման վրայ աշխատանքային օրէնսդրութեան խախտումների մասով իրականացնելու վերահսկողութիւն։ Ինչ ունենք այս պահին աշխատողների իրաւունքների խախտումների նկատմամբ վերահսկողութեան առումով։ Որոնք են լինելու ձեր աշխատանքի յետագայ ուղղութիւնները։
ՅԱԿՈԲ ԱՒԱԳԵԱՆ.- Շնորհակալութիւն։ Այս հարցը տարիներ ի վեր մնացել էր վերահսկողութիւնից դուրս, որի արդիւնքում տուժում էին մեր երկրի վարձու աշխատողները, մասնաւորապէս՝ երբ աշխատանքային իրաւունքը խախտւում էր, վարձու աշխատողները, բացի դատարանից, այլ ճանապարհ չունէին, որպէսզի բողոքարկէին կամ իրենց խախտուած իրաւունքները վերականգնէին։ Վերահսկողութեան գործիք կիրառող մարմնի բացակայութեան պատճառով երբեմն աւելի էր բարձիթողի վիճակ ստեղծուել։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դատական ճանապարհով իրաւունքների վերականգնումը շատ աւելի երկարատեւ գործընթաց է, որի ընտրութեան ժամանակ աշխատողը կանգնում էր երկընտրանքի առաջ՝ գնալ այդ ճանապարհով, թէ ընդհանրապէս մոռանալ ու լռել։ Անցած տարուայ դեկտեմբերի 4ին ընդունուեց օրէնքը, բայց հաշուի առնելով, որ պէտք է նախապատրաստական մի շարք աշխատանք արուէր, մասնաւորապէս՝ տեսչական մարմնի թուակազմը, գործիքակազմը համալրուէր եւ այլն, որոշուեց, որ այդ դրոյթը ուժի մէջ կը մտնի 2021 թուականի Յուլիսի 1ից։ Սա բացառիկ մօտեցում էր, որովհետեւ տարիներ ի վեր, սկսած այն ժամանակուանից, երբ վերացուեց ընդհանրապէս աշխատանքի տեսչութիւնը, վերականգնւում է այդ լիազօրութիւնները։
Անդրադառնալով ձեր հարցադրման երկրորդ մասին՝ Ապրիլի 29ին արդէն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրէնսգրքում եւ Վարչական իրաւախախտումների մասին օրէնսգրքում փոփոխութիւնները, դրանք ելնում էին այս արտակարգ դրութիւնից, որը եւս կարգաւորուած չէր եղել մինչ այժմ։ Մենք Մարտի սկզբին այս հարցը բարձրաձայնում էինք՝ հաշուի առնելով, որ բազմաթիւ զանգեր ստանում էինք՝ եւ գործատուների, եւ վարձու աշխատողների կողմից, թէ ինչպէս են յարաբերութիւնները կարգաւորուելու արտակարգ դրութեան ողջ շրջանում։ Այս նախագծով լուծում տրուեց, մասնաւորապէս՝ մի քանի հարցերին պարզաբանում տրուեց՝ սկսած սահմանումներից, թէ ինչ է հեռավար աշխատանքը եւ այլն, եւ վերահսկողութիւնը վերապահուեց մեզ։
Յաջորդիւ տեսչական մարմինների համակարգման գրասենեակների միջոցով կը ներկայացնենք առաջարկութիւն մեր տեսչական մարմնի կանոնադրութեան փոփոխութեան եւ լիազօրութիւնների սահմանումների վերաբերեալ։ Օրէնքի ուժի մէջ մտնելու պահից սկսած մենք կը սկսենք դիմում բողոքների ընդունումը, վերլուծումը եւ դրանց նկատմամբ վարոյթների յարուցումը։ Այս փուլում վարչական վարոյթների մեխանիզմով (կառուցակազմ-Խմբ.) Ապրիլի 30ին կառավարութեան նիստում առաջին անգամ հաստատւում է տասից աւելի ստուգաթերթեր մեր վերահսկողութեան 4 ուղղութիւններով, որոնք եւս անհրաժեշտ են։ Դա տարիներ ի վեր բացակայող հիմնական գործիքակազմն է տեսչական մարմնի կողմից ստուգում իրականացնելու համար։
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Ինչո՞ւ են Հայաստանում արհմիութիւնները թոյլ, դա կապուա՞ծ է օրէնսդրութեան հետ, թէ օրէնքը կայ, բայց չի աշխատում։
ՅԱԿՈԲ ԱՒԱԳԵԱՆ.- Դա շատ կարեւոր հարց է։ Երբ սկսուեց «Դէմ եմ» շարժումը եւ երբ ձեւաւորուեցին աշխատողների իրաւունքների նախաձեռնողական խմբեր, շատ կարեւոր էր եւ ես անընդհատ հնչեցնում էի, որ այդ խմբերը պէտք է վերածուէն արհեստակցական միութիւնների, որոնք ցանկացած զարգացած երկրների համար հակակշիռներ են։ Այստեղ շատ կարեւոր է աշխատողների իրաւունքների արհեստակցական միութիւնների օր առաջ կայացումը եւ կարեւորութեան տրամադրումը։
Եթէ կարճ պատասխանեմ, ապա կ’ասեմ, որ իրաւագիտակցութեան խնդիր ունենք, այսինքն՝ աշխատողները ինքնուրոյն պէտք է ձեւաւորեն եւ սկսեն իրենց շահերը պաշտպանել եւ ներկայացնել հէնց այդ ինտիտուտների միջոցով, իսկ պետական մարմինների, այդ թւում՝ նաեւ տեսչական մարմինների համար աշխատանքը, բնականաբար, շատ աւելի հեշտ եւ ինստիտուցիոնալ կը լինի արհեստակցական միութեան հետ, քան օրինակ՝ մարդը չի կարողանում խնդիրը ձեւակերպել կամ չի կարողանում իր իրաւական այն նորմերը ու հիմնաւորումները ներկայացնել, որ տեսչական մարմինն իր վերահսկողութիւնը աւելի որակեալ եւ արագ իրականացնի։
Երկրորդը՝ նաեւ կապուած է արհեստակցական միաւորումների ֆինանսաւորումների հետ, այս մասով եւս հիմա ունենք նախաձեռնութիւն, կը ներկայացնենք լիազօր մարմնին, թէ ինչպէս անել, որպէսզի արհեստակցական միութիւնների ֆինանսաւորումները, լինեն ընդունելի վարձու աշխատողների համար։ Միւս կողմից կարեւոր է նաեւ, որպէսզի պետական ինստիտուտները կարեւորեն արհեստակցական միութիւնները։
Այս երեք հիմնական պատճառներն են, որ մինչեւ այժմ խանգարել են այդ ինստիտուտի կայացմանը, ու ցաւում եմ, որ շատ լաւ նախաձեռնութիւններ եղել են աշխատանքային իրաւունքների մասով, որոնք մնացել են հէնց նախաձեռնութիւններ, օրինակ՝ իրենց խնդիրը լուծելուց յետոյ գնացել են տուն, իսկ այդ հաւաքուած ուժը շատ կարեւոր է, որպէսզի վերաձեւակերպուի ու դառնայ ինստիտուտ։ Դրանք ցանկացած երկրում, այդ թւում՝ մեզնից զարգացած երկներում, կարեւոր ինստիտուտներ են ցանկացած պետական կառոյցին հակակշռելու համար։