ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Ասեղնագործութեան Մարաշի գաղտնակար տեսակին Շահումեանի շրջանի Նոր Բրաջուր համայնքի բնակչուհի, մասնագիտութեամբ լրագրող Արաքս Միրզոյեանը պատահական է ծանօթացել, ուսուցչուհու շնորհիւ:
«Մի օր ուսուցչուհիս` Անահիտ Բաղդասարեանը, ցոյց տուեց, թէ ինչպէս են ասեղնագործում Մարաշի գաղտնակարը, որն իրենից ներկայացնում է հաւասարակողմ խաչ։ Փոքրիկ խաչերը իրար են միանում, մեծ նախշեր ստեղծում՝ որոշակի սխեմաներով (կաղապարով, յատակագիծով-Խմբ.) ու օրինաչափութիւններով, որոնք յստակ են, ու դրանք չիմանալու դէպքում հասկանալը շատ բարդ է։ Կարծում եմ`գաղտնակարը հետաքրքրեց հէնց իր բարդ տեխնիկայի (գիտարուեստի-Խմբ.) շնորհիւ. ուզում էի անպայման հասկանալ ու կարողանալ ասեղնագործել», պատմում է Արաքսը։
Կիլիկիայի Մարաշ քաղաքում յայտնի է եղել ասեղնագործութեան 2 տեսակ` գաղտնակար եւ հարթակար։
«Բարդ տեխնիկայի շնորհիւ Մարաշի ասեղնագործութիւնը տարածում չի ունեցել եւ մնացել է Մարաշում` կրելով քաղաքի անունը։ Ասում են, Մարաշի գաղտնակարը հնարաւոր չէ մեքենակար ստանալ, այն ստացւում է միայն ձեռագործ։ Սերիկ Դաւթեանն իր «Հայկական Ասեղնագործութիւն» ուսումնասիրութեան մէջ նշում է, որ Մարաշի գաղտնակարը միակն է գոյութիւն ունեցող բոլոր ասեղնակարերից, որը նայելով հնարաւոր չէ ընդօրինակել», նշում է մեր զրուցակիցը։
Արաքսը գրեթէ մէկ տարի առաջ ուսուցչուհուց սովորել էր, թէ ինչպէս են մէկ խաչն առանձին ասեղնագործում։
«Գործելու տեխնիկան այդ մի անգամն եմ տեսել, ու դա էլ մոռացել էի։ Երբ որոշեցի վերյիշել, համացանցում ուսուցողական նիւթեր գտայ, դիտեցի, համեմատեցի, եւ կարելի է ասել` սովորեցի համացանցի միջոցով»։
Արաքսը ցանկութիւն ունի սովորածը փոխանցել ու հանրայնացնել Մարաշի ասեղնագործութիւնը: Այդ նպատակով արդէն ասեղնագործութեան ուսուցման դասընթաց է անցկացրել Ստեփանակերտում: Աշխատանքները ներկայացնում է նաեւ սոցիալական ցանցերի միջոցով:

«Փոքրիկ հայագիտական էջ ունեմ «ֆէյսբուք»ում, «Շողեր» անուամբ, որի միջոցով տեղեկատուութիւն եմ տարածում։ Նաեւ պատուէրներ եմ ընդունում, փորձում եմ հինն ու նորը համադրել, ժամանակակից հագուստի վրայ հետաքրքիր ձեւով ներկայացնել ասեղնագործութեան այս տեսակը։ Սովորել եմ նաեւ քուղակար ասեղնագործութիւն, որը տարածուած է եղել Սեբաստիայում։ Այդ տեսակն էլ է հետաքրքիր, բայց Մարաշինը կարծես աւելի պրակտիկ (գործնական-Խմբ.) է», ընդգծում է Արաքսը։
Ասեղնագործութեան այս տեսակը փորձում է տարածել նաեւ Նոր Բրաջուր համայնքում: Գիւղի երիտասարդների հետ ուսուցողական հանդիպումներ է կազմակերպել:
«Գիւղում մի քանի փորձից յետոյ հասկացայ, որ հետաքրքրուած են աւելի շատ երեխաները. նրանց տարիքում, 10-12 տարեկանում, սակայն, դժուար է գաղտնակարը իւրացնել։ Շատերն սկզբում դժուարութեան հանդիպելուց յետոյ չեն շարունակում։ Բայց եթէ շրջանում, շրջապատում որեւէ մէկը ցանկութիւն ունենայ սովորել, ես միշտ պատրաստ եմ իմ իմացածը փոխանցել։ Ամէն դէպքում, նկատում եմ, որ ձեռագործի հանդէպ հետաքրքրուածութիւնը մեծանում է, եւ դա ինձ շատ է ուրախացնում», ամփոփեց Արաքս Միրզոյեանը։
«Ապարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից