ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպութեան վիքիակումբները դեռահասներին զարգանալու մեծ հնարաւորութիւններ են տալիս: Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի հիմնականում գիւղական համայնքներում գործող վիքիակումբներում տեղի պատանիները վիքի տարբեր նախագծերում աշխատելու հնարաւորութիւն ունեն:
Վիքիպեդիա հանրագիտարանում խմբագրելիս բացի լեզուական, թարգմանչական հմտութիւնները զարգացնելը` դպրոցականները հնարաւորութիւն ունեն նաեւ ստացած գիտելիքի շնորհիւ կողմնորոշուել ապագայ մասնագիտութեան հարցում, կամ էլ արդէն ընտրած մասնագիտութեան վերաբերեալ յօդուածներ խմբագրելով` բազմակողմանի տեղեկատուութիւն ստանալ դրա վերաբերեալ:
Ալավերդու վիքիակումբի խմբագիր 17ամեայ Մարիամ Սարգսեանն արդէն գրեթէ երկու տարի է` խմբագրում է Վիքիպեդիա նախագծում: Մարիամը դեռ վերջնական չի կողմնորոշուել ապագայ մասնագիտութեան հարցում, սակայն վստահ է` Վիքիպեդիայում խմբագրելն իրեն շատ է օգնում այդ ճանապարհին:
«Միշտ հակում եմ ունեցել դէպի լեզուները, իսկ վիքիպեդիան վերհանել է իմ ներսում թաքնուած թարգմանչին: Վիքիաշխարհի շնորհիւ ես հասկացել եմ, որ լեզուները ընդամէնը բառերի ու քերականական կանոնների խումբ չեն, կամ էլ սոսկ հաղորդակցման միջոց: Լեզուները հոգի ունեն, որը պէտք է հասկանալուց աւելի շատ զգալ: Պէտք է ընկերանալ լեզուի հետ եւ լսել նրան», ասում է Մարիամը:
Քարվաճառի վիքիակումբի 15ամեայ խմբագիր Լենա Ղազարեանը Վիքիպեդիա նախագծում խմբագրում է արդէն 3 տարի:

«Յատկապէս վերջերս հիմնականում խմբագրում եմ այնպիսի յօդուածներ, որոնցից ստացած գիտելիքները կարող են օգնել ապագայ մասնագիտութեանս հարցում։ Որոշել եմ լրագրող դառնալ եւ գրում եմ լրագրողական թեմայով յօդուածներ: Այսպիսով խմբագրելը ոչ միայն հաճելի ու հետաքրքիր է, այլ նաեւ` օգտակար։ Օգնում է աւելի լաւ պատկերացնել լրագրողի մասնագիտութիւնն իր բոլոր առանձնայատկութիւններով։ Շատ մասնագիտական տերմինների (եզրերու-Խմբ.) ծանօթանում եմ հէնց յօդուածը գրելիս։ Ծանօթանում եմ պատմութեան ընթացքում լրագրութեան փոփոխմանը, լրագրութեան ժանրերին», պատմում է Լենան: Ապա մասնագիտութեան վերաբերեալ գրել է արդէն մօտ 20 յօդուած:
«Գրել եմ պարբերականների, լրագրողների, լրագրողական ժանրերի, հեռուստատեսային հաղորդումների մասին։ Սկզբում աւելի բարդ էր, հիմա աւելի հեշտ եմ թարգմանում, քանի որ աստիճանաբար ծանօթանում եմ բառապաշարին»:
Արեւածագի վիքիակումբի 16ամեայ խմբագիր Տաթեւ Առաքելեանը Վիքիպեդիա նախագծում խմբագրում է արդէն 5 տարի: Տաթեւը որոշել հաշուապահ դառնալ եւ սկսել է խմբագրել մասնագիտական յօդուածներ:
«Ապագայ մասնագիտութեանս վերաբերեալ խմբագրած յօդուածներն ինձ տալիս են գիտելիքներ, հետաքրքիր տեղեկութիւններ: Այս յօդուածներն ինձ համար մեծ նշանակութիւն ունեն, քանի որ դրանք յետագայում եւս ինձ շատ պէտք են գալու:
Տաթեւը նոր է սկսել խմբագրել մասնագիտական յօդուածներ: «Առայժմ ստեղծել եմ մօտաւորապէս 4-5 յօդուած, քանի որ զուգահեռ գրում եմ նաեւ այլ թեմաներով»: Մասնագիտական յօդուածներով մտադիր է շարունակել հարստացնել Վիքիպեդիա հանրագիտարանը, քանի որ դրանք խմբագրելը հետաքրքիր է, նաեւ` հեշտ է ստացւում:
Յօդուածներ խմբագրելուց բացի, վիքիակումբներում պարբերաբար կազմակերպւում են նաեւ կրթական բնոյթի տարբեր միջոցառումներ:
«Մասնագիտութեան ընտրութեան հարցում ինձ օգնել է Ալավերդու վիքիակումբի բազմաթիւ հրաշալի ծրագրերից մէկը, որի շրջանակներում ծանօթացել եմ տարբեր ոլորտների լաւագոյն մասնագէտների հետ, որոնք ներկայացրել են իրենց փորձը, աշխատանքի բնոյթը», պատմում է Ալավերդու վիքիակումբի խմբագիր Մարիամ Սարգսեանը:
Մասնագիտութեան հարցում ճիշդ կողմնորոշուելը բարդ, միեւնոյն ժամանակ` պատասխանատու որոշում է: Վիքիպեդիայում խմբագրելը մասնագիտական կողմնորոշման գործիքներից մէկն է, որը խորհուրդ են տալիս իրենք` դեռահասները:
Թամարա Գրիգորեան՝ Քարվաճառի վիքիակումբի համակարգող
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից