ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Վարդգէս Պետոսեանի «Վերջին ուսուցիչը» վիպակը դեռ չէի կարդացել, բայց պատանի տարիքում դիտել էի «Պարոնին՝ Սիրով» (To Sir with love) շարժանկարը՝ սեւամորթ հանրայայտ դերասան Սիդնի Փուաթիէի խաղարկութեամբ եւ խորապէս տպաւորուել ու հիացել: Շարժանկարը, որը նկարահանուել էր 1967 թուականին բրիտանացի սեւամորթ արձակագիր՝ Էդուարդ Ռիքարդօ Բրէյթվէյթի ինքնակենսագրական վէպի հիման վրայ, պատկերում էր առաջին անգամ անփորձ ուսուցչի՝ Մարք Թաքըրյէի (դերակատար՝ Սիդնի Փուաթիէ), մարտահրաւէրային հոգեիրավիճակը՝ բրիտանական կիսաղքատ թաղամասի մի դպրոցի աւարտական դասարանի սանձարձակ, շփացած ու մոլագար աշակերտներին կրթելու, կարգի հրաւիրելու եւ մարդկային արժեհամակարգին ընտելացնելու առաքելութեամբ: Շարժանկարի ազդեցութեան ներքոյ, օրերով մտածում էի, որ եթէ մի օր, ես էլ, Մարք Թաքըրյէի նման ուսուցիչ դառնամ, պիտի որդեգրեմ նրա սրտագորով, բայց խստապահանջ, սիրալիր, մտերմական, բայց կարգասէր, հանդարտաբարոյ, բայց լրջահոն, համբերատար, բայց բուռն բնաւորութիւնն ու գործելաոճը: Պատանեկան երազային տարիներին, ինձ համար Սիդնի Փուաթէի խաղարկութեանբ ուսուցիչ Մարք Թաքըրէյը հեքիաթային կերպար էր դարձել: «Հեքիաթներ ունեցէք: Ձեր հեքիաթը: Ձեր էութեան ինչ-որ մասով ապրէք հեքիաթի մէջ…»,- գրել է Վարդգէս Պետրոսեանը «Վերջին ուսուցիչը» վիպակում: Իսկ ի՞նչ իմանայի, որ իմ ապրած երազային հեքիաթը, մի օր պիտի իրականանար եւ վիճակուէր այնպէս, որ ես էլ մի օր ուսուցչական մարտահրաւէրային ասպարէզը մուտք գործէի:
Տարիներ անց «Պարոնին՝ Սիրով» շարժանկարին յաջորդեց Վարդգէս Պետոսեանի 1978 թուականին լոյս տեսած «Վերջին ուսուցիչը» վիպակի ընթերցումը, որի հերոս՝ Վահան Մամեանին, Մարք Թաքըրէյի նման, վիճակւում է ստանձնել Երեւանի Խորենացու անուան դպրոցի ոչ պակաս խելահեղ աշակերտներով 10-րդ «բ» դասարանի գրականութեան ուսուցչի պաշտօնը: Դպրոցում մղձաւանջային վիճակ է ստեղծւում, երբ մի օր, 10-րդ «բ» դասարանում,- ինչպէս նշում է վիպակագիրը,- «կատաղի տղաների մի խումբ կայֆ» է անում, «որի գագաթնակէտը հանդիսանում է դասարանի աշակերտուհիներից՝ Մարի Մելիքեանի մերկապարը՝ սեղանի վրայ»: Վիպակի մէջ, Պետրոսեանի հանճարեղ գրչով, Մամեանը ներկայացնում է առաքելատիպ հայ տղամարդու, բայց մասնաւորաբար յանձնառու հայ ուսուցչի հզօր կերպարը, ինչի շնորհիւ 10-րդ «բ»-ի շրջանաւարտ աշակերտները հոգեփոխւում, ազնուանում եւ լիցքաւորւոմ են մարդկային բարաոյական արժէքներով:
Վարդգէս Պետոսեանի լայն ժողովրդականութիւն վայելած «Վերջին ուսուցիչը» վիպակը նորովի երանգ ստացաւ 2019-ին, երբ Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան առաջին ալիքով ցուցադրուեց վիպակի հիման վրայ նկարահանուած համանուն հեռուստաշարքը 16 մասերով:
Հեռուստաշարքի բեմադրիչն է 39ամեայ Հայկ Կբէեանը: Բեմագիրն է Անահիտ Աղասարեանը: Հեռուստաշարքը Վարդգէս Պետրոսեանի վիպակի ազատ փոխադրութիւնն է: Խորհրային տարիների ուսումնական եւ դպրոցական կեանքը, մասնաւորապէս Երեւանի «Մովսէս Խորենացու» անուան դպրոցի 10րդ «բ» աւարտական դասարանը, աշակերտների ու ուսուցիչների յարաբերութիւնները այնպէս, ինչպէս նկարագրուած է Վարդգէս Պետրոսեանի վիպակում, ստանում են նոր կերպարանք, ընդ ուրում վիպակի 10րդ «բ» աւարտական խնդրայարոյց դասարանը ներկայացնւում է Երեւանի նոյն «Մովսէս Խորենացու» Աւագ դպրոցի աւարտական 12րդ «բ» դասարանի նոյնակերպար խնդրայարոյց աշակերտների միջադէպերով: Այստեղ էլ քիմիայի խստադէմ ուսուցչուհին մի օր դասարան մտնելիս տեսնում է տղաների առջեւ սեղանի վրայ աշակերտուհի՝ Մարի Մելիքեանի մերկապարը, որտեղից էլ սկսւում է դպրոցում հետզհետէ ծաւալուող ահաւոր, մեծ թնջուկը, ինչի յանգուցալուծման մարտահրաւէրը վիճակւում է 12 «բ»ի գրականութեան ուսուցիչ եւ դասղեկ՝ երիտասարդ Վահան Մամեանին, ով դպրոցի աւարտին հազիւ երկու ամիս մնացած նշանակուել էր նոյն դասարանի ուսուցիչ,- կամ ինչպէս՝ աշակերտուհիներից մէկը անուանեց «վերջին ուսուցիչը»,- փոխարինելով դասարանի նորոգ հանգուցեալ գրականութեան տարեց ուսուցչին: Հեռուստաշարքը վիպակի համեմատութեամբ նորովի է նաեւ նրանով, որ աւելացուած են այսօրուայ հայաստանեան կեանքում տեղի ունեցող ընտանեկան ու ընկերային, զգացական ու մարդկային այնպիսի գեղեցիկ, այնպիսի յուզական ու խորաթափանց դրուագներ, որոնք ակամայից կլանում են հեռուստադիտողին, գրաւում նրա հետաքրքրասիրութիւնը եւ որ դիտողը հիացմունքով է հետեւում մասնաւորաբար՝ դերասանների բարձր մակարդակի խաղարկութեանը: Մի խօսքով, խորհրդային տարիների դպրոցական կեանքը՝ հեռուստաշարքում ստանում է այսօրուայ կերպարանք, ուր աշակերտների, ուսուցիչներ եւ ընդհանրապէս մարդկանց առօրեայ իրադարձութիւններում տեղ են գտել նաեւ մերօրեայ արհեստագիտական միջոցները, դիմատետրը (Ֆէյսբուք), բջջային հեռախօսները, որոնք աւելի այժմէականութիւն են հաղորդում հեռուստադիտողին:
Հայաստանի վաստակաշատ դերասանուհի՝ Էւելինա Շահիրեանի, հանրայայտ դերասաններ՝ Աշոտ Ղազարեանի, Զաւէն Աբրահամեանի, Խորէն Լեւոնեանի կողքին դասարանի աշակերտների դերակատարութեամբ հեռուստաշարքում հանդէս են եկել նոր ու երիտասարդ, դերասան-դերասանուհիներ, ովքեր հեռանկարային իմաստով, ոգեւորիչ յոյսեր են ներշնչում հայ թատերաշարժանկարային արուեստի համար:
«Վերջին ուսուցիչը» վիպակի հերոս՝ Վահան Մամեանին հոյակապ խաղարկութեամբ ներկայացնում է Հայաստանի վաստակաւոր արտիստ, դերասան, հաղորդավար Խորէն Լեւոնեանը, մարմնաւորելով բարութիւն, սէր ու մարդկային արժէքներ սերմանող, աշակերտների նկատմամբ հոգատարութիւն ցուցաբերող, նրանց տարերային աշխարհը խորապէս ըմբռնող՝ Վահան Մամեան ուսոսցչի կերպարը: Խորէն Լեւոնեանը լիարժէքօրէն փոխանցեց նաեւ այն բազմաբովանդակ ու ուսուցանող պատգամներն ու ուղերձները, որոնք Վարդգէս Պետրոսեանը ցանկացել է իր վիպակով յանձնել ընթերցողի ուշադրութեանը: Ձայնային հնչեղ ու հմայիչ հարստութեամբ, դերասանական բարձր մակարդակի արհեստավարժութեամբ ու հմտութեամբ օժտուած թատերաշարժանկարային դէմք է Խորէն Լեւոնեանը, ակնյայտօրէն շարունակելով իր մեծ հօր՝ Խորէն Աբրահամեանի հայ բեմարուեստին ժառանգած աւանդը:
Դպրոցի տնօրէն՝ Սահակ Վանունու կերպարը գերազանցօրէն ներկայացրեց Հայաստանի ժողովրդական արտիստ, բազմավաստակ դերասան Աշոտ Ղազարեանը, ցոյց տալով նրա բարի, սակայն անինքնավստահ, որոշումներ կայացնելու մէջ՝ անինքնուրոյն, անհանգիստ եւ իր վաստակաւորի կոչմանը սպասող անձի հոգեմտաւոր աշխարհը: Իր եզակի եւ ինքնատիպ խաղարկութեամբ Աշոտ Ղազարեանը հիւմորային պահեր ձեւաւորեց նաեւ Սահակ Վանունու կերպարում, մասնաւորաբար, երբ վերջինս կագնած լինելով իրավիճակային փակուղիների առջեւ, անճարակութեան աղաղակ է բարձրացնում, թէ՝ «անիծուի այն օրը, որ ես մանկավարժ դարձայ», իսկ մի անգամ էլ, թէ՝ «անիծուի այն օրը, որ ես տնօրէն դարձայ» արտայայտութիւններով: Իսկ իրականում, նա չի էլ ցանկանում հրաժարուել տնօրէնի աթոռից, մտահոգ լինելով իր «վաստակաւորի կոչման» անխաթարութեան համար:
Դպրոցի քիմիայի ուսուցչուհի՝ Սոնա Միքայէլեանի կերպարը բացառիկ տաղանդով է ներկայացրել Հայաստանի թատերաշարժանկարային երիտասարդ դերասանուհի՝ Լիլի Միքայէլեանը: Դերասանական արուեստի բարձր հմտութեամբ նա լիարժէքօրն է ներկայացնում քիմիայի չամուսնացած ուսուցչուհու՝ Սոնա Միքայէլեանի հոգեկան մելամաղձոտ ներաշխարհը, նախ՝ որպէս մենակեաց, ինքնամփոփ, աշակերտների նկատմամբ խստասիրտ ու անզիջող եւ ապա՝ կանացիական նրբութեամբ հետզհետէ դառնում է փակասիրտ ու սիրադէմ՝ Վահան Մամեանի հետ շփուելուց եւ սիրոյ բռնկումը զգալուց յետոյ: «Առաջարկեցին Սոնա Միքայէլեանի կերպարը. Ինձ հետ ընդհանրապէս կապ չունեցող դեր էր, միակ նմանութիւնը երեւի այն է, որ ես էլ իմ տեսակով անհանգիստ մարդ եմ: Բայց նրա արարքներն ընդհանրապէս իմ սրտով չէին: Դպրոցում կատարուած իրավիճակին ես լրիւ այլ լուծում կը տայի, կը փորձէի խօսել այդ աղջկայ հետ, հաստատ այդպէս մեծ աղմուկ չէի բարձրացնի, տնօրէնին չէի դիմի»,- ասել է Լիլի Միքայէլեանը՝ «Բռաւօ.ամ» առցանց թերթի հետ ունեցած հարցազրոյցում: Այնուամենայնիւ, իր հոյակապ խաղարկութեամբ Լիլի Միքայէլեանը արձանագրեց այն համոզումը, որ ուշագրաւ խոստում է հայ թատերաշարժանկարային արուեստի համար: Նա նաեւ շնորհալի ասմունքող է, ում ձայնագրած խօսուն գրքերի շարքը կարելի է գտնել՝ «grqaser.org/am» կայքէջում:
Բարձր գնահատանքի արժանի է «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրայ Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան թողարկած տեսաշարքը եւ որպէս հեռուստադիտող յուսով եմ, որ կը շարունակուի մեր հանճարեղ հեղինակների գործերը շարժանկարի կամ տեսաշարքի վերածելու գործընթացը, ինչը մշակութային իմաստով մեծ նշանակութիւն կունենայ հանրութեան, մասնաւորաբար գիրք չընթերցող եւ գրականութեամբ չհետաքրքրուող շրջանակների (որոնց թիւը հետզհետէ դժբախտաբար մեծանում է) գրական ճաշակը բարձրացնելու եւ մեր գրողների ստեղծագործութիւնները տարածելու գործում: «Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտուի ծովի անսահմանութիւնից, պիտի յանկարծ քո մէջ շօշափես յաւերժութեան ներկայութիւնը, պիտի յանձնուես տարերքին»,- գրել է Վարդգէս Պետրոսեանը: Աւա՜ղ, որ մեզանում շատերի մօտ բացակայում է այդ անսահմանութիւնից ստանալիք գլխապտոյտը:
Գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեանը իր հարցազրոյցներից մէկում անդրադառնալով «Վերջին ուսուցիչը» հեռուստաշարքին, ասել է, թէ հեռուստաշարքի ցուցադրութիւնից յետոյ մեծ վաճառք է ունեցել ո՛չ միայն Վարդգէս Պետրոսեանի յիշեալ գիրքը, այլ նաեւ՝ ֆրանսիացի գրող Անտուան Ֆրանսուա Պրէւոյի «Մանոն Լեսկօ» վէպը, որի մասին խօսւում է հեռուստաշարքում: Արդարեւ, կինօբեմադրիչ Հայկ Կբէեանի եւ բեմագիր Անահիտ Աղասարեանի համատեղ աշխատանքը արգասաւուել է նաեւ հայ գրքի տարածմամբ: Եւ դա շատ լաւ է:
Ես կը ցանկանայի համեստօրէն առաջարկել, որ ծաւալուեն նման ծրագրերը: Մենք ունենք հայ գրողների համաշխարհային ու համամարդկային արժէք ներկայացնող գրական-գեղարուեստական ստեղծագործութիւններ, որոնց լիարժէքօրէն դեռ ծանօթ չի համաշխարհային գրականութիւնը: Մեր թարգմանիչների, գրականագէտների, կինօբեմադրիչների, արուեստասէր շրջանակների, մի խօսքով, բոլորի՛ս, բոլորի՛ս պարտքն է տքնաջանօրէն աշխատել այդ ուղղութեամբ: Այդ աշխատանքը դարձնել Վարդգէս Պետրոսեանի խօսքերով՝ մեր կենսագործելի հեքիաթը, եւ մեր էութեան ինչ-որ մասով ապրել այդ հեքիաթով…: