Ազգային Վարժարանների Խնամակալ Մարմնի Ղեկավարութեամբ Ընթանում Են Կրթօջախների Վերաբացման Քննարկումները
ՎԱՐԵՑ՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Ազգային Վարժարանների Խնամակալ մարմինը, որ ստեղծուել է 30 տարի առաջ Ամերիկայի Արեւմտեան թեմի Ազգային վարչութեան կողմից՝ համակարգում է Սան Ֆրանսիսկոյից մինչեւ Օրենջ Քաունթի ու Լոս Անջելես ազգային 12 վարժարանների աշխատանքը, որտեղ կրթութիւն է ստանում 3050 աշակերտ: Կառոյցի անդամները բազմավաստակ մանկավարժներ են, իրաւաբաններ, ովքեր պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու փորձառութիւնը ներդնել` համադրելու եւ հետամուտ լինելու ազգային վարժարանների հայակերտման ու մարդակերտման ծրագրին: Խնամակալ մարմնի ատենապետ Լիզա Կապուտեանը «Ասպարէզ»ում ներկայացնում է, թէ ինչպէս են ազգային վարժարանները դիմակայել «Քորոնա» ժահրի առաջացրած արտակարգ դրութեան մարտահրաւէրներին, եւ թէ ինչպէ՞ս կը մեկնարկի ուսումնական նոր տարեշրջանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ._ «Քորոնա» ժահրի պատճառով անհրաժեշտութիւն առաջացաւ արագօրէն փոխակերպելու ուսուցման ձեւաչափն ու անցնելու առցանց հեռավար դասաւանդման: Ազգային վարժարաններին որքանո՞վ յաջողուեց դիմակայել այս մարտահրաւէրը:
ԼԻԶԱ ԿԱՊՈՒՏԵԱՆ._ Ազգային Վարժարանների Խնամակալ մարմինը Մարտի 13ին որոշում կայացրեց, որ ազգային բոլոր վարժարանների գործունէութիւնը աշակերտների ֆիզիկական յաճախելիութեան առումով դադարի, եւ անցում կատարուի հեռավար կրթութեան: Կարճ ժամանակում մեզ յաջողուեց պատրաստուել. որոշումից մէկ շաբաթ անց, բոլոր վարժարանները կարողացան անցնել հեռավար դասաւանդման: Դրան նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ մեր կրթօջախները տարիների ընթացքում մշտապէս հետեւել են արհեստագիտական զարգացումներին եւ թարմացուել են, եւ ուսուցողական որոշ ծրագրեր աշակերտների հետ արդէն իրականացւում էին առցանց: Մեր ուսուցիչները, երեք օրեայ վերապատրաստումներից յետոյ, անմիջապէս անցան աշխատանքի, եւ այս առումով կը ցանկանամ շնորհաւորել մեր մանկավարժներին, որ նման արագութեամբ եւ արդիւնաւէտօրէն կարողացան կազմակերպուել եւ վարժուել նոր պայմաններին՝ առցանց անցկացնելով նոյնիսկ երգի ու մարզանքի դասընթացներ: Անշուշտ, դասաժամերը նոյնը չեղան, քանզի անկարելի էր եւ տրամաբանական չէր, որ աշակերտները ժամեր անցկացնէին համակարգիչների առաջ, եւ տեւում էին ըստ տարիքի, համապատասխանաբար՝ օրական երկուսից չորս ժամ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ._ Այս շրջանում յատկապէս, անգնահատելի են կրթական ոլորտի աշխատակիցների ջանքերը: Այդուհանդերձ, արձանագրուեցին դէպքեր, երբ աշակերտները հեռացան ազգային վարժարաններից, եւ ծնողների հիմնական պատճառաբանութիւնն էր, որ չեն ցանկանում վճարել ուսման նոյն վարձը հեռավար ուսուցման պարագայում: Ինչպէ՞ս է արձագանքում Խնամակալ մարմինը նման դէպքերին:
ԼԻԶԱ ԿԱՊՈՒՏԵԱՆ._ Կային ծնողներ, ովքեր հարցնում էին, թէ ինչո՞ւ պէտք է վճարեն ուսման վարձն ամբողջութեամբ, եթէ ուսուցումն առցանց է: Մեր պատասխանն այն է, որ ազգային վարժարանների բիւջէն ձեւաւորւում է հիմնականում աշակերտների ուսման թոշակից, եւ ինչ որ մասով էլ՝ կրթօջախների կողմից տարուայ ընթացքում անցկացուող տարատեսակ դրամահաւաք ձեռնարկների արդիւնքում, որոնք այս տարի չեղեալ են յայտարարուել: Ուրեմն, դպրոցի միակ եկամուտն այս շրջանում մնում է թոշակը, քանի որ մեր դպրոցները պետութեան կողմից ֆինանսական աջակցութիւն չեն ստանում: Վարժարանների միւս ծախսերն էլ, ինչպէս օրինակ՝ էլեկտրականութեան ու մաքրութեան համար, քիչ տոկոս են կազմում, եւ ըստ այդմ, մեր ուսուցիչների աշխատավարձը ստացւում է աշակերտների ուսման թոշակից:
Միաժամանակ, մեր բոլոր դպրոցներն անխտիր, պատրաստ էին եւ պատրաստ են ընդառաջել ծնողներին, ովքեր ֆինանսական դժուարութիւններ ունեն: Մեր մօտեցումն այն է, որ ոչ մի աշակերտ դուրս չմնայ ազգային վարժարանից` ծնողի անվճարունակ լինելու պատճառով: Այսինքն, եթէ ծնողները մեզ դիմեն եւ ասեն, որ դժուարութեան առաջ են, բայց ցանկանում են, որ իրենց զաւակը շարունակի յաճախել ազգային վարժարան, դպրոցները պատրաստ են ծնողների հետ միասին իրավիճակից ելք գտնել: Այս նպատակի համար ստեղծել ենք «Աշակերտների Կրթանպաստ Ֆոնդ»: Յորդորում եմ մեր համայնքին՝ նեցուկ կանգնել ազգային վարժարաններին, եւ նուիրատուութիւններով նպաստել հայ մանուկների ու պատանիների հայեցի կրթութեանն ու դաստիարակութեանը: Նուիրատուութիւն կարելի է կատարել www.prelacyschools.org կայքում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ._ Դեռ վաղ է թերեւս այս հարցին անդրադառնալ, սակայն կարող էք մօտաւոր գնահատական տալ, թէ հեռավար կրթութիւնն ի՞նչ ազդեցութիւն է ունեցել աշակերտների առաջադիմութեան հարցում:
ԼԻԶԱ ԿԱՊՈՒՏԵԱՆ._ Հեռավար կրթութեան պարագայում, ամենամեծ խնդիրը, որ կարող էր առաջանալ, աշակերտների հոգեկան առողջութեան հարցն էր` պայմանաւորուած սոցիալական շփման բացակայութեամբ: Մեր վարժարանները ծնողներին դիմեցին նամակով, որ անհրաժեշտութեան դէպքում, վարժարանը պատրաստ է անվճար հոգեբան տրամադրել, սակայն դիմողներ չեղան: Քննութիւնների մասով ասեմ, որ ի տարբերութիւն հանրային դպրոցների, մեր վարժարաններն անցկացրեցին քննութիւններ եւ գնահատեցին աշակերտներին: Մենք ուսումը երբեք չդադարեցրինք, եւ փորձեցինք բնականոն շարունակել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ._ Ուսումնական տարեշրջանն այս տարի ե՞րբ է սկսուելու, եւ ուսուցման գործընթացն ինչպէ՞ս է տեղի ունենալու:
ԼԻԶԱ ԿԱՊՈՒՏԵԱՆ._ Դասաւանդումը պէտք է սկսուի Օգոստոսի 18ին, ինչպէս Լոս Անջելեսի բոլոր դպրոցներում: Կալիֆորնիայի կրթութեան վարչութեան կողմից օրեր առաջ մեզ տրուեց ուղեցոյց, որտեղ տարբեր առաջարկներ են ներկայացուած, թէ ինչպէս պէտք է վերսկսել ուսուցումը, ներառեալ` վերաբացել դպրոցները: Սցենարներից ոչ մէկը միանշանակ չէ: Նշեմ տարբերակներից մի քանիսը, որոնցից մէկով, օրինակ, նախատեսւում է, որ աշակերտները ֆիզիկապէս յաճախեն դպրոց շաբաթուայ երկու օրերին, իսկ միւս օրերին ուսուցումը կը լինի հեռավար: Առաջարկւում է նաեւ մէկ շաբաթ յաճախել դպրոց, միւս շաբաթը` ոչ: Նշուած բոլոր տարբերակներում պահանջւում է խստօրէն հետեւել Լոս Անջելեսի վարչաշրջանի առողջապահական վարչութեան ցուցումներին: Դրանք նախատեսում են, որ դասարաններում աշակերտներն ու ուսուցիչները պէտք է պահպանեն միմեանցից վեց ոտնաչափ հեռաւորութիւն, այսինքն, դասարանում չես կարող ունենալ տասից աւելի աշակերտ, որ պէտք է լինեն մէկ ուսուցչի հետ, այն դէպքում, երբ դասարաններում ունենք առնուազն քսանհինգ հոգի: Այստեղ առաջ է գալիս դասարանների, ուսուցիչների քանակի հարց: Կամ օրինակ, փոքրիկները պէտք է կրեն դիմակներ, ինչը դժուար է պատկերացնել երկար ժամանակով: Միաժամանակ, պէտք է հոգ տարուի նաեւ մաքրութեան հարցով՝ դասարանները, պէտքարանները պէտք է անընդհատ ախտահանուեն:
Ճիշտ է, ծնողները անհամբեր են, որ երեխաները ֆիզիկապէս դպրոց յաճախեն, սակայն մենք պէտք է գտնենք շատ խնդիրների լուծում, որպէսզի կարողանանք դպրոցներն ապահով վերաբացել: Օրինակ, մենք կարծում ենք, որ մինչեւ հինգ տարեկան երեխաները պէտք է շաբաթը մի քանի անգամ ուսուցչին տեսնեն, որովհետեւ նրանք չեն կարող երկար ժամանակ համակարգչի առաջ անցկացնել` սովորելու համար այբուբենը: Բայց բարձր դասարանների դէպքում կարող է աշխատել հեռավար ուսուցման տարբերակը: Ցանկանում եմ տեղեկացնել մեր ծնողներին, որ ներկայումս աշխուրժօրէն զբաղւում ենք առցանց ուսուցումը կատարելագործելու գործով:
Մենք ծանօթացել ենք կրթութեան ուղեցոյցին, եւ վարժարանների տնօրէնների հետ ժողովի ընթացքում քննարկել: Իւրաքանչիւր դպրոց, պէտք է ընտրի փաստաթղթում ներկայացուած իրեն ամէնից յարմար տարբերակը՝ պայմանաւորուած շէնքի ֆիզիկական եւ այլ հնարաւորութիւններով: Կարծում եմ, երկու շաբաթուայ ընթացքում որոշումներ կ՛ընդունենք՝ հաշուի առնելով նաեւ, որ ընթացքն անկախատեսելի է, եւ մենք անպայման պէտք է ամէն պահի աչքի առաջ ունենանք մեր ուսուցիչների եւ աշակերտների առողջութեան հարցը: Ծնողներն էլ պէտք է պատրաստ լինեն, որ վերաբացուելու դէպքում, ամէն պահի կարող ենք նորից փակել դպրոցները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ._ Ինչպէ՞ս է ընթանում ընդունելութիւնը: Աշխատանքներ տարւու՞մ են այս ուղղութեամբ:
ԼԻԶԱ ԿԱՊՈՒՏԵԱՆ._ Ունենք նոր դիմորդներ, եւ արձանագրման աշխատանքները շատ լաւ ընթացքի մէջ են: Միաժամանակ, սկսել ենք մեր վարժարաններին ծանօթացնող շարք, որի շրջանակներում պատրաստում ենք տեսանիւթեր, որտեղ խօսում ենք մեր կրթօջախների առաքելութեան մասին: Այն մասին, որ ազգային վարժարանները թէ՛ կրթական տեսակէտից ապահովում են լաւագոյն արդիւնքներ, նաեւ աշակերտի մօտ ձեւաւորում են ազգային գիտակցութիւն, եւ մեր պատանիներն աւարտում են՝ լաւատեղեակ իրենց ինքնութեան, հայկական հարցերի մասին, եւ թէ ինչ պատասխանատուութիւն են կրում Սփիւռքում եւ հայրենիքում:
Մեր տեսանիւթերում ներկայացնում ենք նաեւ սերունդների, ազգային վարժարանների առաքելութեանը հաւատացող մարդկանց, ովքեր կռնակ են եղել այս դպրոցներին, որտեղից դուրս են եկել համայնքի առաջնորդներ, ինչպէս օրինակ, մեր դպրոցների ներկայի երեք տնօրէնները, որոնք աւարտել են մեր վարժարանները, եւ վերադարձել են՝ շարունակելու աւանդոյթները:
Այս պահին ակնկալում ենք մեր համայնքի աջակցութիւնը՝ միասնաբար յաղթահարելու տնտեսական ճգնաժամն ու մեր երեխաներին հնարաւորութիւն տալու շարունակել հայեցի կրթութիւնը: Վստահ եղէք, որ ձեր նուիրատուութիւնները «Աշակերտների Կրթանպաստ Ֆոնդ»ին անմիջականօրէն կը նպաստեն մեր աշակերտների կրթական կարիքներին: Այսօր զօրակոչի ենք ենթարկում մեր բարոյական եւ նիւթական բոլոր հնարաւորութիւնները՝ պահպանելու համար Հայ Սփիւռքի ողնահարը համարուող Ազգային վարժարանն ու Հայ Ազգի ապագան` հայ աշակերտը: