ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Քարվաճառցի 23ամեայ Արման Մելիքեանը մեղուապահութեամբ հետաքրքրւում է արդէն 6 տարի, զբաղւում մեղուապահութեամբ` 3 տարի:
«Սկսել եմ մէկ փեթակից, այսօր ունեմ 13 փեթակ, այս երեք տարիների ընթացքում աւելացրել եմ փեթակների թիւը», ասում է երիտասարդ մեղուապահը:
Քարվաճառում մեղուապահութիւնը գիւղատնտեսութեան զարգացող ճիւղերից է: Մեղուապահութեամբ զբաղւում են ինչպէս Քարվաճառում, այնպէս էլ` Շահումեանի շրջանի գրեթէ բոլոր համայնքներում, փեթակներն այստեղ են տեղափոխում նաեւ հարեւան շրջաններից, հիմնականում` Հայաստանի Հանրապետութեան Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից: Ըստ Շահումեանի շրջանի վարչակազմի գիւղատնտեսութեան եւ հողօգտագործման բաժնի տրամադրած տուեալների` 2019 թուականին հաշւուել է 2650 փեթակ, իսկ 2020 թուականին այդ թիւը հասել է 2710ի:
Շրջանի աշխարհագրութիւնն ու գօտիականութիւնը բնակլիմայական պայմաններով ու բուսականութեամբ այն առաւել յարմար են դարձնում մեղուապահութեան համար:
Մեղուներն այստեղ նեկտար են բերում հիմնականում լորենու ծաղիներից:
«Ամենապահանջուած` լորենու մեղրը, հէնց Քարվաճառի մեղրն է», ասում է Արման Մելիքեանը:
Ըստ գիւղատնտեսութեան բաժնի տուեալների` 2019 թուականին իւրաքանչիւր փեթակից շրջանում ստացուել է միջինը 13 կգ. բերք, ընդհանուր բերքը կազմել է 30.350 կգ. մեղր, ինչն իր հերթին 12.150 կգ.ով քիչ է 2018 թուականի արդիւնքներից:
Այս տարի բերքատուութեան վերաբերեալ կանխատեսումները լաւատեսական չեն. մեղուապահը մէկ փեթակից առաւելագոյնը 6-7 կգ մեղր քամելու յոյս ունի: «Մեղրաքամն այս օրերին արդէն սովորաբար աւարտած էինք լինում, այս տարի Քարվաճառում դեռ շատ քիչ մեղուապահներ են մեղրաքամ արել, դեռ շատերս սպասում ենք»:
Քիչ բերքի պատճառն անբարենպաստ եղանակն էր. մեղուապահների ձեւակերպմամբ` այն օրերին, երբ անձրեւ էր պէտք, երաշտ էր, իսկ երբ պիտի մեղուները բերք հաւաքէին, սկսեցին անձրեւները:
«Այս տարի նորմայից շատ քիչ է մեղրը», ընդգծում է Արման Մելիքեանը:
Չնայած այս տարուայ դժուարութիւններին` երիտասարդ մեղուապահը վստահ է` իւրաքանչիւր տարի աւելացնելու է փեթակների թիւը:
«Փեթակների թիւը միանշանակ աւելացնելու եմ, փորձելու եմ ընդլայնել նաեւ վաճառքի աշխարհագրութիւնը` օգտագործելով համացանցը», նշում է մեր զրուցակիցը:
Նշենք, որ Քարվաճառի մեղրն աւելի ճանաչելի եւ սպառողների աւելի լայն շրջանակին այն հասանելի դարձնելու նպատակով նախորդ տարուանից շրջանի վարչակազմի նախաձեռնութեամբ Քարվաճառում կազմակերպւում է Մեղրի փառատօն: Նախորդ տարի փառատօնը կազմակերպուել է սեպտեմբեր ամսին, այս տարի, սակայն, համավարակով պայմանաւորուած սահմանափակումների պատճառով առկախուած է նաեւ այս միջոցառումը:
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից