ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Իրանը շարունակում է մեծացնել իր զինուժի եւ սպառազինութեան ծաւալը հիւսիսային սահմանին՝ Արցախին ու Ադրբեջանին հարող սահմանագօտում: Իրանը տեղակայում է յարձակողական ստորաբաժանումներ, զրահատեխնիկայ եւ ՀՕՊ համակարգեր: Աւելի վաղ տարածուած տեղեկութիւնները յայտնում էին, որ կուտակումն իրականացւում է նաեւ Նախիջեւանի սահմանի հատուածում:
Մէկ նպատակ յայտարարուել է՝ Իրանը թոյլ չի տայ աշխարհքաղաքական սահմանների փոփոխութիւն, թերեւս նկատի ունենալով Հայաստանի հետ սահմանը, եթէ Թուրքիան փորձի կտրել հայ-իրանական կապն ու կապ ստեղծել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ:
Միւս կողմից, այդ սպառնալիքը գնահատել է նաեւ Երեւանը եւ 1997 թ. պայմանագրի համաձայն դիմել Ռուսաստանին: Ըստ այդմ, հիւսիսային սահմանին Թեհրանի սպառազինութեան ու զինուժի մեծ կուտակումն ունի թերեւս մի շարք այլ պատճառներ: Հազիւ թէ այդ շարքում լինի սեփական տարածքն այսպէս ասած պատահական հրթիռներից պաշտպանելը: Յամենայն դէպս, այդ ծաւալի կուտակումը վկայում է, որ Իրանը պատրաստւում է հարուածի:
Հարցն այն է՝ հարուած ընդունելու՞, թէ՞ հարուած հասցնելու: Այսինքն, ո՞ր ուղղութեամբ է լինելու հարուածը:
Թեհրանը յայտարարել է, որ չի հանդուրժի իր հիւսիսային սահմանին ահաբեկչական կուտակումներ: Չնայած այդ յայտարարութեանը, դրանք կան եւ աւելանում են: Անկարան եւ Բաքուն անտեսում են զգուշացումները:
Իհարկէ գրեթէ աներեւակայելի է թւում, որ Թեհրանը հարուած հասցնի Ադրբեջանի տարածքում գտնուող ահաբեկիչների: Միւս կողմից, սակայն, նշանակո՞ւմ է դա արդեօք, որ Իրանը համակերպուելու է իր հիւսիսային սահմանին դրանց գոյութեանը:
Ի վերջոյ, կասկած չկայ, որ Թուրքիան աւելացնելու է դրանց ծաւալը, ընդ որում ոչ միայն ռազմական անմիջական խնդիրների համար: Անկարան հնարաւոր է փորձելու է շիա Ադրբեջանում ձեւաւորել սուննի որոշակի ռազմականացուած ներկայութիւն, նաեւ Իրանի ազդեցութիւնը չէզոքացնելու համար:
Ռուսական ուժային բլոկի (հատուածի-Խմբ.) հետ առնչութիւն ունեցող «Տելեգրամ» ալիքներից մէկը օրերս տարածեց տեղեկութիւն ադրբեջանական բանակի շիա գեներալների (զօրավարներու-Խմբ.) շրջանում թուրք հրամանատարական կազմի դէմ հասունացող ընդվզման վերաբերեալ: Ըստ տեղեկութեան, այդ գեներալները դժգոհ են, որ սուննի Թուրքիան իրենցից վերցրել է բանակի կառավարումը:
Այդ իմաստով, Իրանի համար սպառնալիքներն ընդլայնւում են ներքին ու արտաքին առումներով:
«ԼՐԱԳԻՐ»