ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորեան ԱՊՀ անդամ երկիրներու կառավարութիւններու ղեկավարներու խորհուրդի նիստին վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահութիւնն է:
Փոխվարչապետը նշեց, որ Արցախի վրայ սանձազերծուած պատերազմին Ատրպէյճան կը հրթիռակոծէ եւ կը ռմբակոծէ Արցախի բոլոր քաղաքացիական բնակավայրերը, որոնց կարգին՝ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ մեծութեամբ երկրորդ քաղաք Շուշին, քաղաքացիական ենթակառուցուածքները, բժշկական հաստատութիւնները, դպրոցները, մանկապարտէզները, կրթաշմակութային եւ կրօնական յուշարձանները:
«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, բազմաթիւ երկրների ղեկավարների ու միջազգայն հեղինակաւոր կազմակերպութիւնների կոչերին, Ադրբեջանը բազմաթիւ անգամ խախտել է եւ շարունակում է խախտել կրակի դադարեցման վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները», յայտնեց ան:
Մհեր Գրիգորեան նիստին ընթացքին Թուրքիոյ ռազմա-քաղաքական ղեկավարութեան աջակցութիւնը վայելող Ատրպէյճանը մեղադրեց Լեռնային Ղարաբաղի մէջ ռազմական յանցագործութիւններ գործելու մէջ:
«Այս պահի դրութեամբ շարունակւում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան (յարձակումը), ընդ որում ագրեսիան իրականացւում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցութեամբ եւ Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրաւմամբ: Ադրբեջանական կողմից կռուողները կիրառում են ահաբեկչական խմբաւորումների մեթոդները, այնպիսիք, ինչպիսիք են տանջանքները, գնդակահարութիւններն ու ռազմագերիների գլխատումները, զոհուածների մարմինների նկատմամբ ոտնձգութիւնները: Ադրբեջանի ղեկավարութեան խղճին մի շարք ռազմական յանցագործութիւններ են», ըսաւ Գրիգորեան: