Հայրենիքում ստեղծուած քաղաքական զարգացումները ցաւալի կացութեան առջեւ են կանգնեցրել բոլորիս: Ցաւն ապրում ենք ազգովի՝ թէ՛ հայրենիքում, թէ՛ Սփիւռքում: Դառը իրականութիւնը աւելի է ալեկոծել մեր ժողովրդի կեանքի ընթացքը, որը տեւական ժամանակ արդէն խաթարուած էր թշնամու սանձազերծած պատերազմի պատճառով: Ուշի ուշով հետեւում ենք հայրենիքում ընթացող զարգացումներին, ուր հարկի եւ անհարկի գործերն ու խօսքերը, դժբախտաբար, հեռու են համազգային նպատակներ հետապնդող քայլերից: Ոստի, Արեւմտեան թեմի առաջնորդութիւնը, հոգեւոր դասը եւ պատկան մարմինները կոչով դիմում են ձեզ՝ բոլորիս հրաւիրելով ողջախոհութեան, միասնականութեան եւ համերաշխութեան: Այո՛, այսօր, առաւել քան երբեւէ, մեր միասնականութիւնն ու համերաշխութիւնը, ազգային երազների իրականացման համար մէկտեղուած մեր ջանքերը միայն կարող են առաջնորդել մեզ դէպի նոր ապագայ՝ սերունդներին պարգեւելով խաղաղ եւ ապահով հայրենիք: Յիշենք. վեցշաբաթեայ պատերազմի ընթացքում մեր միասնութեան մասին, ինչի շնորհիւ կարողացանք տարբեր ճակատներում «կռուել» եւ օգտակար լինել հայրենիքին թէ՛ նիւթապէս, թէ՛ բարոյապէս:
Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր, պիտի գիտակցենք, որ պատերազմը բնաւ էլ չի աւարտուել: Ունենք այսօր նոր մարտահրաւէր, որի դէմ պիտի պայքարենք մեր միասնականութեամբ եւ համերաշխութեամբ, որպէսզի կարողանանք, մեր ուժերի չափով, սատարել մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:
Մենք շարունակելու ենք աղօթել եւ խնկարկել մեր քաջարի նակայատակ զաւակների հոգիների խաղաղութեան համար: Մեր գութն ու կարեկցանքը գործի վերածելով՝ ձեռք պիտի մեկնենք նրանց ընտանիքներին` սփոփելով նրանց ցաւն ու վիշտը: Խոնարհւում ենք այն բոլոր զինուորների առջեւ, որոնք անկոտրուն հաւատքով մինչեւ վերջ կռուեցին` յաղթելով մահը, եւ ապրելով անմահութեան մէջ: Նրանք մեր պատմութիւնը զարդարեցին հերոսական նոր էջերով:
Իւրաքանչիւրիս պարտքն է ուշադրութեան կենտրոնում պահել նաեւ մեր վիրաւոր զինուորներին. դաժան պատերազմը նրանցից շատերին դարձրել է հաշմանդամներ, ինչը ենթադրում է վիրաբուժական բարդ միջամտութիւններ եւ երկարատեւ բուժման ընթացք: Մենք պարտաւո՛ր ենք օգնել իրենց կեանքը յանուն մեզ զոհասեղանին դրած հերոս տղաներին:
Սիրելիներ, եւս մէկ անգամ, կոչով դիմում ենք ձեզ, համախմբուել եւ միաբանուել մեր հայրենիքի ապագան կերտող ազգօգուտ աշխատանքների շուրջ: Զերծ մնանք անհարկի շահարկումներից, որոնք խաթարելու եւ շեղելու են մեզ դարաւոր մեր արժէքներից եւ մեր երազներից: Ձեռք ձեռքի տուած ընթանանք դէպի այսօրուայ հայրենիքի հզօրացման եւ կայունացման սրբազան առաքելութեանը: Մենք վստահում եւ ապաւինում ենք մեր ժողովրդի ողջախոհ մտքին եւ նրանից ծնուած ազգօգուտ ծրագրերի հաւաքական յաջողութեանը:
Ի Դիմաց Թեմական Խորհրդի եւ Հոգեւոր Դասի՝
Մնամք Աղօթարար
Յովնան Արք. Տէրտէրեան
Առաջնորդ Արեւմտեան Թեմի