ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Սիւնիքի մարզի որեւէ գիւղ Ատրպէյճանին յանձնելու հարց չի քննարկուիր։ Այս մասին «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է Սիւնիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայեան:
«Այս պահի դրութեամբ Սիւնիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարւում, Սիւնիքի մարզից որեւէ գիւղ յանձնելու հարց չի քննարկւում, Կապանի օդանաւակայանը գտնւում է եւ կը մնայ Կապան համայնքի տարածքում», նշեց ան:
Կապանի համայնքապետարանը դիտել տուաւ, որ Սիւնիքի մարզի Կապան համայնքի տարածքին սահմանազատման աշխատանքներ չեն կատարուիր: «Այսօր «Իմ Քայլը» խմբակցութեան պատգամաւոր Կարէն Համբարձումեանի կողմից լրատուականներին տուած հարցազրոյցում, թէ իբր մեր եւ ադրբեջանական զօրքերը սահմանը գծելով գալիս եւ հասել են Կապան համայնքի տակ` յայտնում ենք, որ տեղեկատուութիւնը իրականութեանը չի համապատասխանում: Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացւում», փոխանցեց Կապանի համայնքապետարանը։