ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Ազատամարտիկներու զանազան միութիւններ՝ ՀՅԴ Ազատամարտիկներու յանձնախումբը, «Կամաւորական շարժում» կազմակերպութիւնը, «Ղարաբաղեան պատերազմի վետերանների միութիւն»ը, «Ազատամարտիկ» եւ «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպութիւնները հրապարակեցին յայտարարութիւն մը՝ հաստատելով, թէ պիտի չարտօնեն, որ 19 Դեկտեմբերին` կէսօրուան ժամը 1ին, Հայաստանի Հանրապետութեան դաւաճան վարչապետը Եռաբլուր այցելէ:
«Եռաբլուրը մեր զոհուած հայորդիների ընտանիքների եւ մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդէն 30 տարի` ամէն շաբաթ, ամէն օր: Դաւաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից աւտոբուսներով մարդ է հաւաքում, որ միայնակ չմնայ իր շքախմբի հետ:
«Դաւաճա՛ն, երկիր ծախած, զինուորի եւ կամաւորականի արիւնը պղծած, հազարաւոր զոհերի դիակները մինչեւ հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրաւունք չունի մտնելու սրբավայր», կ՛ըսուի վերոնշեալ յայտարարութեան մէջ։
Ազատամարտիկները կոչ ուղղեցին բոլորին՝ արգիլելու այդ դաւաճանին մուտքը Եռաբլուր։
«Մենք խոնարհւում ենք բոլոր զոհուածների եւ նրանց ծնողների առջեւ: Խոստանում ենք վառ պահել նրանց յաւերժ յիշատակը` շարունակելով հայրենիքի պաշտպանութեան` նրանց կիսատ թողած սրբազան գործը: Ազատամարտիկները վաղը` ժամը 1ին, հաւաքւում են Եռաբլուրում` եկեղեցու հարեւանութեամբ», կ՛եզրափակէ յայտարարութիւնը։