Հայաստան համահայկական հիմնադրամը Արցախից տեղահանուած եւ զինծառայողների երեխաների համար կազմակերպել է՝ «Մէկ օր հրաշքի մէջ» խորագրով ամանորեայ թատերական միջոցառումների շարք:
Ծրագիրը մեկնարկեց Դեկտեմբերի 30ին, Երեւանի Յովհաննէս Թումանեանի անուան պետական Տիկնիկային թատրոնում կայացած առաջին ներկայացումով, որին մասնակցում էին այս պահին Երեւանում եւ յարակից շրջաններում բնակուող արցախցի շուրջ 300 երեխայ:
Տիկնիկային թատրոնի բեմադրիչ եւ միջոցառման համակազմակերպիչներից Սամսոն Մովսիսեանը նշեց, որ շուրջ 600 երեխայ կը հիւրընկալուի Տիկնիկային թատրոնում, իսկ ամանորեայ հրաշքը նաեւ մարզերի երեխաներին հասցնելու նպատակով Հիմնադրամը կազմակերպելու է թատերախմբի աւելի քան 12 այց Հայաստանի մարզերում, տարբեր քաղաքներում ապաստանած երեխաների համար։
«Մեզ համար շատ կարեւոր է, որ ցանկացած իրավիճակում փոքրիկները չկորցնեն իրենց հաւատը եւ վստահ լինեն, որ ամանորեայ հրաշքներ լինում են: Մեր նպատակն է, որպէսզի որքան հնարաւոր է շատ երեխաներ մասնակից լինեն այս հրաշքին, այցելենք շատ մարզեր ու համայնքներ, եւ երեխաները, իսկապէս, իրենց զգան ինչպէս մէկ օր հաշքի մէջ», յաւելեց Սամսոն Մովսիսեանը:
Նշենք, որ Հայաստան Համահայկական հիմնադրամը հոգում է ինչպէս դէպի Երեւան, այնպէս էլ դէպի մարզեր տրանսպորտային փոխադրումը:
Միջոցառման մասնակից, Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքից Անոյշ Խանեանը միջոցառմանը եկել էր ընտանիքի՝ 2ամեայ տղայի եւ ամուսնու հետ, որ նշեց. «Անչափ շնորհակալ ենք, որ այս դժուարին օրերին փորձում են մեզ շեղել մեր առօրեայ հոգսերից, եւ որ ամենակարեւորն է ջանք չեն խնայում նմանատիպ միջոցառումներով յատկապէս մեր երեխաներին ուրախացնելու, անակնկալներ մատուցելու եւ հրաշքին հաւատալ օգնելու համար»:
Բացի ներկայացումներից՝ երեխաներին սպասւում էին նաեւ անակնկալներ, հիւրասիրութիւն, մուլտհերոսների, հեքիաթային կերպարների այց: Ներկայացումից յետոյ բոլոր երեխաներն անձամբ Ձմեռ պապից, Ձիւնանուշից եւ Էլֆերից ստացան իրենց նուէրները, որոնց մասին գրել եւ խնդրել էին Ձմեռ պապին ուղղարկուած նամակներում:
«Շատ հաւանեցինք ներկայացումը։ Ես Ձմեռ Պապիկին նամակ էի գրել եւ տիկնիկ խնդրել. շատ ուրախ եմ, որ երազանքս կատարուեց ու հէնց Ձմեռ Պապից ստացայ իմ նուէրը», պատմեց մարտունեցի Յովսէփեան Վիկտորեան:
Մինչեւ Յունուարի 20ն արցախցի, Հայաստանի եւ Արցախի զինծառայողների 1000ից աւելի երեխայ կը մասնակցի «Մէկ օր հրաշքի մէջ» ծրագրին: Երեխաներին ժպիտ պարգեւելը տօն է բոլորի համար, քանի որ հէնց այդ ժպիտն է վաղուայ լուսաւոր օրուայ յոյսը:
(Թղթակցութիւնը՝ հիմնադրամէն)