«Մեր Աշխատանքների, Սկզբունքների Մէջ Որեւէ Բան Չի Փոխուել»
ԵՐԵՒԱՆ.- «Հրապարակ»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին «Հայրենիքի փրկութեան շարժում»ի համակարգող, ՀՅԴ Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեան խօսեցաւ շարժման յառաջիկայ ծրագիրներուն մասին, մանաւանդ որ կայ այնպիսի տպաւորութիւն, որ կրաւորական մօտեցումը տիրական դարձած է։ Ան հաստատեց, որ տարբեր ձեւով բողոքի արտայայտութիւնները պիտի շարունակուին։
«ՀՐԱՊԱՐԱԿ».- Այնպիսի տպաւորութիւն է, որ Փաշինեանի յատկապէս Մոսկուա այցից յետոյ ընդդիմութեան շրջանում պասիւութիւն է: Կա՞յ նման բան, գուցէ քննարկում էք մարտավարութիւն փոխելո՞ւ հարցը:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Մեր գործողութիւնները, քայլերը պայմանաւորուած չեն վարչապետի աթոռին կառչած անձի այցելութիւններով: Մենք երկու ամիս առաջ ենք յայտարարել, որ էս մարդու ամէն օր աւել իշխանութեան մնալը կործանարար է մեր երկրի համար, եւ անցնող ժամանակահատուածում էդ ուղղութեամբ ձեռնարկել եւ իրականացրել ենք բազամաթիւ քայլեր ու գործողութիւններ: Հիմա եւս ամէն ինչ պլանաւորում ենք (կը ծրագրենք-Խմբ.), եւ մեր աշխատանքների, սկզբունքների մէջ որեւէ բան չի փոխուել:
«ՀՐԱՊԱՐԱԿ».- Այն, որ հանրահաւաքներ եւ ակցիաներ չկան, պայմանաւորուած է եղանակո՞վ, ցրտերի հե՞տ է կապուած:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Տարբեր ուղղութիւններով շարունակուելու են մեր գործողութիւնները: Սկսած իրաւական ճանապարհից, վերջացրած բողոքի ցոյցեր, հանրահաւաքներ, երթեր: Նաեւ ասեմ, որ ծրագրում ներառուած են մարզային այցելութիւններ: Առաջիկայ օրերին լինելու ենք Գիւմրիում, Վանաձորում, Սիւնիքում ու Հայաստանի տարբեր մարզերում:
«ՀՐԱՊԱՐԱԿ».- Պարզապէս սկզբում ընդդիմութեան հանրահաւաքներն ամէնօրեայ էին:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Այս վերջին տասն օրերի, այսպէս ասած` պայմանական դադարը պայմանաւորուած էր աշխատանքները վերակազմակերպելու, երկրում ընդհանուր այս ոչ աշխատանքային վիճակով, եւ գտնում էինք, որ մի շարք միջոցառումներ բարձր արդիւնաւէտութիւն չեն ունենայ: Դրանով պայմանաւորուած` փողոցային ակցիաները համեմատաբար քիչ էին այս օրերի ընթացքում: Առաջիկայում շատ ակտիւ, վճռական, աննահանջ շարունակուելու են մեր գործողութիւնները:
«ՀՐԱՊԱՐԱԿ».- Շարժման անդամ կուսակցութիւնները միմեանց հետ ինչ-որ տարաձայնութիւննե՞ր ունեն: Նախքան Փաշինեանի Մոսկուայ մեկնելը Հրանտ Բագրատեանը, օրինակ, առաջարկում էր` 1000 հոգի գնան Ազգային ժողով, 1000ը` կառավարութեան մօտ, օղակեն եւ այլն: Չեղաւ: Կա՞ն զուտ մարտավարական խնդիրների ու քայլերի հետ կապուած տարաձայնութիւններ:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Տարաձայնութիւններ` չեմ կարծում, գոնէ ես ծանօթ չեմ դրանց: Իւրաքանչիւրն իրաւունք ունի ունենալ իր տեսակէտը, առաջարկը, մօտեցումը, դա շատ բնական ու նորմալ է, եւ շարժման խորհրդի շատ ուժեր կարող են իրարից տարբերուող առաջարկներ ունենալ: Բայց վերջում արւում է այն, ինչ որոշւում է բոլորի կողմից:
«ՀՐԱՊԱՐԱԿ».- Մինչեւ Փաշինեանի Մոսկուա մեկնելը մտահոգութիւններ կային, որ կը գնայ, կը ստորագրի կամ բանաւոր կը պայմանաւորուի Հայաստանի տարածքային ամբողջականութեան հաշուին: Տեսանք, լսեցինք այդ եռակողմ յայտարարութիւնը. Ձեզ յայտնի՞ է, որ այլ խոստումներ են տրուել, այլ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Հասել ենք այն կէտին, որ այդ դաւաճանը եթէ մի տեղ հանդիպման է գնում ու փաստաթղթով մեր հայրենիքից ինչ-որ մի մաս չի զիջում, արդէն պէտք է համարենք ձեռքբերում: Այսինքն` ողջ քարոզչութիւնն ուղղուած է դրան? տեսա՞ք` էս անգամ թուղթ ու գրիչով տարածք չտուեց… Նախ, ես չգիտեմ` ինքն ինչ բանաւոր պայմանաւորուածութիւններ է ունեցել, որովհետեւ շատ տարածքներ յանձնուել են նաեւ, կոնկրէտ Զանգելանի ու Կուբաթլիի դիրքերը` բանաւոր պայմանաւորուածութեամբ: Եթէ կարճ ձեւակերպեմ` էս մարդուց որեւէ դրական արդիւնքի յոյս ունենալը, մեղմ ասած, անհեռատեսութիւն է:
«ՀՐԱՊԱՐԱԿ».- Մոսկուայում կոմունիկացիաների, ճանապարհների հետ կապուած ինչ-որ մեծամասշտաբ ծրագրերի մասին բարձրաձայնուեց տարածաշրջանային կոմունիկացիաներն (հաղորդակցութիւնները ապաշրջափակւում են, սկսւում է տնտեսական մեծ համագործակցութիւն:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Հայաստանը Մոսկուայում երկու առաջնահերթ խնդիր ունէր` գերիների ու Արցախի կարգավիճակի հարցը: Երկու ուղղութեամբ էլ այս պահին ունենք զրօ արդիւնք: Մնացածն Ադրբեջանի օրակարգն էր, որը ստորագրել է էդ մարդը: Իսկ ինչ վերաբերում է, որ սա տնտեսական նոր հեռանկարներ է բացում Հայաստանի առաջ, ապա հերթական անգամ ժողովրդին մոլորեցնելու, կեղծելու, ստելու քաղաքականութիւն է: Այսինքն` էս մարդու գործունէութեան արդիւնքում մտածել տնտեսական նոր հորիզոնների մասին, լուրջ չէ: Եթէ ամփոփեմ` մեր օրակարգն Ալիեւի հետ հանդիպման ժամանակ չի բաւարարուել, ու ունենք զրոյ արդիւնք:
«ՀՐԱՊԱՐԱԿ».- Ռուսական քաղաքական էլիտայի հետ լաւ յարաբերութիւններ ունէք, բայց չունէ՞ք տպաւորութիւն, որ Ռուսաստանում Նիկոլ Փաշինեանին կարծես թէ էլի մնալու քարտ-բլանշ տրուեց: Միմեանց հետ ծրագրեր են կազմում:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Չեմ կարծում, որ այս անվստահելի, անկայուն եւ ժողովրդի կողմից չընդունուող մարդու հետ որեւէ երկրի ղեկավարութիւն կարող է լուրջ յոյսեր կապել կամ երկարատեւ ռազմավարական ծրագրեր իրականացնել: