
Գլենդեյլ․– Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Կալիֆորնիայի նահանգային Ծերակոյտի անդամ Անդրէաս Բորջեսի հետ: Ողջունելով հանդիպման նախաձեռնութիւնը` Բորջասը նշեց Հայաստանի, Արցախի եւ կալիֆորնիահայ համայնքի հետ իր ջերմ յարաբերութիւնների մասին: Ծերակուտականն ընդգծեց, որ մշտապէս համագործակցել է նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան եւ Ֆրեզնոյում պատուոյ հիւպատոսի գրասենեակի հետ` այդպիսով աշխուժ պահելով կապը թէ՛ Հայաստանի, թէ հայ համայնքի հետ:
Դեսպան Բայբուրդեանը երախտագիտութիւն յայտնեց Բորջեսին՝ հայութեանը յուզող օրակարգային հարցերին շարունակական աջակցութեան եւ համագործակցութեանն ուղղուած ջանքերի համար: Նա նաեւ իր գնահատանքը յայտնեց ծերակուտականին նախկին պաշտօններում նոյնպէս հայանպաստ կեցուածքի համար:

Զրուցակիցներն անդրադարձան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, խօսեցին պատերազմի հետեւանքների, մարդասիրական ճգնաժամի եւ պատերազմի պատճառով տեղահանուած արցախցիների խնդիրների մասին: Նրանք նաեւ կարեւորեցին հայ ռազմագերիների անյապաղ ազատ արձակումը` իբրեւ օրակարգային կարեւորագոյն հարց:
Բորջեսն ասաց, որ բազմաթիւ այցեր է կատարել Հայաստան եւ Արցախ եւ նշեց, որ առաջիկայում նոյնպէս կը ցանկանար այցելել:
Զրուցակիցները պայմանաւորուեցին յաջորդ հանդիպումը կազմակերպել Ֆրեզնոյում, որը գտնւում է Բորջեսի ընտրաշրջանում: Բայբուրդեանը նշեց, որ կալիֆորնիահայութեան ակունքները գնում են դէպի Ֆրեզնօ, որտեղ առաջին հայերը հաստատուել են դեռեւս 19րդ դարի վերջին:
Բորջեսը Հանրապետական կուսակցութեան անդամ է եւ հանդիսանում է Կալիֆորնիայի Ծերակոյտի Գիւղատնտեսական յանձնաժողովի նախագահը, Դատական յանձնախմբի փոխնախագահը, ինչպէս նաեւ անդամակցում է Ուժանիւթի եւ հաղորդակցութեան հարցերով, Կառավարական կազմակերպութեան, Ապահովագրութեան, Բնական եւ ջրային պաշարների յանձնաժողովներին: Բորջեսը Կալիֆորնիայի հայկական օրէնդրական խմբակցութեան անդամ է, ինչպէս նաեւ անդամակցում է Կալիֆորնիա-Հայաստան եւ Արցախ համատեղ առեւտրի, արուեստի եւ մշակութային փոխանակման յատուկ յանձնախմբին: Բորջեսը յայտնի է Կալիֆորնիայի հայկական եւ յունական համայնքների հետ սերտ գործակցութեամբ: Իր քաղաքական գործունէութեան ընթացքում մշտապէս հանդէս է եկել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դիրքերից:
Բորջեսը 2008ին ընտրուել է Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամի, 2012ին` Ֆրեզնոյի մարզի կառավարիչների խորհրդի անդամի պաշտօններում, 2018ից Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ է:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)