ԳԼԵՆՏԷՅԼ.- Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Բլանկա Ռուբիոյի հետ: Դեսպանը երախտագիտութիւն յայտնեց Ռուբիոյին՝ Կալիֆորնիայի հայկական օրէնդրական խմբակցութեանն անդամակցելու եւ երեք տարի շարունակ խմբակցութեան հայանպաստ աշխատանքներին մասնակից լինելու համար:
Ռուբիոն նշեց, որ թէեւ իր ընտրատարածքում ընդգրկուած չեն հայահոծ համայնք ունեցող կալիֆորնիական քաղաքները, սակայն հայ համայնքի հետ սերտ համագործակցութիւն առկայ է բազմամշակութային Կալիֆորնիայի ամբողջ տարածքում: Ռուբիոն ուրախութիւն յայտնեց, որ ջերմ համագործակցութեան դաշտ է ստեղծուել նահանգային խորհրդարանի հայկական օրէնդրական խմբակցութեան միջոցով, ինչի շնորհիւ համայնքային շփումներն ու սերտ յարաբերութիւնները փոխադրւում են նաեւ օրէնսդրական հարթութիւն:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Կալիֆորնիայի համագործակցութեան ուղղութիւնները: Գլխաւոր հիւպատոսը նշեց, որ Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ 2019ին ստորագրուած Շրջանակային համաձայնագիրը նպաստաւոր հիմք է հանդիսանում երկկողմ յարաբերութիւնների խորացման համար:
Բայբուրդեանը Ռուբիոյին ներկայացրեց Թուրքիայի աջակցութեամբ Արցախի դէմ իրականացուած ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները եւ պատերազմից յետոյ ստեղծուած մարդասիրական ճգնաժամից բխող խնդիրները: Զրուցակիցները կարեւորեցին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում գտնուող քաղաքացիական անձանց անյապաղ ազատ արձակման հարցը:
Ռուբիոն ներկայացնում է 48րդ ընտրաշրջանը` 2016ից: Նա անդամակցում է Տարեցութեան եւ երկարաժամկէտ հոգածութեան հարցերով, Ամավարկի, Ընտրութիւնների, Կառավարական կազմակերպութեան, Կանոնակարգի, Ջրի, այգիների եւ կենդանական աշխարհի յանձնաժողովներին, ինչպէս նաեւ նախագահում է Ընտանեկան բռնութեան հարցերով յատուկ յանձնաժողովը:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)