ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Նորութիւն ասած չեմ լինի, եթէ կրկնեմ գիտականօրէն ապացուցուած այն միտքը, թէ գիրքը, ընդհանրապէս կարդալը, ընթերցանութիւնը մարդու համար ոչ միայն հաճոյքի, վայելքի ու ժամանցի միջոց են, այլեւ աշխարհաճանաչողութեան, մշակոյթի, գիտութեան մասին ունեցած գիտելիքների պաշարը հարստացնելու, ի վերջոյ, մարդու միտքն ու հոգին նրբացնելու կենարար աղբիւր:
Այդ կենարար աղբիւրի ջուրը իմ գրականութեան մէջ հոսում է կարելոյն պարզ, ջինջ, արեւի ջերմութեամբ առլի, նրա հոտով արբեցած գոյներով: Իմ պատմուածքների մէջ թւում է թէ երկխօսութիւն եմ վարում դիմացս նստած ընթերցողի հետ: Ես միշտ եմ նրա հետ: Աւելին՝ ես միշտ ինձ նրա տեղն եմ դնում ու կարդում իմ գրածը: Պատահում է, որ կարդալիս յուզմունքից աչքերս թրջւում են, ասել է թէ՝ ամէն ինչ ճիշդ է ստացուել, գրածս տեղ կը հասնի: Միշտ նպատակս է եղել ժողովրդային, պարզ պատկերներ հիւսել ընթերցողի համար՝ խուսափելով ճոռոմաբանութիւնից, սակայն ի պահանջ տեղին պատկերներ հիւսել պերճաշուք, շքեղ լեզուով:
Իմ դառն մանկութեանը վերաբերող պատմուածքներով, թող անհամեստութիւն չթուայ, ես ինձ նմանեցնում եմ մեծանուն գրող, քաղաքական նշանաւոր գործիչ Աւետիս Ահարոնեանին, որի՝ ժամանակին Երեւանի մեր տան գրադարանի զոյգ հատորները բազմիցս թերթատել եմ 7-8 տարեկան հասակից: Որքան էլ ժամանակին «յեղափոխական» համարուող հանճարեղ Չարենցը նրան համարի «լալկան» գրող, միեւնոյնն է՝ նրա պատմուածքներում ես ինձ եմ տեսնում, իմ «լալկան» մանկութիւնը, որի ազդեցութիւնը երեւում է ոչ միայն իմ գրական գործերում, այլեւ իմ յօրինած երաժշտութեան մէջ: Ի լրումն այս ամէնի, ԹԱԽԻԾՆ է իշխում իմ ողջ մտաւոր գործունէութեանս մէջ: Ինչպէ՞ս կարող է այդպէս չլինել, երբ անօթի մերկ ու ոտաբոբիկ երեխան կարդում է Աւետիս Ահարոնեանի «Պուտ մը կաթ» եւ «Փշուր մը խաց» (հաց) սրտմաշուք պատմուածքները:
Շատ գրողներ, մանաւանդ բանաստեղծները, իրենց «հանճարեղ» մտքի առկայծումները թղթին չեն յանձնում դարերով ընդունուած, ամրագրուած օրէնքներով, այլ փորձում են որպէս գրելաձեւ, նորութիւն մտցնել գրառման արտաքին տեսքի մէջ: Օրինակները շատ են: Բերենք դրանցից մի քանիսը. Յանգազուրկ, իւրաքանչիւր տողի սկիզբը՝ փոքրատառով, «բանաստեղծութիւն»՝ իւրաքանչիւր տողին յատկացնելով մէկ բառ. մէկ ուրիշը՝ բանաստեղծութիւն է «կառուցում» տօնածառի տեսքով՝ վերից վար, իւրաքանչիւր տողում աւելացնելով մէկական բառ: Մէկ ուրիշ բանաստեղծ էլ իր գրուածքը «հարստացնում» է հոմանիշների բառարաններից վերցուած դժուարամարս բառերով:
Ես բառարաններից օգտւում եմ այն ժամանակ, երբ ուզում եմ համոզուել, որ նոր բառ եմ յօրինել: Ինչպէս ասենք ԲԱԶՄԷՋ բառը, որը նշանակում է՝ մեծածաւալ, բազմաթիւ էջերով հարուստ, 2-3 կիլոգրամ կշռող հաստափոր գիրք:
…Գալով գրեթէ երկու ամիս առաջ Դիմատետրի մէջ տեղադրուած եւ մամուլում հրատարակուած «Ճանաչել մարդուն» իրական պատմութեանը, հետաքրքրութիւնը պատմութեան հերոսի նկատմամբ չի նուազում: Ընկերներ, ծանօթներ, հարազատներ, փորձում են գուշակել իրական հերոսի անունը: Շատեր նեղանում են, վիրաւորւում, որ ես ու Մարիետան իրենց չենք վստահում գաղտնապահութեան մէջ: Թուարկում են մի շարք անուններ, բայց նրա անունը ոչ ոք չի հոլովում, որն ինձ շատ է ուրախացնում: Նշանակում է նա յարգուած ու սիրուած է շրջապատում: Ինչ էլ լինի, ես մտադրութիւն չունեմ նշաւակել նրա անունը, որքան էլ, որ պախարակելի լինի նրա վարմունքը: Այսպէս կամ այնպէս «գնդակն իր դաշտում» է: Միայն, թէ պիտի յիշի, որ ՆԵՐՈՂՈՒԹԻՒն խնդրելը հերոսական քայլ է, իսկ ներողինը՝ կրկնակի ՀԵՐՈՍԱԿԱՆ:
Ամէն դէպքում հարկ եմ համարում երկու կարծիք ներառնել սոյն գրութեան մէջ՝ կապուած նշեալ պատմուածքի հետ: Առաջինի հեղինակը դերասանուհի Բիւրեղիկ Մնէյեանն է, Հայաստանից, որը գրում է. «Ցաւօք, այսօր շատ կան ձեր նկարագրած Ժորէսների նման շփացած մարդիկ, ովքեր թքած ունեն հայրենիքի, գիր ու գրականութեան վրայ»:
Երկրորդ դիտարկումն արել է երաժիշտ Նարինէ Դելալեանը՝ Իսպանիայից: Նա գրում է. «Սիրելի պարոն Անասեան, ցաւօք, կայ նաեւ այս իրողութիւնը: Այնքա՜ն ճղճիմ, այնքա՜ն վիրաւորող»:
Պատմուածքի հերոսի արարքից աւելի վատթարը կայ՝ կապուած վեց ամիս առաջ Երեւանում տպագրուած իմ «Արեւի Հոտը» գրքի տարածման պատմութեան հետ:
Գրքի առաջին տպաքանակը նպատակային ձեւով սպառուեց, որովհետեւ սպառումից հաւաքուած գումարը փոխանցուելու էր Հայաստան հիմնադրամին՝ Ղարաբաղում մոլեգնած պատերազմի կարիքներին օգնելու համար: Այդ արշաւին մասնակից եղան իմ ընտանիքի բոլոր անդամները, մտերիմ ընկերներ, մի քանի լրագրող բարեկամներ: Չեղաւ եւ ոչ մի գրող-բանաստեղծ (բացի մի առակագրից), թէեւ նրանց ուղարկուած գրքի մէջ կար ացատրագիր՝ գրքի սպառման նպատակի մասին, եւ, ամէնակարեւորը՝ ենթական նուիրատուութիւն պիտի անէր, ոչ թէ իմ անունին, այլ Հայաստան հիմնադրամին:
Ոգեւորուած նման յաջողութիւնից, երեւանցիներին խնդրեցի շտապ կարգով եւս մի ստուար քանակի գիրք ուղարկել: Սակայն, ափսոս, ծանրոցը հասաւ պատերազմի աւարտից երկու օր անց:
Դէ արի, մաեստրօ, հիմա սփիւռքահային առաջարկիր գիրք գնել ի նպաստ վարկաբեկուած հիմնադրամի, երբ իր դրամներով վերաշինուած Արցախ աշխարհից ՓՇՈՒՐ ՄԸ ՀՈՂ Է ՄՆԱՑԵԼ…
* * *
Գիրք չկարդացողների մասին պատկերացումս կերպարանք առաւ 43 տարի առաջ, Լոս Անջելես հաստատուելուց ճիշդ երկու ամիս անց, երբ դարձայ նորաստեղծ «Հայարուեստ» երկշաբաթեայ թերթի խմբագիր: Թերթի առաջին համարը լոյս տեսաւ 1978ի Հոկտեմբեր 1ին:
Պատմութեան համար յիշեցնեմ, որ դրանից հինգ օր անց, Հոկտեմբեր 6ին, թերթի կազմակերպութեամբ կայացաւ իմ առաջին համերգը, որի մենակատարներն էին համահայկական ճանաչման սանդղակի առաջին աստիճանին եղող Յարութ Փամբուկչեանը, երգչուհի Մարիետա Անասեանը եւ անցեալ դարի 30ականների վերջերին Հայաստանում լաւագոյնս ճանաչուած քանոնահար Արա Սեւանեանը: Համերգից յետոյ ներկաներին բաժանուեց «Հայարուեստ»ի առաջին համարը:
Թերթի առաջին համարից 50-60 (միայն այդքան հասցէ կար ձեռքիս տակ) օրինակ հայրիկս, այդ մեծանուն պատմաբանն ու հայագէտը, տարաւ փոստի բաժանմունք: Մի քանի օր անց եկան պատասխանները:
Ի թիւս բաժանորդագրուողների, նրանց մէջ էր 1952ից Լոս Անջելեսում հաստատուած, հայ համայնքի հիմնադիրներից Հրանտ Սիմոնեանը, որը խրախուսիչ մի նամակի հետ ուղարկել էր բաժանորդագրութեան գինը՝ 12 դոլարի փոխարէն՝ 20, որն այն ժամանակ այսօրուայ 100 դոլարի արժողութիւնն ունէր: Ինձ համար ամէնաարտառոցը երեք պատասխաններն էին: Առաջինը մերժում էր՝ «Մենք հայերէն չենք կարդար» նախադասութեամբ, երկրորդը՝ «Մեզի հայերէն թերթ մի ղրկէք», երրորդը՝ «Ձեզի ո՞վ ըսաւ, որ մեզի թերթ ղրկէք»…: Միակ մխիթարական նամակի բովանդակութիւնը հետեւեալն էր. «Տղաք, մեր տունին մէջ հայերէն խօսող չկայ, կը ղրկեմ բաժանորդագութեան գինը՝ օգտակար ըլլալու համար ձեր թերթին»…:
Դժբախտաբար այսքան տարիներ անց պատկերը գրեթէ նոյնն է, սակայն միւս կողմից էլ կան մարդիկ, որ ոչ միայն յարատեւօրէն կարդում են, այլեւ մէկ գիշերուայ ընթացքին ԼԱՓՈՒՄ են իրենց հոգուն հարազատ բովանդակութիւն ունեցող գիրքը:
Անշուշտ գիրքի բովանդակութեան «լափելը» բնաւ նման չէ սփիւռքահային վարկաբեկող Նայիրի Զոհրապեանի ակնարկած կերակուրի ԼԱՓԱՄԱՆԻՆ:
Ըստ այնմ էլ, որեւէ գրողի համար մեծագոյն երջանկութիւն է գիտենալ, որ իր գիրքը, նրա բովանդակութիւնը «լափողներ» կան, եւ որ, ընթերցող հասարակութիւնը մշտապէս սպասումի մէջ է՝ մամուլի եւ թէ Դիմատետրի մէջ կարդալու համար այդ հեղինակի նորանոր գրութիւնները:
Սոյն գրութեան տուն տուող առիթը տուեց օրերս ինձ ուղարկուած մի նամակի բովանդակութիւնը: Ահա մի քանի տող այդ նամակից. «Սիրելի մաեստրօ, ստանալով «Արեւի Հոտը» անուն գիրքը, միանգամայն ԼԱՓԵՑԻ, քեզի հետ ապրեցայ, զմայլանքով կարդացի բոլոր գրութիւններդ, քո քաշած տառապանքները։ Կանխայայտ շնորհակալութեամբ կը սպասեմ, եթէ կարելի է միւս գիրքերէդ ալ ունենալ եւ կարդալ»:
Ի հա՜րկէ բարեկամս, կարելի է ունենալ եւ կարդալ: Անպայման կը ղրկեմ: Ըսէ, թելադրէ գրքասէր բարեկամներուդ թող դիմեն ինծի, անոնց ալ կը ղրկեմ, որովհետեւ, ինչպէս Աթաբէկ Խնկոյեան կ՛ըսէ՝ ԿԱՐԴԱՑՈՂԻ ԽԵԼՔՆ Է ԿՏՐՈՒԿ, ՄԻՏՔԸ ՊԱՅԾԱՌ ՈՒ ԼՈՒՍԱՒՈՐ…