(Պատմուածք` իրական փաստերով)
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
…Մայիսի իննը ազդարարեց խորհրդային երկրի յաղթանակը Գերմանիայի դէմ: Պատերազմի դաշտից վերադարձան մեր թաղի ողջ մնացած փոքրաթիւ զինուորները, ոմանք` հաշմանդամ դարձած: Դեռ հայրիկիցս լուր չկար: Հազիւ ութ տարեկան, ես զգում էի մօրս անհանգիստ վիճակը, տեսնում էի խուսափողական հայեացքն ու միայնութեան մէջ մնալու ձգտումը: Յաճախ էլ նրան «բռնացնում» էի Յիսուսի պատկերի առջեւ աղօթելիս: Դիւրին է ասելը, նա գրեթէ չորս տարի ոչ մի լուր չունէր ամուսնու:
Առերեւոյթ կեանքը մտաւ բնական հունի մէջ, բայց առաջուայ նման, երկրում տիրում էր սովն ու աղքատութիւնը: Բնականաբար երկիրը պէտք ունէր նոր շնչառութեան: Երկրի տնտեսական անձուկ վիճակը հազարաւոր զոհերի պատճառ դարձաւ ողջ խորհրդային երկրում, եւ այն էլ` այսպէս կոչուած խաղաղ պայմաններում:
Գերտէրութիւնները, որ մինչ այդ, պատերազմի ընթացքին տնտեսապէս օգնութիւն էին ցոյց տալիս, այժմ արդէն «ձեռք էին քաշել» իրենց համար զզուելի կոմունիստական վարչակարգին օգնելուց: Նրանց նպատակն էր վերջնականապէս տնտեսական քայքայումի ենթարկել այդ վարչակարգը: Ամեհի սովն ու համաճարակը սկսուեց պատերազմից յետոյ: Մարդիկ ամէն մի միջոցի դիմում էին օրուայ նուազագոյն ուտելիքը հայթայթելու համար: Ալան-թալանը սովորական երեւոյթի վերածուեց:
Հոկտեմբեր ամսուայ վերջին օրերն էին: Տարհանուած լենինգրադցիների համար ստեղծուած կառավարական ճաշարանում էր աշխատում մայրիկս: Ճաշարանը փակուելու վրայ էր, սակայն մենք եւ մեր հարեւանները դեռ գաղտնօրէն օգտւում էինք այդ ճաշարանից:
Ամէնուր սով էր: Այստեղից-այնտեղից կարելի էր լսել.
– Էն մեր դիմացի փողոցում ապրող Արմոն սովից ուռել է եւ մահացել:
– Իսկ էն Սահակին էլ հազիւ են փրկել, ասում էր միւսը:
Ո՞ւմ, որի՞ն հասնէր խեղճ մայրիկս: Նախկինում Արաբկիրի ֆրանսահայերի գաղթակայաններում ապրած շատ ընտանիքներ էին եկել մեր թաղը ու կառավարական վարկի օգնութեամբ սեփական տներ կառուցել: Բոլորն էլ ակնկալիք ունէին աւագ խոհարար իմ մայրիկից:
Տարհանուած լենինգրադցիների թիւը գնալով նուազում էր, ըստ այնմ էլ պակասում էր ճաշարանին յատկացուող սննդամթերքի քանակը: Որքան սրւում, ողբերգական տեսք էր ստանում իրավիճակը, այնքան աւելանում էին ճաշարանի աշխատանքին
հետեւող աչքերը: Բոլորն էլ անօթի էին, նոյնիսկ ոստիկանապետն ու Շրջսովետի նախագահը, որոնք մշտապէս ճաշում էին խոհանոցին կից մի փոքրիկ սենեակում:
Չափազանց դժուարացել էր ճաշարանից կերակուր «գողանալը»: Մեր դրացիները անյոյս վիճակում էին: Բարսեղն իր երեք զաւակներով, Զանգու գետի ձորում, վայրի, սակայն անվնաս կանաչիներ էին հաւաքում, հենց տեղում, հում վիճակում, առանց լուանալու ճաշակելու համար:
– Բարսեղը քաղցածութիւնից էնքան խոտ ա կերել, որ ուռել ա, եւ հենա, հենա մահանալու է, այս չարաբաստիկ լուրը տարածուեց թաղով մէկ:
Վրայ հասած շտապ օգնութեան բժիշկը առաջին օգնութիւնը ցոյց տալուց յետոյ եզրակացրել էր.
– Առաջիկայ մէկ-երկու ժամուայ ընթացքում եթէ հիւանդը ապուրներ չ՛օգտագործի, հազիւ թէ հնարաւոր լինի նրան փրկել:
Բարսեղի աւագ որդին, եղբորս` Արսէնի մտերիմ ընկեր Յովնանը անմիջապէս վազում է ճաշարան` մայրիկիս մօտ ու նրան յայտնում բժշկի տուած ցուցմունքը:
– Լաւ, տղաս, ես հիմա մի բան կը կարգադրեմ: Դու սպասիր դրսում, երբ կերակուրը պատրաստ լինի` ես քեզ լուր կը տամ, ասում է մայրս:
Առանց աջ ու ձախ նայելու, առանց ուշադրութիւն դարձնելու այն հանգամանքին, որ կարող են իրեն հետեւել, ձեռքի տակ եղած սննդամթերքով մի հիանալի ապուր է պատրաստում եւ տալիս դրսում, պատի տակ կուչ եկած Յովնանին: Վերջինս էլ հիանալի, բուրումնաւէտ ապուրը հասցնում է հօրը:
Այս գործողութիւնը երեք օր է տեւում, ու բնականաբար, լուրը դառնում է հասանելի ոչ միայն թաղի բնակիչներին, այլեւ պատկան մարմիններին:
– Սա խայտառակութիւն է, կուսակցական ժողովում ամպագոռգոռ ձայնով կարծես երկինքն է պայթեցնում Շրջսովետի կուսակցութեան քարտուղարը, ի՞նչպէս կարելի է ինչ որ մի հիւանդի համար մի քանի օր կերակուր պատրաստել լենինգրադցիների սննդամթերքից: Ո՞վ է այդ կնոջը իրաւունք տուել նման բան անել:
– Լա~ւ, լա~ւ, ձենդ մի բարձրացրու ընկեր Խուրշուդեան, միջամտում է Շրջսովետի նախագահ Շահսուվարեանը, ես հիմնականում գիտեմ թէ ինչ է եղել, այնուհանդերձ եկէք լսենք իրեն` Վերժինէին: Այստեղ հաւաքուած է Արաբկիրի շրջանի կուսակցական մարմինը եւ թող նա էլ որոշի, թէ ինչպէս պէտք է վարուել այդ կնոջ հետ:
– Ընկեր Ումրիկեան (սա էլ KGB-ի գործակալներից է), ապա մի ներս կանչէք այդ կնոջը, կարգադրում է նախագահը:
Խեղճ մայրիկս մի բուռ դառած, մի տեսակ սմքած, մանր քայլերով մտնում է սրահից ներս: Բնաւ չես ասի, որ նա այն կենսախինդ 35ամեայ աւելի քան համակրելի երիտասարդ կինն է:
– Վերգինէ (յաճախ էին այդպէս դիմում մայրիկիս), ասա՜, խօսի՜ր, թէ ինչպիսի՞ն է իրական պատմութիւնը, ամբողջ Արաբկիրը քո մասին է խօսում, շատերն էլ քեզ Պահապահ Հրեշտակի տեղ են դրել:
– Ի՞նչ ասեմ, ի՞նչ պատմեմ պարոն…, օ~հ, կը ներէք, ընկեր Շահսու…Շահսու… («վարեան»,- կողքից յուշում է ամբողջ կուրծքը շքանշաններով «զարդարուած», զինուորական հագ ու կապով գնդապետը) վարեան, մեր դրացին` Բարսեղը շատ քանակի
խոտ է կերել, կարծեմ սինձ են ասում, եւ ամբողջ մարմինը ուռել է, կարելի է ասել` մի
տեսակ թունաւորում:
– Լա՜ւ, յետոյ, յետո՞յ ինչ է եղել, մէջ է ընկնում զինուորականը:
– Յետոյ այն, որ բժիշկն ասել էր, որ նա կարող է փրկուել, եթէ մի քանի օր ապուր, ինչպէս դուք էք ասում` սուպ ուտի եւ ջուր բնաւ չ՛օգտագործի: Դէ~, ես էլ մեր ճաշարանում տարբեր սուպեր պատրաստեցի եւ մարդը մի քանի օր դրանք ուտելուց յետոյ ոտքի ելաւ:
– Իսկ քեզ ո՞վ է իրաւունք տուել պետական միջոցները օգտագործել անհատական նպատակների համար, սա էլ Խուրշուդեանն էր, եւ մեր ռուս եղբայրների եւ քոյրերի հասանելիք սննդի բաժնից մաս յատկացնել ինչ որ անյայտ մարդկանց:
– Ներողութիւն պարոն…
– Ես պարոն չեմ, չափդ ճանաչիր ընկերուհի… «պարոնը» այնտեղ էր, քո կապիտալիստական երկրում:
– Ես ալ «ընկերուհի» չեմ պարոն, ես տիկին եմ…, արեւմտահայերէնի անցնելով շարունակում է մայրս, հիմա բացատրեմ: Այն մարդը, որուն համար տեսակ մը բժիշկ դարձայ, մեր դրացին է: Բարսեղ է անունը: Շատ բարի եւ պատուախնդիր մարդ մըն է: Ան ալ, մեզի պէս, ընտանիքով, 36ին Ֆրանսայէն ներգաղթած է հայրենիք:
– Դէ ասա պոլսեցի էք էլի, սա էլ մէկ ուրիշն է:
– Լա՜ւ, թող ատանկ ըլլայ, մենք հայ չե՞նք, ներքին զայրոյթն ու վրդովմունքը չզսպելով շարունակում է մայրս, քանի մը օր հիւանդի մը համար ապուր պատրաստելով յանցա՞նք գործած կ՛ըլլամ:
– Բայց ո՞ւմ կերակուրից էք բաժին հանել ուրիշին կերակրելու համար, ի՞նչ իրաւունքով, ո՞ւմ հաշուին, ասում է զինուորականը:
– Որո՞ւ հաշւոյն` ռուսներու…
Մի պահ լռութիւն: Շրջսովետի նախագահ Շահսուվարեանը, որ բազմաթիւ անգամներ իր հիւրերի հետ մայրիկիս ճաշարանի ետեւի սենեակում խնջոյքներ էր սարքել ճաշարանի սննդամթերքով, փորձեց խաղաղութեամբ աւարտել «դատական ակտը».
– Լա՜ւ, ընկերներ, կարծում եմ ամէն ինչ պարզ է: Եթէ ուրիշ արտայայտուողներ չկան, եկէք նկատողութիւն ձեւակերպենք ընկեր Վերժին Անասեանին` վերջին նախազգուշացումով, պետական ունեցուածքը ապօրինաբար չշռայլելու խոստումով:
– Ի՞նչ նկատողութիւն…, դատի՜, դատի պիտի տալ այս կնոջը, KGB-ն էր արտայայտուողը:
– Ի՞նչ…, դա՞տ…, այդ ձե՜զ դատի պիտի տալ, ձե՜զ, որ օրեր, ամիսներ շարունակ կերակրուել էք այս ճաշարանում, էն ետեւի սենեակում, չզսպելով զայրոյթը` անցնելով մաքուր տեղական հայերէնի, գրեթէ ճչալով ասում է մայրս ու շարունակում, ի՞նչ էք կարծում, ո՞ւմ հաշուին եմ ձեզ կերակրել` լենինգրադցիների համար տրամադրուած սննդամթերքից:
Մայրիկիս ելոյթը լռութեան էր մատնել սրահին, ուր հաւաքուած էր Արաբկիրի ողջ իշխանական ընտրանին:
Ոչ ոք չէր խօսում, նոյնիսկ Շրջսովետի նախագահ Շահսուվարեանը: Ի վերջոյ, նա
էր, որ փորձեց փակել կուսակցական ժողովը` հնարաւորինս արագ վերջ տալու համար այդ տհաճ իրավիճակին:
– Ամէն ինչ պարզ է յարգելի կուսակցական ընկերներ: Կարծում եմ ծանր յանցանք չի գործել Վերժինէն, ի վերջոյ, նրա շնորհիւ մի մարդ է փրկուել: Եկէք ներենք նրան ու մի պարզ նկատողութիւն տալով աւարտենք այսօրուայ ժողովը: Մի մոռանաք, որ մեր կուսակցութիւնը մեզ սովորեցնում է բարի լինել մարդկանց նկատմամբ եւ հնարաւորինս մեղմ վարուել նրանց փոքր-մոքր յանցանքների համար:
Բոլոր ժողովականները լռելեայն ընդունեցին նախագահի առաջարկը: Չէ՞ որ նրանցից իւրաքանչիւրը օգտուել էր բարեհամբոյր երիտասարդ խոհարարուհի տիկին Վերժինէի առատաձեռն հիւրասիրութիւնից:
Այդ պատմական ժողովից յետոյ, երկար չգոյատեւեց Արաբկիրի` տարհանուած լենինգրադցիների համար նախատեսուած ճաշարանը: Նրանք կամաց-կամաց վերադառնում էին իրենց հայրենի քաղաքը:
Շուտով փակուեց հին արաբկիրցիներին ծանօթ այդ ճաշարանը, որը ահաւոր պատերազմի ժամանակ , գրեթէ չորս տարի մի տեսակ աստուածահաճոյ պարգեւ եղաւ ոչ միայն մեր ընտանիքի, այլեւ մեծաթիւ հարեւանների, Արաբկիրի շրջանի ողջ աւագանու, եւ, ի հարկէ մեր հերոս, անէկդոտների մեծ վարպետ, միամիտ, բարի ու ազնիւ Բարսեղի համար: