
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը (ԱԳՆ) Արցախի Շահումեանի շրջանի բռնագրաւման 29րդ տարելիցին առիթով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի բռնագրաւման 29րդ տարելիցը։ 1992 թ. Յունիսի 12ին ձեռնարկուած լայնամասշտաբ յարձակման արդիւնքում 1992 թ. Յունիսի կէսերին ադրբեջանական զօրամիաւորումներն ամբողջովին գրաւեցին Շահումեանի շրջանը։
«Բռնագրաւման ընթացքում ադրբեջանական բանակն կատարեց ռազմական եւ մարդկայնութեան դէմ ուղղուած բազմաթիւ յանցագործութիւններ, այդ թւում՝ գրաւուած բնակավայրերը լքել ցանկացող մարդկանց կանխամտածուած գնդակահարութիւններ, արտադատարանային հաշուեյարդարներ գերիների եւ պատանդների նկատմամբ, խոչընդոտում խաղաղ բնակիչների տարահանմանը, քաղաքացիական ենթակառուցուածքների հրետակոծում ծանր զինտեխնիկայից։
«Շահումեանի շրջանի բռնագրաւման եւ դրան յաջորդած ցեղային զտումների արդիւնքում կողոպտուեցին, քանդուեցին ու կրակի մատնուեցին շուրջ երկու տասնեակ հայկական գիւղեր, աւելի քան 20 հազար մարդ ստիպուեց լքել իր տունը՝ դառնալով ներքին տեղահանուած անձ եւ փախստական, մի քանի հարիւր հոգի դաժանաբար սպաննուեց կամ անհետ կորաւ։ Ադրբեջանական զինուած ուժերի հետագայ յարձակումը Մարտակերտի շրջանի վրայ յանգեցրեց Արցախի գրեթէ կէսի բռնագրաւման եւ հանրապետութիւնը կանգնեցրեց մարդասիրական աղէտի եզրին։ Սակայն, անսասան ոգու եւ կամքի ուժի, հաստատակամութեան եւ անձնուրաց պայքարի շնորհիւ Արցախի ժողովուրդը, համայն հայութեան աջակցութեամբ, կարողացաւ խափանել Արցախի Հանրապետութեան եւ նրա բնակչութեան ոչնչացմանն ուղղուած Ադրբեջանի ծրագրերը։
«2020 թուականի Սեպտեմբեր-Նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցութեամբ, կրկին փորձեց իրականացնել իր յանցաւոր եւ մարդատեաց ծրագրերն ու անել այն, ինչը նրան չէր յաջողուել 1991-1994 թուականներին: Նոր զինուած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը եւ նրան աջակցող ուժերն էլ աւելի մեծ մասշտաբով ու աւելի համակարգուած կերպով կատարեցին ռազմական եւ մարդկայնութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ: Նոր պատերազմը յանգեցրեց մարդկային աւելի մեծ տառապանքների, փախստականների եւ ներքին տեղահանուածների նոր ալիքի եւ Արցախի Հանրապետութեան մեծ մասի բռնազաւթման:
«Շահումեանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրաւունքը եւ հետագայում ստեղծել պետականութիւն: Շահումեանի շրջանի, ինչպէս նաեւ 1991-1994, 2016 եւ 2020 թուականներին գրաւուած Արցախի միւս տարածքների ապաբռնագրաւումը, արցախահայութեան կողմից իրացուած ինքնորոշման իրաւունքի ճանաչման հետ մէկտեղ, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման առանցքային բաղադրիչն է: Արցախի տարածքների շարունակուող ապօրինի բռնագրաւումը Հարաւային Կովկասում տարածաշրջանային խաղաղութեանն ու անվտանգութեանը սպառնացող վտանգների մշտական աղբիւր է»: