ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

«Լրագիր» զրուցած է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի հաղորդակցութեան եւ հանրութեան հետ կապերու պատասխանատու Յարութ Շիրինեանի հետ։ Ստորեւ կու տանք զայն․
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ․- Պարոն Շիրինեան, ինչպէ՞ս էք գնահատում Եւրամիութեան կողմից Հայաստանին 1․7 մլրդ․ եւրոյի աջակցութեան յատկացումը, որն ուղղուելու է նաեւ Սիւնիքի մարզին։ Ինչո՞վ է սա պայմանաւորուած եւ ինչ պատգամներ է այն իր մէջ պարունակում։
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ․- Նախ պէտք է յստակ նշել, որ սա միայն Հայաստանին վերաբերող ծրագիր չէ, այլ ընդհանրապէս Եւրամիութեան «Արեւելեան գործընկերութեան» ծրագրի վեց երկրների համար է, որին մաս են կազմում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան։ Պէտք է նաեւ յստակեցնել, որ խօսքը մեծ մասշտաբի ներդրումների մասին է, որը կարող է հասնել մինչեւ 17 մլրդ․ եւրոյի առաջիկայ հինգ տարիների ընթացքում։ Այդ գումարից 1․7 մլրդ. եւրոն Հայաստանի համար է յատկացւում։ Այս ծրագիրը երկար աշխատանքի արդիւնք է, որը ծնունդ առաւ 2016ին, երբ Եւրոմիութիւնը այդ վեց երկրների հետ որոշեց նոր թափ հաղորդել «Արեւելեան գործընկերութեան» երկրների տարբեր ոլորտների զարգացմանը։ Հաւանական է, որ Եւրամիութիւնը, նկատի առնելով Հայաստանի յետպատերազմեան իրավիճակը, մի շարք վերաճշդումներ է արել դէպի Հայաստան ուղղուելիք ներդրումների առումով եւ շեշտը դրել է զուտ տնտեսական ոլորտների վրայ, ինչպիսիք են՝ ճանապարհները, միջին ու փոքր գործարարութիւնները, բարձր արհեստագիտութեան ոլորտը։ Բնականաբար, ողջունելի է այս ներդրումների հոսքը դէպի Հայաստան՝ յուսալով, որ տուեալ ոլորտներում իսկական առաջընթաց արձանագրուի։ Սակայն եթէ խօսքը նման մեծ գումարների մասին է, կարեւոր է նաեւ խօսել արդիւնաւէտութեան եւ թափանցիկութեան մասին։ Կարծում եմ, որ դրա պատասխանատուն Հայաստանի կառավարութիւնն է, որպէսզի ամէն մի եւրօ օգտագործուի նպատակայարմար ձեւով՝ տուեալ ոլորտների եւ տուեալ քաղաքացիների կողմից։
Ինչ վերաբերում է Սիւնիքի մարզին, ապա այստեղ նախատեսուած ներդրումներն իրականում ընդհանուր գումարի մէջ շատ փոքր մասն են ներկայացնում՝ ընդամէնը 80 մլն․ եւրօ։ Բայց իսկապէս անչափ կարեւոր է այդ մարզում բնակչութեանն օգնութիւն հասցնելը, որպէսզի նրանք կարողանան գոյատեւել ու զարգանալ իրենց շրջանում։ Բայց պէտք է ուշադիր լինել, որ յանկարծ այս ծրագիրը կամ որեւէ այլ ծրագիր, մանաւանդ, որ խօսքը երթեւեկութեան մասին է, չներկայանայ որպէս տեղի բնակիչների անվտանգութիւնը խաթարող ներդրում։ Հայաստանի քաղաքացին, մասնաւորապէս, սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիները պէտք է առաջին հերթին այդ վախի մթնոլորտից դուրս, անվտանգ ու ապահով ձեւով ապրեն, հակառակ պարագայում ցանկացած ներդրում ի զուր կը դառնայ։
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ․- Ռազմագերիների վերադարձի հարցում Եւրամիութեան աջակցութիւնը ինչպէ՞ս էք գնահատում եւ որքանով է հէնց Եւրամիութեան միջնորդութեամբ պայմանաւորուած վերջին ազատ արձակումը։
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ․- Նախ ուզում եմ շնորհաւորել ազատ արձակուած 15 ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին՝ յուսալով, որ բոլոր ռազմագերիներն ազատ կ՛արձակուեն։ Բայց պէտք է դատապարտել այն փաստը, որ Ադրբեջանի իշխանութիւնները եւս մէկ անգամ մեր ռազմագերիներին օգտագործում են որպէս բանակցութիւնների առարկայ՝ նոր ռազմական կամ նոր քաղաքական շահեր արձանագրելու համար։ Դա հակասում է Ժընեւեան ուխտին, հակասում է մարդու հիմնարար իրաւունքներին։ Ադրբեջանը պէտք է այս գայթակղեցուցիչ եւ հակամարդկային խաղերին վերջ տայ։ Ինչ վերաբերում է Եւրոպային, ապա բաւական ուժեղ բանաձեւեր են ընդունուել Եւրամիութեան անդամ մի շարք երկրների խորհրդարանների կողմից։ Բացի այդ, Եւրախորհրդարանը եւս փաստաթուղթ է ընդունել, որով կոչ է անում Ադրբեջանին անյապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին՝ առանց որեւէ նախապայմանի։ Պաշտօնական Բրիւսելը եւս Եւրամիութեան արտաքին դիւանագիտական մարմինների եւ ներկայացուցիչների մակարդակով բազմիցս դատապարտել է Ադրբեջանին եւ կոչ արել ազատ արձակել ռազմագերիներին։ Բայց ինչպէս տեսնում ենք, Եւրամիութեան Հարաւային Կովկասի տարածաշրջանում այն լծակները չունի, որ կարողանայ գործնական արդիւնքներ արձանագրել՝ ներառեալ հայ ռազմագերիների հարցում։ Հետեւաբար, նա պէտք է բաւարարուի փափուկ դիւանագիտութեամբ կամ կողմերի հետ հանդիպելով, կոչեր ու յայտարարութիւններ հրապարակելով։ Իրականում ես վստահ չեմ, որ վերջին ազատ արձակուած 15 հայ ռազմագերիների թղթածրարում Եւրամիութեան ազդեցութիւնը իսկապէս բարձր է եղել կամ ոչ։ Սակայն ուզում եմ բացասական ձեւով անդրադառնալ, որ Եւրոմիութեան մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ ռազմագերիների հարցին անդրադառնում են Ադրբեջանի կեցուածքը վերարտադրելով ու տարածելով՝ հարցը կապելով ականապատուած տարածքների քարտէզների հետ։ Դա մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է։ Մասնաւորապէս, այս երկու թեմաներն իրար կապելն անհասկանալի է։ Եւրամիութիւնը վերջին 30 տարիներին հնարաւորութիւն ունեցել է մասնակցելու Արցախի ականազերծման գործին, կամ առնուազն դրան նիւթապէս օգնելուն, ինչպէս օրինակ ամերիկեան կառավարութիւնն է անում։
ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ․- ՀԱՊԿը հրաժարուեց աջակցել Հայաստանին՝ ասելով, որ տեղի ունեցածը սահմանային միջադէպ է եւ ՀԱՊԿի տիրոյթում չէ։ Արդեօք Հայաստանը դրանից յետոյ պէտք է դիմի միջազգային, այդ թւում եւրոպական կառոյցներին այդ հարցով։
ՅԱՐՈՒԹ ՇԻՐԻՆԵԱՆ․- Նախ պէտք է նշել, որ Հայաստանը կարիք ունի ամենաարագ ձեւով վերականգնելու իր բանակը, իր անվտանգութիւնը պաշտպանելու ունակութիւնը, որպէսզի իր բնակչութիւնը եւ հողերը ինքնուրոյն պաշտպանի։ Պատմութիւնը բազմիցս ցոյց է տուել, որ միայն մենք ենք մեր յենարանը, ինչը փաստուեց նաեւ արցախեան վերջին պատերազմում։ Կարծում եմ, որ բանակի վերականգնման գործը Հայաստանի կառավարութեան յստակ առաջնահերթութիւնը պէտք է լինի, մասնաւորապէս, հաշուի առնելով, որ թշնամիները պարբերաբար, միասնական զօրավարժութիւններ են անում տարածաշրջանում եւ աննախադէպ յաճախականութեամբ։ Սա չափազանց մտահոգիչ երեւոյթ է մեզ համար եւ ենթադրում եմ՝ նաեւ Հայաստանի կառավարութեան համար։ Նաեւ հարկաւոր է վերականգնել սեփական բանակը, որպէսզի օտար կազմակերպութիւնների, մասնաւորապէս ՀԱՊԿին ռազմաքաղաքական օգնութեան պահանջով դիմելու պարագայում միայն մերժումների չարժանանանք։
Այդ ամէնով հանդերձ, կարող եմ ասել, որ ՀԱՊԿի կեցուածքը մտահոգիչ է՝ հաշուի առնելով, որ դէպքերը տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Իրականում, եթէ Հայաստանն ինքն իրեն պաշտպանելու ունակութիւնն ունենար եւ բանակն աւելի արագ վերականգնած լինէր, ամէն գործիքակազմ պէտք է օգտագործէր, որպէսզի բարձրաձայնի իր տարածքային ամբողջականութեան խախտումների մասին։ Ընդ որում ոչ միայն ՀԱՊԿի միջոցով, այլեւ ԵԱՀԿի ու ՄԱԿի միջոցով։ Որովհետեւ այդ խախտումները յստակ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն են ոտնահարում։ Բայց մենք պէտք է նաեւ կարողանանք հասկանալ, թէ այդ որ կազմակերպութիւններն են, որ կարող են դրական ձեւով անդրադառնալ Հայաստանի պահանջներին, նաեւ հաշուի առնելով տարածաշրջանային իրականութիւնը եւ Հայաստանի ունեցած ռազմաքաղաքական պայմանաւորուածութիւնները տարբեր կողմերի հետ։