Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանն Օգոստոսի 4ին հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Միշէլ Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարաւային Կալիֆորնիայի Օրանջ մարզի 48րդ ընտրաշրջանը:
Բայբուրդեանը շնորհաւորել է Սթիլին Ներկայացուցիչների պալատում ընտրուելու եւ կոնգրեսական Հայկական խմբին միանալու կապակցութեամբ: Նա բարձր է գնահատել Սթիլի շարունակական աջակցութիւնը հայկական խնդիրներին:
Երբ նա Օրանջ մարզի կառավարիչ էր եւ կառավարիչների խորհրդի նախագահ, Սթիլի նախաձեռնութեամբ 2015ից սկսած միաձայն ընդունուել են Ապրիլի 24ը՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր հռչակող բանաձեւեր:
Բայբուրդեանը տեղեկացրել է Սթիլին Ադրբեջանի ոտնձգութիւնների մասին` ուղղուած Հայաստանի պետական ինքնիշխանութեան նկատմամբ: Մարդկային զոհերով աւարտուող Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքների արդիւնքները, ինչպէս նաեւ անօրինական կերպով Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիներին եւ առեւանգուած քաղաքացիական անձանց ազատ արձակելուց հրաժարումը միջազգային իրաւունքի կոպիտ ոտնահարում են հանդիսանում: Նա շեշտեց այս վայրագ գործողութիւնները դատապարտելու եւ մարդկութեան խաղաղ գոյակցութեան հիմնարար կանոնները պահպանելու ծառացած անհրաժեշտութիւնը:
Սթիլը նշել է, որ հայկական խնդիրներին իր աջակցութեան յանձնառութիւնը մնայուն է: Զրուցակիցները քննարկել են համագործակցութեան ու յետագայ հանդիպումներ կազմակերպելու հարցեր:
Սթիլը Հանրապետական կուսակցութեան անդամ է: Նա ծագումով կորէացի է:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)