ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Երեւանի ժամանակացոյցով երեկոյեան ժամը 11էն սկսեալ, ատրպէյճանցիները փակեցին Շուռնուխով անցնող եւ դէպի Կապան տանող ճանապարհը: Այս մասին կը յայտնէ «168.am»ը:
«Հայկական պետհամարանիշներով աւտոմեքենաներից պահանջում են այլ ճանապարհ գտնել երթեւեկութեան համար: Մեզ ասացին` այս պահին ռուսները բանակցում են ճանապարհը բացելու համար», նշեց աղբիւրը։
«Արդէն մօտ 2 ժամից աւելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-կարմրաքար` 16-18 կմ. հատուածը: Այդ հատուածում են մնացել մօտ 40 մեքենաներ, որից 25ը մարդարար, որոնցում կան երեխաներ», Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Նաիրա Զոհրաբեան։ Ըստ անոր՝ Հայաստանի սահմանապահ զօրքերը ռուս խաղապահներուն հետ հոն են, սակայն ատրպէյճանցիները կը մերժեն բանալ ճամբան։
Աւելի ուշ, «Հայաստան» խմբակցութեան սիւնեցի պատգամաւոր Աննա Գրիգորեան յայտնեց, որ ռուս սահմանապահները սկսած են շրջափակման մէջ յայտնուած ինքնաշարժներէն դուրս բերել մարդիկը:Ըստ անոր՝ զինուած ատրպէյճանցիները ճամբան փակած են «Չայզմի» կոչուող հատուածին մէջ, որ Գորիս-Դաւիթ Բէկ ճանապարհին է:
Դէպքին արձագանգեց նաեւ Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան՝ դիտել տալով, որ ատրպէյճանցի 50 կամ աւելի զինուած ծառայողներ առաւել քան 3 ժամ փակած են Սիւնիքի մարզի Գորիսէն Կապան տանող միջպետական ճանապարհը` Դաւիթ Բէկ գիւղին մօտ՝ մերժելով բանալ զայն։ «Այս արարքները յանցաւոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչութեան, այդ թւում` երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամէնը հաւաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը: Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թէ պետութիւնը ինչ պէտք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինուած ծառայողների ներկայութիւնը ՀՀ Սիւնիքի համայնքների միջեւ ճանապարհներին յանցաւոր է եւ վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կեանքի, ազատ տեղաշարժման եւ միջազգայնօրէն երաշխաւորուած այլ կենսական իրաւունքների: Փաստերից ինձ համար ակնյայտ է, որ սա նախապէս ծրագրաորուած բացայայտ յանցագործութիւն է ՀՀ քաղաքացիական բնակչութեան դէմ:
Տեղեակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցութիւններ, եւ նրանց ջանքերով քաղաքացիկան մեքենաները դուրս են բերուել:Ըստ ստուգուած տուեալների` բանակցութիւնները առաւօտ են շարունակուելու. հրաժարուել են բացել: Վաղ առաւօտեան այս միջադէպով յատուկ հաղորդումներ կ՛ուղարկուեն համապատասխան միջազգային մարմիններին», դիտել տուաւ Թաթոյեան:
0826Shurnukh