«Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր ծրագրերն իրականացնել Արցախում: Այս անգամ հիմնադրամը վերանորոգել է Մարտունի քաղաքի բնակիչ, զինծառայող, Արցախեան 3րդ պատերազմում վիրաւորուած Հայկ Յակոբեանի` պատերազմի ընթացքում վնասուած տունը:
«Արցախպրես»ի թղթակցի հետ զրոյցում «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրէն Կրէկ Պետեան ասել է. «Արդէն հինգերորդ վիրաւոր զինուորի տունն ենք վերանորոգում Մարտունու շրջանում: Շրջանում նմանատիպ ծրագրերը շատ էին, մասնաւորապէս Հերհեր գիւղից մինչեւ Մաճկալաշէն ընկած հատուածում տեղակայուած գիւղերում վերանորոգել ենք վիրաւորուած զինծառայողների բնակարանները: Առաջիկայում նախատեսում ենք վերանորոգել Ծովատեղի համայնքապետարանը: Մենք կը փորձենք մեր ունեցածով օգնել սահմանամերձ գիւղերում ապրող մարդկանց, որպէսզի նրանք հասկանան, որ մենակ չեն, այլ ողջ հայութիւնը իրենց թիկունքում է»:
Յակոբեանների տան վերանորոգումն ու կահաւորումը հնարաւոր դարձաւ առցանց նուիրահաւաքի շնորհիւ, որը կազմակերպել էր հիմնադրամը եւ աւարտուել Յուլիսի վերջին: «Մեր ընկերների եւ աջակիցների առատաձեռն ներդրումների շնորհիւ մենք գերազանցեցինք մեր թիրախը եւ հանգանակեցինք աւելի քան 43,000 դոլար», նշեց «Թուֆէնքեան» հիմնադրամի հանրային կապերի տնօրէն Ռուբէն Ճանպազեանը:
Նուիրահաւաքի միջոցով ապահովուած գումարը ֆինանսաւորեցին նաեւ մէկ այլ վիրաւոր վետերանի ընտանիքի տան վերակառուցումը: Երկրորդ տունը, որը պատկանում է 27ամեայ Հայկ Հայիրեանին, նախատեսւում է յանձնուել Հոկտեմբերին:

Յակոբեանների ընտանիքի մայրը` Նինել Յակոբեանն իր խօսքում շնորհակալութիւն է յայտնել հիմնադրամին` որդու նուիրումը գնահատելու եւ իրենց բնակարանային բարւոք պայմաններով ապահովելու համար:
Յակոբեանների տունը Մարտունու շրջանի 16 տներից վեցերորդն է, որը «Թուֆէնքեան» հիմնադրամը վերանորոգում է` 2020ի պատերազմից յետոյ:
««Թուֆէնքեան»ը ունի մեծ փորձառութիւն. տարիներէ ի վեր օգնած ենք վիրաւոր հայ զինուորներին եւ մեր զոհուած հերոսների ընտանիքներին: Մեր «Վիրաւոր զինծառայողների աջակցութիւն» եւ «Վնասուած տան վերակառուցման եւ վերանորոգում» նախաձեռնութիւնները շարունակելու են օգնել այլ ընտանիքների այս տարածաշրջանում», աւելացրեց Ճանպազեանը:
(Հաղորդագրութիւնը՝ «Թուֆէնքեան»էն)