Ատրպատականի Հայոց թեմի հայաբնակ քաղաքների ու ամբողջովին հայկական գիւղերի եւ դրանցում գտնուող հայոց կառուցած յուշարձանների պատմութեան եւ ներկայ իրավիճակի գիտական ու դաշտային ուսումնասիրութիւնը կատարելով, հինգ տարիներ առաջ, 2017ին, թեմի առաջնորդ Գրիգոր արք. Չիֆթճեան հրատարակել էր սոյն նիւթին նուիրուած իր Ա. հատորը: Այն ընդգրկում է Թաւրիզի, Ուրմիայի, Արդաբիլի եւ դրանց շրջակայ գիւղերի 98 հայկական եկեղեցիներն ու դրանց պատմութիւնը, առաջին գիրքը լինելով սոյն վերնագրով եռահատոր մատենաշարին:
Սոյն մատենաշարի Բ. հատորը 2021ին լոյս տեսաւ Թաւրիզում, որը հեղինակը ամբողջութեամբ յատկացրել է Ղարադաղի վեց գաւառակների հայկական գիւղերի ուսումնասիրութեանը: Այնպէս ինչպէս գրքի յառաջաբանում ասում է սրբազանը, հեշտ չի եղել սոյն ուղեւորութիւնը դէպի Ղարադաղ՝ ներկայի Քալէյբար եւ Արասպարան շրջանը: Գիւղերի մեծ մասը հարթ ճանապարհ չի՛ ունեցել, իսկ ոմանք ամբողջութեամբ անանցանելի ճանապարհներ ունենալով, ստիպողաբար օգտուել են չորքոտանի փոխադրամիջոցներից:
Բ. հատորը, որը բաղկանում է 620 որակեալ էջերից, ներառում է Ղարադաղի նախկին հայկական 82 գիւղերի պատմութիւնը, որ գիտական ուսումնասիրութիւնից բացի, սոյն գիւղերին սրբազան հօր կողմից տրուած այցելութեամբ եւ այժմու տեղացի թուրք գիւղացիների հետ զրոյցներով՝ բանաւոր աղբիւրների օգտագործմամբ, նոր լոյս է սփռում տարածաշրջանում ապրած հայոց անցեալի պատմութեան վրայ:
Ղարադաղի վեց գաւառակները՝ Քէյւան, Մեշափարա, Մնջեւան, Հասանով Դըզմար եւ Արաքսպար այցելելով, անցեալ հինգ տարիների ընթացքին սրբազան հայրը տեղագրել եւ ուսումնասիրել է սոյն գաւառակներում գտնուող բոլոր հայկական եկեղեցիների, գերեզմանատների եւ սոյն գիւղերի հայ բնակիչներից մնացած տների եւ այլ յիշատակների հետքերը, նոյնիսկ դրանց աւերակներում վերապրած վերջին քարը:
Բ. հատորը, ինչպէս նախորդը, նոյնպէս ճոխացուած է գունաւոր բարձրորակ լուսանկարներով, որոնք կենդանի պատկեր են հաղորդում ուղեւորութիւնների ընթացքի մասին: Հատորի էջերում ներկայացուել եւ ուսումնասիրուել են նաեւ այն ձեռագրերն ու կիրառական արուեստի նմոյշները, որոնք սոյն գիւղերում են գրուել կամ ստեղծուել, եւ որոնք այսօր գտնւում են թեմի կամ այլ երկրների մատենադարաններում եւ թանգարաններում:
Գիտական սոյն մատենաշարի գրքերի վերջում զետեղուած են անձնանունների եւ տեղանունների ցանկերը, հեշտացնելով ուսումնասիրողների աշխատանքը:
Մատենաշարի բովանդակութիւնը մասնագիտական լինելով հանդերձ, լեզուն հանրամատչելի է եւ դիւրընթեռնլի, յատկապէս ինքնախօս լուսանկարների յարակցութեամբ: Ատրպատականում ապրած մեր նախնիներից ժառանգ մնացած մշակութային անգին հարստութեանց վերանորոգութիւնը կամ բոլորի պահպանութիւնը որպէս շէնք ու կառոյց անհնարին լինելով, յատկապէս հայաթափուած շրջաններում, սոյն գիրքը եւ ամբողջ մատենաշարը, որի Գ. հատորը պատրաստութեան ընթացքի մէջ է գտնւում, հայ դպրութեան միջոցով դրանց պահպանումն է եւ սրբազան հօր կողմից կտակումը՝ յաջորդող սերունդներին:
«ԱՐՏԱԶ»