Տաթեւիկ Սարգսեան

Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման համար յստակ քայլեր ձեռնարկելու եւ այդ նպատակով երկուստեք բանագնացներ նշանակելու յայտարարութիւնից յետոյ, թուրքական մամուլն ու տարածաշրջանով զբաղուող վերլուծաբանները ուշադրութեան կենտրոնում են պահում թեման` փորձելով կանխատեսել այս գործընթացի ապագան:
Չնայած թուրքական կողմը այս անգամ Հայաստանի հետ յարաբերութիւնների բարելաւման համար ուղղակի նախապայման չի դրել, այնուհանդերձ երկրի բարձր ղեկավարութեան յայտարարութիւններում կարմիր թելով անցնում է «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման:
Անկարայի համալսարանի պրոֆէսոր Եըլդըզ Դեւեջի Բոզքուշը «Անադոլու» գործակալութիւնում օրերս հրապարակուած յօդուածում գրում է, թէ Երեւան – Անկարա երկխօսութեան բանալին հէնց Զանգեզուրի միջանցքն է լինելու:
«Թուրքիան թուրքական աշխարհի հետ կապող այս միջանցքը խիստ կարեւոր նշանակութիւն ունի կովկասեան տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան հաստատման համար», գրում է Բոզքուշը:
Նա նշում է, թէ պաշտօնական Երեւանը, հաշուի առնելով կարգաւորման նախորդ փորձերի ձախողման պատճառները, պէտք է զերծ մնա հայկական Սփիւռքի ճնշումներից եւ սեփական գիծը առաջ տանի:
Թուրքական «Միլիյեթի» սիւնակագիր Հաքքը Օջալն էլ գրում է, թէ յարաբերութիւնների կարգաւորման փորձերը յաջողութեամբ կը պսակուեն միայն այն դէպքում, երբ Երեւանը անցեալում թողնի պատերազմը եւ Բաքուի հետ բարեկամութիւն հաստատի, ինչպէս նաեւ Թուրքիային պահանջներ չներկայացնի:
«Հայաստանի ղեկավարութիւնը, բացելով Զանգեզուրի միջանցքը, երկրի համար լաւ գործ կ՛անի, եւ այդ ճանապարհով երկու երկրներ ոչ միայն գնացքներ կը գնան, այլ նաեւ բարեկամութիւն», գրում է Օջալը:
Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» պարբերականի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էսդուգեանի կարծիքով, բանակցային գործընթացում նախապայմանները վստահաբար օրակարգ գալու են։ «Այդ նախապայմաններց գլխաւորը Զանգեզուրի միջանցքի խնդիրն է, որ անընդունելի է ցանկացած ինքնիշխան պետութեան համար: Միջանցքի պահանջը արդէն ինքնին բաւականին ամօթ երեւոյթ է», ասում է Էսդուգեան:
Էսդուգեանը ուշագրաւ դիտարկում է անում, թէ բանակցութիւններում հայկական կողմն էլ կարող է առաջ քաշել սեփական միջանցքի պահանջը` ճանապարհ դէպի Տրապիզոնի նաւահանգիստ։ «Ես յիշում եմ, որ տասներեք-տասնչորս տարի առաջ այս թեմայով յօդուած էի գրել: Ես միջանցք էի պահանջել Թուրքիայից` ի նպաստ Հայաստանի` Տրապիզոնի նաւահանգստում ազատ շուկայ, ազատ առեւտրի տարածք եւ մինչեւ Հայաստան հասնող երկաթուղի եւ բեռնատար ինքնաշարժների համար ցամաքային ճանապարհ», նշում է Էսդուգեան:
Խօսելով նոր-նոր նշմարուող երկխօսութիւնից Թուրքիայի հայութեան սպասումների մասին` Էսդուգեանն ասում է` անշուշտ կողմնակից են, որ իրենց բնակութեան երկրի ու հայրենիքի միջեւ լաւ յարաբերութիւններ լինեն, աւելացնելով. «Բայց այսօրուայ պայմանների մէջ մենք նոյն հանգստութեամբ այս բանը չենք կարող ասել` տեսնելով, որ Թուրքիայում իշխող կառավարութիւնը տակաւին շարունակում է իր հայատեաց կեցուածքը։ Այս պայմաններում այդ ցանկութիւնը այլեւս չունենք»:
Անկարայի շարժառիթների մասին գրում է «Մոնիտոր» ի թուրք յայտնի սիւնակագիր Ամբերին Զամանը: Թուրքիան, ըստ նրա, յոյս ունի, որ Հայաստանի հետ խաղաղութիւնը կ՛օգնի վերականգնել միջազգային հեղինակութիւնը, որը մեծապէս խաթարուել է երկրի ներսում մարդու իրաւունքների ոտնահարման, Արեւելեան Միջերկրականում եւ Սիրիայի հիւսիս-արեւելքում ռազմական ներխուժման պատճառով:
«Ազատութիւն»