Վերահրատարակուել է Ռուբէն Տէր Մինասեանի յոյժ արդիական գրքերից մէկը՝ «Հայաստանը Միջցամաքային Ուղիների Վրայ» աշխատութիւնը: Այն կարեւոր է յատկապէս աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով եւ ամբողջական պատկերացում է տալիս մեր տարածաշրջանի ու Հայկական լեռնաշխարհի պատմաքաղաքական անցեալի եւ ընթացող իրադարձութիւնների մասին: Աշխատութիւնը հասկանալի ու մատչելի դարձնելու նպատակով հրատարակւում է ժամանակակից ուղղագրութեամբ:
Ստորեւ ներկայացնում ենք այդ կարեւոր աշխատութեան վերահրատարակիչ Գագիկ Սարգսեանի ամփոփ նախաբանը գրքի երրորդ հրատարակութեան առիթով.
«Ռուբէն Տէր Մինասեանի «Հայաստանը Միջցամաքային Ուղիների Վրայ» աշխատութիւնը գրուել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ: Այն առաջին անգամ տպագրուել է Բէյրութում 1948 թուականին, իսկ երկրորդ անգամ՝ 1982 թուականին Թեհրանում:
Հեղինակի սոյն աշխատութիւնը, ըստ էութեան, հանդիսանում է մեր տարածաշրջանի, մասնաւորապէս՝ Հայաստան աշխարհի աշխարհաքաղաքական վերլուծութեան առաջին յաջողուած փորձը: Ռուբէնը նախքան հայկական լեռնաշխարհին անդրադառնալը մանրամասն ներկայացնում է եւրոպական եւ ասիական երկրների, հիմնականում հզօր խաղացողների շահերն ու նկրտումները, Ասիան Եւրոպային կապող ճանապարհների, Արեւելքի եւ Արեւմուտքի պատմաքաղաքական անցեալի, հակադրութեան, մրցակցութեան հիմնական պատճառներն ու շեշտադրումները եւ այդ ամէնի համատեքստում՝ մեր հայկական շահերն ու անելիքները:
Հայկական լեռնաշխարհը Ռուբէնը ներկայացնում է որպէս բերդամրոց եւ գիտականօրէն հիմնաւորում այդ բերդամրոցի կարեւորութիւնը նրան շրջապատող մերձաւորարեւելեան ու կովկասեան երկրների անվտանգութեան հարցում: Կայ հայկական բերդը, որը անվտանգութեան պատնէշ է հարեւան երկրների համար, ուրեմն կայ խաղաղութիւն հարեւան երկրներում, կայ խաղաղ գոյակցութիւն Մերձաւոր Արեւելքում՝ ընդհանրապէս: Ռուբէնի կատարած աշխարհաքաղաքական վերլուծութեամբ գիտականօրէն հիմնաւորւում է Միացեալ Հայաստանի ստեղծման ու աշխարհասփիւռ հայութեանը նոյն յարկի տակ միաւորելու՝ մեր անքակտելի իրաւունքը, եւ դա էլ այս բարձրարժէք աշխատութեան հիմնական մեխն է ու նպատակը:
Գրուած լինելով 75 տարի առաջ՝ այն այսօր էլ աւելի քան արդիական է. նոյն խաղացողները, գրեթէ նոյն բաներն ու նպատակները»:
«ԵՐԿԻՐ»