Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2021ի վերջին` 4րդ համարը, 339 էջ ծաւալով ու հարուստ բովանդակութեամբ:
«Պանթիւրքական Խորհրդանիշների Գաղտնիքը» վերտառութեամբ խմբագրականում փորձ է արուել վերլուծելու եւ ամփոփելու 2021ի ընթացքում Թուրքիայի ղեկավարութեան եւ Ադրբեջանի ու Ղազախստանի ղեկավար դէմքերի այն բացայայտ կամ քօղարկուած քայլերը, որոնք միտուած էին համաթիւրքական կառոյցների ձեւաւորմանը եւ ամենակարեւորը` այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցք»ի բացմանը:
Խմբագրականը բացայայտում է այն իրողութիւնը, որ ինչպէս 44օրեայ պատերազմի ընթացքում, 2021ին եւս այդ քայլերը ճշգրտօրէն համընկել են պանթիւրքիստների համար խորհրդանիշների դեր ունեցող յոբելեանական տարեթուերին: Ուստի դրանց խորքային իմաստներին տեղեակ լինելով` ապագայում կարող ենք խուսափել նոր անակնկալներից:
Համարում մեծ տեղ է յատկացուել գիտական քննութեանը պատմական այն կարեւոր իրադարձութիւնների, որոնք Հայաստանի ներկայ քաղաքական վիճակում կրկնակի աղաւաղման են ենթարկւում` բեկուելով հակադիր քաղաքական արեւելումների ոսպնեակների մէջ: Առաջնորդուելով ճշմարտութեան բացայայտման նպատակադրումը յստակացնող «ինչպէ՞ս է եղել իրականում» սկզբունքով` «Վէմ»ի յօդուածագիրներն այդ ճանապարհով փորձել են բացայայտել Հայաստանի Հանրապետութեան հանդէպ 1919-1920ին Միացեալ Նահանգների որդեգրած քաղաքական դիրքորոշումները (Արմէնուհի Վ․ Ղամբարեան), 1921ի Կարսի պայմանագրի ստորագրման ու գործադրման ընթացակարգերը (Արմէն Ց. Մարուքեան) եւ այլ վիճելի հարցեր: Նման մօտեցումը այսօր քարոզչական նպատակներով աղաւաղուող ոչ վաղ անցեալի իրական պատկերը վերականգնելու նախապայմանն է:
2021ի իր վերջին համարում «Վէմ» հանդէսը տեղ է յատկացրել միշտ էլ իր յատուկ ուշադրութեան կենտրոնում եղող այնպիսի թեմաների, ինչպիսիք են «Սփիւռք» ուրոյն երեւոյթի քննութիւնը (Հրածին Վ. Վարդանեան), հայ-քրդական յարաբերութիւնների անյայտ էջերը (Արամ Ս. Սայիյեան) եւ այլն: Շարունակուել է նաեւ մեր նոր սերնդի աշխարհայեացքի ձեւաւորման համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող` հերոսների պաշտամունքի ու հերոսականութեան գիտական ուսումնասիրութեան հիմքերը դրած Թոմաս Քարլայլի կոթողային աշխատութեան համակողմանի քննութիւնը (Գէորգ Ա. Ճաղարեան):
«Վէմ» հանդէսի 2021ի 4րդ համարում (https://vemjournal.org/) տեղ են գտել նաեւ այլ ուշագրաւ հրապարակումներ: