
Ապուլեանը մտամոլոր տեղաւորուեց թախտի վրայ, ես կանգնած պատուհանի առջեւ՝ դիտում էի լայն բակը: Բնութիւնը այնպէ՜ս խաղաղ էր: Արեւի բարկ ճառագայթները ողողել էին ամէն կողմ: Ճնճղուկների երամները, աղմուկով, թաւալում էին փոշու մէջ: Մի քանի ոչխարներ խմբուած էին բակի անկիւնում: Մի էշ, ծառի տակ, գլուխը կախ՝ խոկում էր աշխարհի ունայնութեան մասին: Իմ հոգին, սակայն, խաղաղ չէր: Մի չար կասկած կրծում էր ուղեղս: Հապա եթէ գիշերը տանեն, սահմանին վրայ գնդակահարեն ու յետոյ ասեն, թէ ռուսներն են սպաննե՜լ… «Սէր քոմիսէր»ի լկտի դէմքը աչքիս առջեւ էր: Թուրքից ամէն բան կարելի էր սպասել:
Ամբողջ ուշադրութիւնս դուրսն էր: Չէի տեսնում, թէ ինչ էր կատարւում շուրջս: Անորոշ կերպով նկատեցի, սակայն, որ մի երիտասարդ «ժանտարմ» (ոստիկան), հեռուից, հետեւում էր ինձ: Մէկ էլ, արագ կերպով, նա մօտեցաւ, կանգնեց մօտս եւ, առանց ինձ նայելու, սկսեց դիտել բակը: Ու աննկատելի կերպով շշնջաց.
– Ընկեր Վրացեան, զիս ճանչցա՞ք. ես եաղանցի Գրիգորն եմ: Ի սէր Աստծոյ, աշխատեցէք ցերեկով անցնել սահմանը, գիշերը ձեզ կը սպանեն…
Ու նոյնքան արագութեամբ հեռացաւ:
Եաղանցի Գրիգո՜րը. Ինչպէս չէ, ճանաչում էի: Երբ մի քանի տարի առաջ, «Յառաջ»ի խմբագիր էի Կարինում, նա եկել էր մօտս, խմբագրատուն, խնդրելու, որ օգնեմ իրեն ժանտարմների դպրոցը ընդունուելու: Ռոստոմի եւ Ատրունիի աջակցութեամբ յաջողել էր դպրոց մտնել, եւ այժմ այստեղ ժանտարմ էր: Որտեղի՜ց որտեղ – Ի՜նչ հանդիպում…
Ուրեմն, կասկածներս անհիմն չէին – գիշերը պիտի սպանեն մեզ: Բայց ի՞նչպէս ազատուել: Ի՞նչպէս համոզել «միւտիր»ին (տնօրէնին), որ մեզ ազատ ձգէ:
Առանց Գրիգորի ասածը յայտնելու, համոզեցի Ապուլեանին, որ մի անգամ էլ տեսնուի միւտիրի հետ եւ խնդրի մեզ արտօնելու ցերեկը անցնել սահմանը: Ապուլեանը վերարկուի գրպանները քրքրեց ու գտաւ մի հին այցետոմս, որի վրայ թուրքերէն նշանակուած էր իր անունը եւ Սանասարեանի տեսչի պաշտօնը: Մի ժանտարմ այցետոմսը տարաւ միւտիրին: Քիչ անցած՝ Ապուլեանը հրաւիրուեց միւտիրի մօտ: Եւ մի քանի վայրկեանից վերադարձաւ՝ մռայլ ու նզովելով: Միւտիրը կտրուկ մերժել էր. հրամանը Կարինից էր, սահմանը պէտք է անցնենք գիշերով:
Ի՞նչ կարող էինք անել: Մնում էր, սպանդանոց տարուող ոչխարի պէս, անմռունչ սպասել ճակատագրի տնօրինութեան:
Ապուլեանը բռնեց իր թախտը. ես, պատուհանի առջեւ դիտում էի դուրսը: Ուղեղիս մէջ հազար տեսակ մտքեր էին վխտում: Փախչե՞լ – անկարելի էր. շրջապատուած էինք ժանտարմներով: Եաղանցի Գրիգորի օգնութեա՞ն դիմել, բայց ի՞նչ կարող էր անել խեղճ տղան, որ հեռուից ահով ու կարեկցութեամբ դիտում էր մեզ: Ո՛չ մի ելք: Թո՛ղ ճակատագիրը տնօրինէ ինչ որ պիտի տնօրինէ: Ես հաւատում եմ ճակատագրին:
Մէկ էլ, հեռուից, փոշու մի ամպ երեւաց: Մի խումբ ձիաւորներ մօտենում էին մեր կողմը: Հասան: Մտան բակը: Առջեւից՝ մի սպայ: Ետեւից՝ մի տասնեակ թուրք զինուորներ: Սպան արագ շարժումով ցատկեց ձիուց: Թափ տուեց վրան: Ոտները զարկեց գետնին, թօթափեց իր վրայի փոշին: Մի վայրկեան դիտեց շուրջը, մի ակնթարթում ուղղուեց մեր կողմը, կանգ առաւ ղովուշի դրան առջեւ եւ կոտրուած ռուսերէնով.
– Վրացեան էֆենտի, դո՞ւք այստեղ ինչ էք անում:
Շուարած դիտում էի նրան:
– Ինձ չճանաչեցի՞ք: Մոռացե՞լ էք Հասան պէյին, ձեր աշակերտին…
Ա՜, Հասան պէյը, ի՞նչպէս չէ. ճանաչեցի: Իմ Կարին ապրած տարին, մի օր, «Յառաջ»ի խմբագրատունը եկան երկու թուրք սպաներ. լսել էին, որ ես Պետերպուրկի համալսարանից եմ եւ ուզում էին ինձանից ռուսերէն լեզուի դասեր առնել: Ես սիրով յանձն առի եւ վեց-եօթը ամիս անընդհատ պարապեցի նրանց հետ: Բաւական շուտ սովորեցին կարդալ-գրել ու մի քիչ էլ խօսել: Դասերից դուրս էլ, յաճախ հանդիպում էինք իրար: Համակրելի երիտասարդներ էին: Ինձանից ռուսերէն գրքեր էին առնում կարդալու եւ իրենց տպաւորութիւնն էին յայտնում կարդացածի մասին: Մի խօսքով՝ բարեկամացել էինք:
Փորձեցին ինձ վճարել դասերի համար – մերժեցի: «Թող այդ էլ իմ հայրենասիրական պարտականութիւնը լինի», ասացի: Երեւի այդ խօսքը որոշ տպաւորութիւն էր թողել նրանց վրայ:
(…)
Ահա այդ սպաներից մէկն էր Հասան պէյը, որ այժմ Քէօթակի ճակատի հրամանատար էր եւ ինձ հանդիպում էր ժանտարմների «ղովուշ»ում (մեծ սենեակը):
– Դուք այստեղ ի՞նչ էք անում, ո՞վ է բերել ձեզ, ինչո՞ւ համար, անվերջ հարցնում էր նա:
Ես ի՞նչ գիտէի, թէ ինչ եմ անում, կամ ինչո՞ւ համար էի եկել այստեղ: Պատմեցի մեր գլխին եկածը եւ ծանօթացրի պրն. Ապուլեանի հետ, որի անունը ծանօթ էր նրան:
Հասան պէյը վրդովումով լսեց պատմութիւնս եւ հրաւիրեց, որ հետեւենք իրեն: Միւտիրն էլ արդէն հասել էր եւ լուռ դիտում էր տեսարանը:
Գնացինք միւտիրի հիւրասրահը: Հասան պէյը հրամայեց անմիջապէս ոչխար մորթել եւ շուտով ճաշ պատրաստել: