ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳԼԵՆԴԵԼԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆԻ ՀԵՏ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի քաղխորհրդի ընտրութիւններին մասնակցում է հասարակական, քաղաքական գործիչ, աւելի քան երկու տասնամեակ հայ համայնքում աշխուժ դերակատարում ունեցող երիտասարդ հայ կին` Էլեն Ասատրեանը: Իր գործունէութեան ընթացքում նա ծառայել է տեղական եւ տարածքային տարբեր կազմակերպութիւնների խորհուրդներում, ներառեալ` Գլենդելի քաղաքապետարանի Այգիների, Հանգստավայրերի եւ համայնքային հարցերով յանձնախմբում որպէս նախագահ, Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան շրջանում եւ յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղումում որպէս ատենապետ: Ներկայում, նա Դեմոկրատական կուսակցութեան Լոս Անջելեսի մարզի Կենտրոնական կոմիտէիի անդամ է: «Ասպարէզ»ին տրուած հարցազրոյցում, Էլեն Ասատրեանը ներկայացնում է գործունէութեան մանրամասներ ու նախընտրական ծրագրերը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ե՞րբ եւ ինչպէ՞ս սկսուեց ձեր քաղաքական գործունէութիւնը:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ․- Տասնհինգ տարեկան էի, երբ դպրոցական խորհրդի ժողովում բողոքի ձայնս բարձրացրեցի հայ աշակերտների նկատմամբ խտրականութեան դէմ, որ այդ տարիներին բաւական տարածուած էր Գլենդելի դպրոցներում: Նոյն հարցով նաեւ պայքարել եմ Գլենդելի քաղաքապետարանում. քաղխորհրդի հանրային նիստերին մի կին էր մասնակցում, ով ամէն իր ելոյթում վատաբանում էր հայերին: Տասնվեց տարեկան էի, եւ արդարութիւնն արդէն գերնպատակ էր իմ համար: Հայ համայնքի դէմ դրսեւորուող անարդար վերաբերմունքը ոչ միայն մտահոգում էր ինձ, նաեւ` չէի հասկանում, թէ ինչու մարդիկ չեն պատասխանում նման վերաբերմունքին: Հանդէս եկայ քաղխորհրդի նիստում եւ պահանջեցի, որ այդ կնոջ ելոյթի ժամանակ բարձրախօսն անջատեն, եւ առիթ չտան նրա խօսքի տարածմանը: Այդպէս էլ արեցին, ու այդ կինը երբեք այլեւս չվերադարձաւ:

Գլենդելի Հերբերտ Հուվեր հայ սքուլի աշակերտ էի եւ միաժամանակ` հայկական ակումբի նախագահն էի, երբ առաջին անգամ մասնակցեցի նախընտրական արշաւի: 1999 թ․ին Րաֆֆի Մանուկեանն իր թեկնածութիւնն էր առաջադրել Գլենդելի քաղխորհրդում եւ ես էլ այդ ժամանակ դպրոցի հայկական ակումբի նախագահն էի, եւ ակումբակիցներիս հետ որպէս կամաւոր մասնակցեցի ընտրարշաւին: Ինձ շատ հոգեհարազատ դարձաւ այս գործը, եւ կարծում եմ, որ այդ պահին եմ գտել իմ կիրքը հանրային ծառայութեան ոլորտում` տեսնելով, թէ ինչպէս է հնարաւոր ազդեցութիւն ունենալ մարդկանց ամէնօրեայ կեանքի վրայ:
Այդ ժամանակ մենք նաեւ արձանագրեցինք հինգ հազար հայ բնակչի, եւ փոխեցինք Գլենդելի քաղաքական դիմագիծը: Դա առաջին ընտրութիւնն էր, որ հայ համայնքը հայկական քուէով կարողացաւ ընտրել իր ներկայացուցչին: Մարդկանց ներգրաւել որոշումների կայացման գործընթացում, այդ ընթացքում ծանօթանալ համայնքի տարբեր խնդիրներին, այս ամէնն առիթ դարձան, որ մտնեմ քաղաքական աշխարհ: Առաջին փորձիցս յետոյ, մասնակցել եմ Փօլ Գրիգորեանի, Ադամ Շիֆի, եւ բազմաթիւ այլ քաղաքական գործիչների ընտրարշաւների: 19 տարեկանում, առաջին հայ կինն էի, որ ղեկավարեցի ընտրարշաւ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս դրսեւորուեց ձեր յետագայ գործունէութիւնը քաղաքական կեանքում:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ․- «Եու․Սի․Էլ․Էյ․» համալսարանի Քաղաքագիտութեան եւ փիլիսոփայութեան բաժինն աւարտելուց յետոյ հրաւէր ստացայ աշխատելու Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի գրասենեակում, եւ 2006 թուականին գլխաւորեցի Գլենդելի մասնաճիւղը: Այս պաշտօնում, մասնակցել եմ 2007, 2009, 2011 թթ.ին տարբեր թեկնածուների արշաւներին, գլխաւորել եմ Հայ Դատի յանձախմբի «Հայ վոթս» ծրագիրը, որի նպատակն էր հայ համայնքին առաւել ներգրաւուել քաղաքական գործընթացներում` ընտրութիւններին մասնակցելու միջոցով: Այս նախաձեռնութեան շրջանակներում, հնարաւոր եղաւ երկու տարուայ ընթացքում արձանագրել յիսուն հազար հայ ընտրողի միայն Լոս Անջելեսի մարզում: Ծրագիրն ընդլայնուեց, ու մեր համայնքի ձայնը որոշիչ դարձաւ տարբեր պաշտօնների համար պայքարող թեկնածուների համար:
Այդ տարիներին, Գլենդելի տեղական ինքնակառավարման մարմիններում հայերի ներգրաւածութեան պատկերն այլ էր` շատ կառոյցներում չունէինք հայ աշխատողներ, եւ հիմնական պատճառներից էր խտրականութիւնը: Ոստիկանական բաժանմունքում, օրինակ հայերին դժուարութեամբ էին աշխատանքի ընդունում, եւ եթէ նոյնիսկ ընդունում էին` ապա շատ ցածր պաշտօններում: Այս խնդիրը լուծելու համար ստեղծեցինք ծրագիր, եւ մէկ տարուայ ընթացքում տասնհինգ հայ ոստիկան ընդունուեց աշխատանքի:
Ընտրուած պաշտօնեաների հետ աշխատանքի արդիւնքում, կարողացանք իրականացնել մի շարք օրէնքների փոփոխութիւններ: Այդպիսով յաջողուեց փոխել նաեւ քաղաքի մթնոլորտը: Մեծ աշխատանք ենք տարել նաեւ դպրոցների հետ, ստեղծեցինք դասերից յետոյ անվճար ուսուցման ծրագիր: Համայնքի համար կազմակերպել ենք անվճար իրաւաբանական ծառայութիւններ:
Իմ համար միշտ կարեւոր է եղել կերտել ճանապարհ գալիք սերունդների համար: Այս մտայնութեամբ, երիտասարդների համար ստեղծեցի ինթերնշիփ (վարժողական աշխատանք) եւ ֆելօշիփ (վարժողական շրջանի հիմնադրամ) ծրագրեր, որպէսզի իրենք էլ կարողանան մուտք գործել քաղաքական աշխարհ: Հիմնադրեցինք եւս մէկ` «Ուղի դէպի համալսարան» ծրագիրը, որի նպատակն էր աշակերտներին եւ նրանց ծնողներին ծանօթացնել կրթական համակարգին եւ օգնել իրենց երեխաներին ընտրել բարձրագոյն ուսումը շարունակելու համապատասխան կրթօջախ: Ես ժամանակին բախուել եմ այս խնդրին. տասը տարեկան էի, երբ տեղափոխուեցինք ԱՄՆ, եւ ինչպէս միւս ներգաղթեալները, շատերի նման ես ու ծնողներս չէինք լաւ հասկանում համալսարանների, նրանց կողմից առաջարկուող ծրագրերի տարբերութիւնը: Մէկ այլ խնդիր էր, որ ծնողներս չէին համաձայնւում, որ ապրենք համալսարանի կացարաններում: «Ուղի դէպի համալսարան» ծրագրի շրջանակներում իմ նպատակն էր, նաեւ հանդիպումներ կազմակերպել հանրակացարաններում բնակուած ուսանողների ծնողների եւ այս հարցում խնդիրներ ունեցող ծնողների հետ, որպէսզի պատասխաններ տրուեն բոլոր հարցերին:

Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի գրասենեակի աշխատանքը ներառում էր նաեւ Արցախի եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցերը: Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օրը Գլենդելի դպրոցների փակումը եղել է մի ծրագիր, որի ուղղութեամբ, հպարտօրէն կարող եմ ասել, որ մեծ աշխատանք եմ կատարել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբում ձեր աշխատանքը շարունակուել է որպէս Արեւմտեան շրջանի տնօրէն: Ի՞նչ ձեռքբերումներ կը յիշատակէք:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- 2013 թուականին նշանակուեցի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի տնօրէն: Այս շրջանը ներառում է ԱՄՆ 19 նահանգ: Իմ համար կարեւոր էր կենտրոնանալ այն նահանգների վրայ, որտեղ Ցեղասպանութիւնն ընդունուած չէր, եւ մեր գրասենեակը լայնածաւալ աշխատանք կատարեց օրէնսդրական մակարդակով ճանաչման համար: Ուրախ եմ նշելու, որ իմ պաշտօնավարման ընթացքում նշուած բոլոր նահանգները ճանաչեցին Հայոց Ցեղասպանութիւնը:
Աշխատանքային իմ ամենահաճելի պահերից էր տարբեր նահանգներ այցերն ու ծանօթութիւնը տեղի հայերի հետ: Բացայայտեցի, թէ որքան մեծ ու հզօր համայնքեր ունենք, որտեղ հայկական հարցերի շուրջ երբեւէ աշխատանք չի տարուել: Օրինակ Այդահոյի մայրաքաղաք Բոյզիի հայ համայնքը ձեւաւորուել է 1919 թուականին, եւ հիմնականում Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգներն են: Երկու ժամ հեռաւորութեան վրայ գտնուող քաղաքի հայ համայնքը կազմուած է հիմնականում Բաքուի ջարդերից փրկուած հայ փախստականներից, ովքեր հիմնականում խօսում են ռուսերէն, եւ ո՛չ հայերէն, ո՛չ անգլերէն: Թեքսասի Հիւսթոն քաղաքի հայ համայնքն էլ հայախօս չի, եւ հայկականութիւնը գրեթէ պահպանուած չէ:
Կալիֆորնիայում առաջնայնութիւններից էր դպրոցական համակարգում ներառել Հայոց Ցեղասպանութեան պարտադիր դասաւանդումը, եւ 2014 թուականին, մեր աշխատանքի արդիւնքում այն իրականութիւն դարձաւ: Նոյն թուականին, Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախութիւնը: 2014ին նաեւ ստեղծեցինք եւ հովանաւորում էինք Սակրամենտոյում իրականացուող 9 ամսեայ ծրագիր, որի շրջանակներում ընտրում էինք հայ երիտասարդների եւ նրանց աշխատանքի տեղաւորում ընտրուած պաշտօնեայի գրասենեակում:
Կը ցանկանայի ընդգծել Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի առիթով ստեղծուած յանձնաժողովի մասին, որի կարեւորութիւնը կայանում էր նաեւ նրանում, որ մեր ծրագրում ներգրաւեցինք ոչ-հայկական կառոյցների, եւ ստեղծեցինք գործընկերութիւններ` արհմիութիւնների, էթնիկ փոքր կազմակերպութիւնների, հրեայ համայնքի հետ, ովքեր միացան մեր երթին ու մեր դատին, եւ համագործակցութիւնը շարունակւում է մինչ այսօր: Նրանք մեզ միացան նաեւ Արցախի համար մեր պայքարում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նաեւ հասարակական գործունէութիւն էք ծաւալում, Դեմոկրատական կուսակցութեան Լոս Անջելեսի մարզի Կենտրոնական կոմիտէի անդամ էք:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- 2017 թուականին թողեցի Հայ Դատի յանձնախմբի տնօրէնի պաշտօնը, որովհետեւ համոզմունք ունեմ, որ երկար ժամանակ նոյն պաշտօնում չպէտք է մնալ, եւ պէտք է առիթ տալ յաջորդ սերունդներին նոր շունչ բերելու: Նոյն թուականին բացեցի խորհրդատուական ընկերութիւն, որը զբաղւում է այն աշխատանքով, որ միշտ սիրել եմ, մասնաւորապէս` օրինագծների պատրաստմամբ եւ օրէնսդիր մարմնում դրանց ներկայացմամբ ու անցկացմամբ, ընտրապայքարների կազմակերպմամբ:
Նշեմ օրէնքներից մէկը, որ ինձ յաջողուեց անցկացնել: Կալիֆորնիայում արգելւում էր վաճառել տանը պատրաստած ուտեստներ: Այս օրէնքը փոխելու համար, ինձ դիմեց «Դիշդիվի»ի հիմնադիրը, մի հայ կին, ում ստեղծած ընկերութեան նպատակն էր հնարաւորութիւն տալ տանը պատրաստել եւ վաճառել ուտեստներ յատուկ ստեղծուած հաւելուածի միջոցով: Նա դարձաւ իմ յաճախորդը եւ յիշարժան էր այդ օրը, երբ 2018 թուականին մեր մշակած օրինագիծն ընդունուեց Կալիֆորնիայի խորհրդարանում:

Ընտրապայքարներ եմ կազմակերպել եւ վարել Եուտայում, Կոլորադոյում, եւ այլ նահանգներում` օգնելով այն մարդկանց, ում հետ գաղափարակից եմ եղել:
Խորհրդատուական ընկերութիւնները երբեմն ընկալւում են անսկզբունքային, եւ նիւթականով առաջնորդուող, սակայն ես ներգրաււում էի միայն այն աշխատանքներում, ինչին հաւատում եմ: Սա առիթ է տուել, որ աշխուժ լինեմ այն հարցերի շուրջ, որոնք ինձ յուզում են` մեծ պայքար եմ տարել հաշմանդամութեան եւ առողջապահութեան ոլորտում, պայքարել կանանց իրաւունքների համար:
2020 թուականին, երբ առաջադրուեցի Դեմոկրատական կուսակցութեան Լոս Անջելեսի մարզի Կենտրոնական կոմիտէի անդամ, որոշմանս հարցում կարեւոր դեր կատարեց այն, որ այդ կառոյցում մեր համայնքից ներկայացուցիչ չկար: Ընտրուելուց ի վեր, վերջին երկու տարուայ ընթացքում ներկայացրել եմ բանաձեւէր` թէ՛ Թուրքիայի, թէ՛ Ադրբեջանի դէմ, աշխատանք եմ տարել հայ ռազմագերիների վերադարձի ուղղութեամբ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գլենդելի քաղաքապետարանում ընդգրկուած էք վաղուց` որպէս Այգիների, հանգստի եւ համայքային ծառայութիւնների յանձնախմբի անդամ եւ յետագայում տնօրէն: Ինչո՞վ էր պայմանաւորուած Գլենդելի քաղխորհրդի ընտրութիւններում մասնակցելու ձեր որոշումը:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Կարծում եմ հասունացել էր պահը, եւ քորոնաժահրի համաճարակը դարձաւ ամենամեծ խթանը, որ թեկնածութիւնս առաջադրեմ այս ընտրութիւններում: Այդ օրերին, ընտրուած պաշտօնեաների կողմից ոչ-համարժէք գործունէութիւնն իմ համար անընդունելի էր: Համախոհներիս հետ միասին, ամիսներ շարունակ, ամէն օր, կամաւոր հիմունքներով հազարաւոր մարդկանց ենք օգնել դիմելու գործազրկութեան, եւ այլ կարիքների համար աջակցութեան: Լոս Անջելեսի մարզի, նահանգի, Գլենդելի քաղխորհրդի հետ աշխատում էի, որպէսզի տեղեկատուութիւնն առաւել հասանելի դառնայ հանրութեանը, օգնում էինք այն տարածել լրատուամիջոցներով: Շատ դէպքերում, պարզւում էր, որ անգլերէնի խնդիր կայ, եւ այս հարցը լուծելու համար, պահանջում էինք, որ գործող կենտրոններում աշխատանքի ընդունեն նաեւ հայ աշխատակիցների:
Ցանկանում եմ, որ մեր քաղաքը կառավարող մարմինը բնակիչներին եւ գործարարներին ընդունի որպէս ընտանիքի անդամ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր նախընտրական ծրագրում ի՞նչ հարցերի էք առաջնայնութիւն տալիս:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- 2015-2018 թուականներին, Գլենդելի քաղաքապետարանի Այգիների, հանգստի եւ համայքային ծառայութիւնների յանձնախմբում իմ գործունէութեան ընթացքում, առաջարկել եմ օրէնքներ, այդ թւում` ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար, որ նրանց երեխաները կարողանան օգտուել մեր բոլոր ծառայութիւններից առանց յաւելավարձերի: Որպէս քաղխորհրդի անդամ շարունակելու եմ աշխատել ընտանիքների կեանքը Գլենդելում առաւել յարմարաւէտ դարձնելու ուղղութեամբ:

Ինձ մտահոգող հարցերից է նաեւ կանաչ տարածքների սակաւութիւնը քաղաքում, ինչն ազդում է ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեկան առողջութեան վրայ: Տարիներ շարունակ բողոքել եմ, որ օրինակ, Սենթրալ պողոտայում կառուցուած շինութիւնները շրջապատուած լինէին կանաչ տարածքներով, լինեն նստարաններ: Սա նաեւ կը նպաստի, որ խցանումները նուազեն, որովհետեւ մարդիկ մեքենայից դուրս կը գան, կը սկսեն քայլել, եւ միմեանց հետ շփուել: Ես ինքս քայլող եմ, եւ չեմ կարծում, որ Գլենդելը հետիոտնի համար ընկերական քաղաք է: Յուսով եմ, որ կը կարողանանք քաղաքը կանաչապետել եւ աւելացնել մատչելի բնակարանների թիւը:
Իմ առաջնայնութիւններից է քաղաքապետարանի ծրագրաւորման վարչութեան վերափոխումը: Տան բարեկարգումներ անելու համար, բնակիչը չպէտք է մեծ գումարներ մուծի թոյլտուութեան համար, եւ դիմումը չպէտք է դիտարկուի Ձեւաւորումը դիտարկող խորհրդում: Պէտք է պահպանել քաղաքի տեսքը, բայց քաղաքապետարանը չպէտք է որոշի, թէ ինչ գոյն պէտք է ունենայ պատուհանդ կամ դուռդ: Մարդիկ իրենց տունը գնում են մի երազանքով, որ հնարաւորութիւն ունենան այն կառուցել իրենց ցանկութեամբ:
Մէկ այլ հարց, որին հետամուտ կը լինեմ` Գլենդելը մշակութային քաղաք դարձնելն է: Ես արուեստասէր եմ, եւ ցանկանում եմ, որ քաղաքապետարանը խթանի, ընդլայնի համագործակցութիւնը տարբեր արուեստագէտների, մշակութային կազմակերպութիւնների հետ: Քաղաքում պէտք է շատ լինեն բացօթեայ համերգները, միջոցառումներ:
Ընտրուելու դէպքում, գործունէութեանս հիմնական բաժիններից է լինելու բնակիչների համար նախատեսուած քաղաքապետարանի ծրագրերի մասին իրազեկութեան բարձրացումը` յատկապէս հանրութեան այն հատուածի համար, ովքեր անգլերէն լաւ չհասկանալու պատճառով չեն կարողանում օգտուել ընձեռուած հնարաւորութիւններից:
Համաճարակի օրերին, քաղաքապետարանը մեծահասակների համար մի ծրագիր էր ստեղծել, եւ այդ մասին տեղեկութիւնը տեղադրել էին «Թուիթեր» ընկերային հարթակում: Ես կապ հաստատեցի քաղաքապետարանի աշխատողի հետ, եւ ասացի, որ եթէ կարծում է, որ աշխատանքը կատարել է` այո, սակայն նպատակին չի հասել, քանի որ տարեցները չեն օգտւում այդ հարթակից: Հաղորդակցութիւնը, պէտք է լինի այնպէս, ինչպէս կը վարէիր քո անձնական գործը: Այս մշակոյթը փոխելը կարծում եմ երազանք չէ, եւ քաղխորհրդի անդամների պահանջի դէպքում, համակարգն առաւել արդիւնաւէտ կը գործի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յունիսի եօթին նախատեսուած ընտրութիւններն ի՞նչ առանձնայատկութիւններ ունեն: Ձեր ընտրարշաւի ժամանակ ինչպիսի՞ աջակցութեան կարիք ունէք:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Գլենդելի քաղխորհրդի ընտրութիւնները, նոր փոփոխութիւնների համաձայն, տեղի են ունենում կա՛մ նախագահական, կա՛մ միջնաժամկէտ ընտրութիւնների ժամանակ: Դա մեծ ազդեցութիւն է ունենում հայ թեկնածուի հարցում, քանի որ այս ընտրութիւններում, թեկնածուները չեն ընտրւում հիմնականում տեղական քուէով: Նախկինում, օրինակ, Գլենդելի ընտրութիւններին մասնակցել է 18 հազար մարդ, եւ հայկական ութ հազար քուէով, կարողացել ենք ընտրել մեր թեկնածուին: Ներկայում, թեկնածուն պէտք է կարողանայ քուէ ապահովել նաեւ այլ համայքներից, բայց մեր դէպքում, իհարկէ, հիմնականը պէտք է լինի հայ քուեն:
Այս ընտրութիւնները տարբեր են նրանով, որ արձանագրուած բոլոր քաղաքացիները Մայիսի 9ին ստանալու են քուէաթերթիկ` անկախ նրանից, թէ նախկինում արձանագրուած եղել են տանից քուէարկելու համար, թէ ոչ: Եթէ մարդիկ ցանկանում են գնալ ընտրատեղամաս քուէարկելու, կարող են ստացած թերթիկը տանել յանձնել տեղամասում եւ քուէարկել, կամ ներկայանալ, տեղեկացնել, որ քուէաթերթիկ չեն ստացել, ձեռք բերել նորը եւ ընտրել:
Ընտրութիւնների մէկ այլ կարեւոր բաղկացուցիչ են համարւում նուիրատուութիւնները, որոնք օգտագործւում են ընտրարշաւի համար: Ուրախ եմ, որ բաւական մեծ նուիրատուութիւմ եմ ստացել, սակայն դեռ կարիք կայ: Այս պահին իմ համար առաւել ցանկալի է մարդկանց մասնակցութիւնը, եւ նախըտրում եմ հաւաքել քիչ գումար շատ մարդկանցից: Նուիրատուութիւն կարելի է կատարել իմ կայքի միջոցով:
Ընտրարշաւը սկսուել է, եւ ուրախ կը լինեմ, եթէ մարդիկ ցանկութիւն յայտնեն որպէս կամաւոր օգնել գրասենեակում` մաս կազմելով տեղեկատուական արշաւին: Նրանց գործառոյթներից են հեռախօսազանգերը, Գլենդելի բնակիչներին այցելելը եւ ծանօթացնելը ինձ ու իմ ծրագրերին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որքանո՞վ է կարեւոր հայ ընտրողների մասնակցութիւնն այս ընտրութիւններին: Ձեր ուղերձը հայ համայնքին:
ԷԼԵՆ ԱՍԱՏՐԵԱՆ.- Այս պահին շուրջ 90 հազար հայ է բնակւում Գլենդելում, որից մօտ 35 հազարը արձանագրուած է: Եթէ նրանք քուէարկեն, մենք ուժ կ՛ունենանք: Յորդորում եմ քուէարկել այն թեկնածուների օգտին, ովքեր տարիների ընթացքում ներդրում են ունեցել, աշխատել են համայնքի համար: Չպէտք է լինես ընտրուած պաշտօնեայ, որ սկսես գործել, փոփոխութիւն առաջացնել քո համայնքում: Ես միշտ թեկնածուի մէջ փնտռել եմ այն, որ իր գործունէութեամբ ինչ-որ կերպ բարելաւել է իր քաղաքը, համայնքը, նահանգը, այլ ոչ թէ դա արել է պարտադրուած պաշտօնից:
Իւրաքանչուր ձայն հաշուըւմ է: Կոչ կ՛անեմ մեր հայրենակիցներին պատասխանատուութիւն ստանձնել սեփական ապագայի նկատմամբ եւ մասնակիցը դառնալ որոշումների կայացման:
