ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Պետական ծառայողների միջազգային միութեան մասնաճիւղ Լոքըլ 721-ը (SEIU Local 721) Հարաւային Կալիֆորնիայի ամենամեծ արհմիութիւնն է: Այն ներկայացնում է մարզերի` ներառեալ Լոս Անջելեսի, Օրենջ, Վենտուրա եւ Ռիվերսայդ, եւ բազմաթիւ քաղաքների առողջապահութեան ոլորտի, խնամակալների, դատարանների, իրաւապահ մարմինների, գրադարանների եւ մի շարք այլ հաստատութիւնների աւելի քան 95,000 աշխատակիցների շահերն ու իրաւունքները:
Այս կառոյցի Գործադիր խորհրդի ընտրութիւններին մասնակցում է հայ համայնքում հասարակական գործունէութեամբ յայտնի Սիլվա Քէշիշեանը, ով արհմիութիւնում երկարամեայ գործունէութեան ընթացքում հետեւողականօրէն եւ լաւագոյնս պաշտպանել է բոլոր աշխատակիցների շահերը, այդ թւում` բազմաթիւ հայերի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք ներգրաւուել արհմիութիւնում եւ ի՞նչ գործառոյթներ էք իրականացնում:
ՍԻԼՎԱ ՔԷՇԻՇԵԱՆ.- 2004 թ․ից Լոս Անջելես մարզի պաշտօնեայ եմ` աշխատում եմ որպէս ընկերային ծառայող (social worker): Որպէս աշխատակից անդամակցել եմ Արհմիութեանն ու աշխուժօրէն ներգրաւուել SEIU 721-ի աշխատանքներում կամաւոր հիմունքներով: Այստեղ իմ գործունէութեան շրջանակներում ունեմ պաշտօն` Շոփ Ստիվարդ եմ (shop steward), Չենթցուըրթի գրասենեակում, այսինքն` արհմիութեան պաշտօնեայ, ով ներկայացնում ու պաշտպանում է իր գործընկեր աշխատակիցների շահերը: Սա ղեկավար պաշտօն է, եւ աշխատաւորները, երբ վարչութեան հետ հարցեր են ունենում, դիմում են ինձ խնդիրները լուծելու համար:
Ղեկավարները, բնականաբար, միշտ չէ, որ աշխատաւորների պահանջները բաւարարում են, միջադէպերի ժամանակ էլ յաճախ արգելքներ ու պատիժներ են սահմանում, որ արտայայտւում են նախազգուշացումներով, երբեմն էլ` ֆինանսական տոյժերով: Այստեղ է յատկապէս, որ դրսեւորւում է Շոփ Ստիվարդների գործունէութիւնը, որ միջամտում են, որպէսզի որեւէ աշխատակից պատժի չարժանանայ, եւ անձնակազմի հետ բանակցութիւնների միջոցով հարցը լուծուի երկուստեք նպաստաւոր ձեւով: Մեծ սիրով եմ իրականացնում աշխատանքս, որովհետեւ սիրում եմ օգնել մարդկանց:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Լոս Անջելեսի մարզում տարբեր պաշտօններում ո՞րքան է հայերի թիւը, անդամակցո՞ւմ են արհմիութեանը:
ՍԻԼՎԱ ՔԷՇԻՇԵԱՆ.- Լոս Անջելեսի մարզում` պետական եւ հանրային ծառայութիւնների գրասենեակներում ներգրաւուած է 55 հազար աշխատակից, որից շուրջ 10 հազարը հայեր են, որոնց մի մասն էլ SEIU 721-ի անդամ է: Ամէն դէպքում, հայերը մեծ հաւատ չունեն Արհմիութեան աշխատանքների նկատմամբ, եւ դա, իմ կարծիքով, հիմնականում տեղեկացուածութեան պակասից է: Շատերը նախընտրում են չանդամակցել Արհմիութեանը, ինչի պատճառով երբեմն տուժում են, քանի որ ղեկավարութեան հետ խնդիրների դէպքում պատշաճ պաշտպանութիւն չեն ունենում: Յորդորում եմ մեր հայրենակիցներին անդամակցել, եւ իրենց իրաւունքների պաշտպանութեանը զուգահեռ օգտուել բազմաթիւ նպաստներից:

Յիշեցնեմ, որ Արհմիութեան բազմաթիւ գործառոյթների շարքում է գործատուների հետ բանակցութիւնների միջոցով մեր անդամների աշխատանքային պայմանագրի պայմանների վերանայումը, այդ թւում` աշխատավարձի, առողջապահական եւ այլ կարգի նպաստների բարելաւումը:
Ես նաեւ SEIU 721-ի Հայկական հարցերով յանձնախմբի անդամ եմ, որտեղ, կենտրոնացած ենք հայ աշխատակիցների շահերի պաշտպանութեան հարցում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ընտրութիւնները ե՞րբ են նախատեսուած, եւ ի՞նչ ուղերձ կը հղէք ձեր ընտրողին:
ՍԻԼՎԱ ՔԷՇԻՇԵԱՆ.- Այժմ ես մասնակցում եմ Գործադիր խորհրդի անդամի ընտրութիւններին, որ պատասխանատու է Լոս Անջելեսի մարզի, քաղաքի, Վենտուրա մարզի աշխատակիցների համար: Տարիներ շարունակ ներգրաւուած եմ այս աշխատանքում, որ ներառում է Լոս Անջելես մարզի աշխատակիցների շահերի պաշտպանութիւնը: Ունեմ մեծ փորձառութիւն, ինչը թոյլ է տալիս մտածել գործառոյթներս եւ գործունէութեան ծաւալներս ընդլայնելու մասին:
Ապրիլի 7ին բոլորը ստացել են քուէաթերթիկ, որտեղ իմ անունը նշուած է որպէս Լոս Անջելեսի վարչաշրջանի գործադիր խորհրդի անդամի (Executive Board Candidate) թեկնածու: Առաջադրուած 20 թեկնածուներից 15ը պէտք է մաս կազմեն գործադիր մարմնի, որոնցից մէկն էլ կարող եմ լինել ես: Քուէաթերթիկը պէտք է վերադարձուի մինչեւ Ապրիլի 26ը:
Ես մշտապէս պաշտպանել եմ աշխատաւորների շահերն ու իրենց ձայնը լսելի դարձրել համապատասխան հարթակներում: Դիմում եմ Լոս Անջելեսի մարզի հայ աշխատակիցներին, ովքեր արհմիութեան անդամ են, որ մասնակցեն այս ընտրութիւններին, քուէարկեն իմ օգտին` հնարաւորութիւն տալով առաւել եռանդով շարունակել աշխատանքս ու պաշտպանելու իրենց իրաւունքները: Ես ունեմ յաջող գործունէութեան պատմութիւն, որտեղ իմ սկզբունքային մօտեցումը, զուգորդուած առաջնորդական հմտութիւնների հետ, թոյլ են տուել լաւագոյնս ներկայացնել արհմիութեան անդամների շահերը: Գործադիր խորհրդի անդամի պաշտօնում կ՛երաշխաւորեմ, որ իւրաքանչիւր աշխատակցի ձայնը լսելի դառնայ: