
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Բազմերանգ ծաղկային արահետ, նաեւ ազգային գոյնով ու բոյրով, որտեղ իւրաքանչիւր ծաղկային հաւաքածու բնութիւնից հիացմունքի եւ բնութեանը երախտագիտութեան իւրատեսակ ձօն էր: Նկարիչ Մուշեղ Գրիգորեանի աշխատանքները նման զգացողութիւններ արթնացրեցին Ապրիլի 3ին Գլենդելի մշակութային գողտրիկ անկիւններից մէկում՝ «Կրէօ» ստուդիոյում (Creo Studio):
Հայաստանից տաղանդաւոր ստեղծագործող Մուշեղ Գրիգորեանն երրորդ անգամ է իր աշխատանքներով ներկայանում Միացեալ Նահանգներում: Անհատական այս ցուցադրութեանը նա ներկայացրել էր բնանկարների, ծաղկային ստեղծագործութիւնների իր հաւաքածուից նմուշներ:


Նկարիչը պատմեց, որ իր տարբեր ոճերի աշխատանքների առանցքում մարդն է՝ իր զգացողութիւններով, խնդիրներով: «Իմ, դիտողի եւ ընդհանրապէս անհատի անվերջ բացայայտումներն են ոգեւորում ինձ ստեղծագործել: Մարդուն ես համարում եմ էներգիա (ներուժ) եւ ինձ հետաքրքրում է այդ էներգիաների մշտական փոխանակումը: Այսպիսով նաեւ ցանկանում եմ հասկանալ տիեզերքում էներգետիկ հնարաւոր փոխազդեցութիւնները: Իմ կտաւներն ինքնին իրենց մէջ ուժեղ դինամիկա (ուժաբանութիւն) են կրում, ինչը ոմանք զգում են միանգամից, միւսներն էլ՝ ժամանակի ընթացքում», ստեղծագործելու իր փիլիսոփայութեամբ կիսուեց արուեստագէտը: Նրա նկարներից փոխանցուող լիցքերը իւրայատուկ են՝ անկեղծ ու «շօշափելի»:
Մուշեղ Գրիգորեանի ցուցահանդէսն ամբողջացնում էին կնոջ՝ Թամարա Յարութիւնեանի կերամիկական աշխատանքները: Նրա վառ նկարազարդումներում ակնառու էին հայկական գոյներն ու նախշերը:


«Շատ ուրախ ենք առիթը ունենալու մեր տաղանդաւոր ընկերներին ներկայացնելու ամերիկահայ հանրութեանը: Մուշեղին եւ Թամարային ճանաչում ենք վաղուց, եւ մշտապէս հպարտանում ենք Հայաստանում եւ աշխարհի տաբեր անկիւններում նրանց յաջողութիւններով», նշեց «Կրէօ» ստուդիայի հիմնադիր, հասարակական գործիչ Թագուհի Վարդանեանը:
Մշակութային ձեռնարկի ընթացքում կատարումներով հանդէս եկան նաեւ ճանաչուած հայ երաժիշտներ՝ թաւջութակահար Արտեոմ Մանուկեանը, կիթառահար Վահագնին: Կազմակերպիչներին յաջողուել էր արուեստի տարբեր ոճերի միաձուլմամբ ստեղծել ազգայինն ու համամարդկայինը ներդաշնակօրէն ամբողջացնող միջավայր:

