
Կիրակի, Ապրիլի 24ին Սիէթլի Սուրբ Յարութիւն Հայաստանեայց առաքելական եկեղեցում մատուցուեց Ս․ պատարագ, որից յետոյ կատարուեց Սրբոց Նահատակաց արարողութիւն` ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերին:
Արարողութիւններից յետոյ, Սուրբ Յարութիւն վարժարանի աւագ խումբը ներկաների առջեւ հանդէս եկաւ Սուրբ Նահատակների յիշատակն յաւերժացնող միջոցառմամբ:
Աշակերտների կողմից հնչած հայրենասիրական երգերն ու արտասանութիւններն արտացոլում էին Սփիւռքում ապրող իւրաքանչիւր հայորդու սէրն ու նուիրումը հանդէպ հայ եկեղեցուն, լեզուին եւ մշակոյթին, որոնցով պատշաճօրէն ոգեկոչեցին մեր նախնիների յիշատակը:
Վարժարանի սաների ելոյթից յետոյ ելոյթ ունեցաւ Սիէթլի Ս. Յարութիւն եկեղեցու մշակութային յանձնախումբը, կատարելով Սայաթ Նովայից եւ Կոմիտասից ստեղծագործութիւններ (Կարինէ Ստեփանեանց`մենակատար, Արամ Մկրտչեան` կիթառ, Անժելա Վլասովա` դաշնամուր, Ռաիսա Ասրիյեանց` ջութակ):
Միջոցառման աւարտին, եկեղեցու հոգեւոր հովիւ Վազգէն քահանայ Բոյաջեանն իր շնորհակալական խօսքն ուղղեց վարժարանի ողջ անձնակազմին, յայտագրին մաս կազմող մշակութային յանձնախմբի անդամներին եւ ներկաներին` հաւաստիացնելով բոլորին, որ սոյն միջոցառմամբ Սիէթլի հայ համայնքը ոչ միայն յիշում, այլ յանձնառու է լինում մնալ ամուր կառչած հայ ինքնութեանն ու ժառանգութեանը:
Տէր հայրն իր խօսքն աւարտեց կոչ ուղղեց բոլորին՝ ասելով. «Մենք վրէժ ունենք լուծելու: Մեր վրէժը պիտի լուծուի գիտութեան, արուեստի, մշակոյթի եւ զանազան ասպարէզներում ձեռք բերած եւ բերուելիք յաջողութիւններով, հայ ազգի միասնութեամբ եւ Հայաստան ու Արցախ պետութիւններին ցուցաբերուած մեր բոլորի զօրակցութեամբ»:
Մենք կանք, կը լինենք ու դեռ պիտի շատանանք։
(Թղթակցութիւնը՝ եկեղեցիէն)
