ՆԱՆԵ ԱՒԱԳԵԱՆ
Սրբոց Նահատակաց Ֆերահեան Ազգային վարժարանի տարածքն այս տարի համալրուեց նոր մասնաշէնքով: Այս նշանակալի իրողութիւնը համընկաւ Ամերիկայում առաջին ամէնօրեայ կրթօջախի պատմութեան մէջ աշակերտների ամենաբարձր ներգրաւուածութեան ցուցանիշի հետ: Վարժարանի տնօրէնուհի Սօսի Շանլեանը ուրախութեամբ նշում է, որ տարածքի ընդլայնումը թոյլ կը տայ առաւել յարմարաւէտ պայմաններ ստեղծել աշակերտների համար եւ նոր ծրագրեր իրականացնել:

«Մեր աշակերտների քանակն այնքան մեծացաւ, որ արդէն նեղութիւն էինք զգում: Նաեւ, Կորոնաժահրի պատճառով, դասարաններում աշակերտների թիւը պէտք է նուազեցնէինք եւ այդ ամէնի արդիւնքում, ստիպուած եղանք գրադարանը եւ նոյնիսկ ճաշարանը վերածել դասարանների, որեւէ անկիւն, որ կարելի էր օգտագործել` դարձաւ դասարան: Երբ վարժարանի ղեկավար խորհուրդը տեղեկացաւ, որ անմիջապէս հարեւանութեամբ գնտուող տարածքը վաճառւում է` անմիջապէս արձագանգեց, եւ մեծ ջանքերի ներդրմամբ հնարաւոր դարձաւ անհնարը դարձնել հնարաւոր, եւ շէնքը գնել», նշում է կրթօջախի տնօրինուհին:
Նոր տարածքը գրաւում է շուրջ երեք հեկտար տարածք, շէնքը` 20 հազար քառակուսի ոտնաչափ (sq.ft.) է: Տնօրինուհու խօսքով, շինարարական մեծ փոփոխութիւներ դեռ չեն նախատեսւում, քանի որ կառոյցը բաւական լաւ վիճակում է: Մասնաշէնքը պատրաստ է գործարկման նոր ուսումնական տարում: Կը բացուեն որոշ դասարաններ, ընդարձակ սրահը կը գործածուի մշակութային ձեռնարկների անցկացման, մարզասրահները` վոլեյբոլի եւ բասկետբոլի խաղերի համար: Առկայ է ընդարձակ կայանատեղի:
Ֆերահեան Ազգային վարժարանի համար ընդլայնումը թոյլ կը տայ աւելի լայն բացել դռները նոր աշակերտների ընդունելութեան համար, որ մեծ ընթացք է ստացել նախորդ տարուանից: «Մեր աշակերտների թիւը հասաւ ռեկորդային ցուցանիշի այս տարի, ինչը պայմանաւորուած էր մի շարք հանգամանքներով: Կորոնաժահրի ժամանակ, ծնողները ականատես եղան, որ հանրային դպրոցները չկարողացան արդիւնաւէտ արձագանգել իրավիճակին: Մինչ Ֆերահեան վարժարանը, շատ կարճ ժամանակում ի վիճակի եղաւ վերափոխել համակարգն ու յաջողութեամբ կազմակերպել հեռավար ուսուցումը: Միաժամանակ, մեր աշակերտները ցուցաբերում են բարձր առաջադիմութիւն, եւ ընդունւում են երկրի լաւագոյն` այդ թւում` Այվի Լիգի (Ivy League) համալսարաններ: Մեր մարզական` «Արմէններ» կոչուող ծրագիրը բաւական յաջողուած է, ունենք արհեստագիտական եւ արուեստի բարձրակարգ դասընթացներ, որոնք թոյլ են տալիս աշակերտներին նշուած ոլորտներում հեշտօրէն շարունակել ուսումը բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում: Մեր արդիւնքները տեսնելով, նաեւ հաշուի առնելով վարժարանում անվտանգ ու ապահով միջավայրը, հետաքրքրութիւնը Ֆերահեան վարժարանի նկատմամբ առաւել մեծացել է եւ ընդունելութեան դիմումների քանակը շատացել», տեղեկացնում է Սօսի Շանլեանը:


Վարժարանում շրջայցի ժամանակ, առաջին զգացողութիւնս այն էր, որ գտնւում եմ մեծ, խաղաղ ու ներդաշնակ ընտանիքի ներսում, որտեղ ստեղծուած են կրթուելու եւ զարգանալու լաւագոյն պայմանները: Տնօրէնը ճանաչում է կրթօջախի բոլոր աշակերտներին, եւ սիրով ու գորովանքով էր արձագանգում նրանց: «Դպրոց գնալու եւ ուսման նկատմամբ սէրը սկսում է վաղ տարիքից, եւ մեր ուսուցիչները սերմանում են այս սէրը, ստեղծում են բացառիկ առիթներ, որպէսզի աշակերտները ունենան լաւագոյն արդիւնքներ: Առաւել, իմ համար կարեւոր է հայապահպանման հարցը: Հայերէն գրել, կարդալուց առաւել, ինձ համար կարեւոր է, որ աշակերտը գիտակցի, որ հայ է, սիրի հայ լինելը, եւ սիրի հայերէն խօսելը, երգելը, պարելը: Դա իրենց համար առաջնային պէտք է լինի, այլ ոչ թէ մայրենին սովորելը քննութիւնը լաւ յանձնելու համար: Դա ենք առաջին հերթին փորձում փոխանցել մեր սերունդներին»` նաեւ մայրական գուրգուրանքով նշում է Սօսի Շանլէանը, ով Ֆերահեան Ազգային վարժարանի առաջին կին տնօրինուհին է:
1964 թուականից Էնսինոյի սրտում գործող հայկական կրթօջախը 58 տարի անխոջ իրականացնում է լաւ մարդ ու լաւ հայ կերտելու իր վեհ առաքելութիւնը: «Հայկական վարժարանում աշխատելը դա իսկապէս մեծ կոչում է, եւ իւրաքանչիւր ուսուցիչ մեծ պատասխանատուութեամբ է վերաբերում իր առաքելութեանը», նշում է Սօսի Շանլեանը` տեղեկացնելով, որ վարժարանն ամէն ջանք գործադրում է, որ իւրաքանչիւր հայ երեխայ հնարաւորութիւն ունենա կրթուելու հայկական դպրոցում․ «Երբ ծնողը դիմում է մեզ` ասելով, որ ցանկանում է, որ իր զաւակն անպայման յաճախի «Ֆերահեան», մենք հնարաւորինս աջակցում ենք` հարկ եղած դէպքում տրամադրելով նաեւ ֆինանսական աջակցութիւն, որպէսզի մեր երեխաները կարողանան կրթուել ազգային միջավայրում», եզրափակեց Շանլեանը։
«Ֆերահեան»ի այս մօտեցումն այլեւս առաւել իրականանալի կը դառնայ վարժարանի ընդլայնումից յետոյ:
