
Մայիսի 21ին Լոնդոնի Քենսինգթոն թագաւորական համայնքի Սբ. Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել մեծն կոմպոզիտոր (յօրինող) Ալեքսանդր Յարութիւնեանի 102 ամեակին նուիրուած բացառիկ համերգ-ցուցահանդէս:
Միջոցառումը կազմակերպուել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի (միութեան) գեղարուեստական ղեկավար ու դիրիժոր (խմբավար) Սիփան Օլահի ջանքերով՝ Միացեալ Թագաւորութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան հովանու ներքոյ:
Յոբելեանական ծրագրին ներկայ ՄԹում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսեանը, անգլիական եկեղեցու հոգեւոր հովիւ, Սբ. Քաթսբերթ եկեղեցու հոգեւորական Ջէյմս Չեգուիդենը հանդէս եկան ողջոյնի եւ բացման խօսքերով հանդիսականներին:
Երեկոյին ներկայ էին Ալ. Յարութիւնեանի աղջիկը՝ դաշնակահարուհի Նարինէ Յարութիւնեան-Կութճուկեանը, հայկական համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրամեանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, ՄԹում հայկական մի շարք կազմակերպութիւնների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի թագաւորական երաժշտական ակադեմիայից եւ Թագաւորական երաժշտական քոլեջի կոլեկտիւից (անձնակազմեն), հայ եւ բրիտանացի երաժշտասէր հանրութիւնը:


Երեկոյի ընթացքում համերգավար Վանուհի Պետրոսեանը ներկայացրել է Յարութիւնեանի Կոնցերտ ջութակի եւ լարային նուագախմբի համար, իմպրոմպտու (յանպատրաստից) թաւջութակի եւ նուագախմբի համար, երգչախմբային երգեր եւ մեներգեր, գործիքային մենանուագներ, «Սայաթ Նովա» օպերայից արիաներ՝ որոնք վարպետօրէն կատարուել են միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալ (մասնագէտ) երաժիշտներ Անի Բատիկեանի՝ ջութակ, Սիփան Օլահի՝ տենոր եւ դիրիժոր, Քրիստոֆեր Հեջեսի՝ թաւջութակ, Հայարփի Եղիկեանի՝ սոպրանօ, Նարինէ Մալխասեանի՝ սոպրանօ, Մարիայ Փալազեանի՝ դաշնամուր, Քլինգեն կամերային (սենեկային) նուագախմբի եւ Քլինգեն երգչախմբի կողմից: Համերգը եզրափակուեց Յարութիւնեանի «Հայրենիքիս Հետ» երգով՝ գրուած Յովաննէս Թումանեանի համանուն բանաստեղծութեան խօսքերով:
Նկարների ցուցահանդէսով ներկայացել են նկարիչներ Աննա Վիրաբեանը եւ Նարինէ Մալխասեանը:
Համերգի նպատակներից է Ալեքսանդր Յարութիւնեանի եւ հայ կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործութիւնները հանրահռչակելը Միացեալ Թագաւորութիւնում՝ հայ եւ միջազգային երաժիշտների կատարմամբ: