Այսօր մեր հայ քաղաքական գործիչները Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Հայ Դատի արդարախնդրութեան պայքարում պիտի նոր ճակատ բացեն՝ հիմք ունենալով Թուրքիայի տարածքում անյայտ մնացած կամ երբեմնակի յայտնաբերուող հաւանական հայկական զանգուածային գերեզմանները՝ որպէս շատ կարեւոր ու ազդեցիկ գործօններ…
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է ՄԻ ԶԱՆԳՒԱԾԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆ
Սոյն թուականի Հոկտեմբերի 17ին Թուրքիայի հարաւարեւելքում գտնուող Մարտին վիլայէթի Նուսայպին (Nusaybin) կամ Նիսպին (Nisbin) (նախկինում Մծբին) գաւառի Քսերաբեբաբա (Xirabebaba) կամ Քուրու (Kuru) քրտաբնակ գիւղում պատահաբար յայտնաբերուեց մի զանգուածային գերեզման:
Յայտնաբերման օրը Քսերաբեբաբայի բնակիչները գիւղի գերեզմանոցում, որը ըստ երեւոյթին գտնւում է գիւղին մերձակայ քարանձաւներով լի մի տարածքում, իրենց մահացած հարազատի համար գերեզման էին փորում, երբ պատահաբար մէկ մեթր խորութեան վրայ հանդիպեցին մի սալաքարի: Գիւղացիները շարունակելով պեղման գործը՝ անդրադարձան, որ սոյն սալաքարը ծառայում է որպէս կափարիչ մի քարանձաւի: Նրանք քարանձաւում գանձ գտնելու յոյսով շարունակեցին պեղումն ու շարժելով սալաքարը՝ հանդիպեցին երեք մեթր լայնութեամբ մի քարանձաւի: Ներս մտնելով սոյն քարանձաւը՝ գիւղացիները յայտնաբերեցին մի գերեզման, որը լեցուն էր, իրենց ասութեամբ, շուրջ 40 մարդու կմախքներով ու գանկերով: Քարանձաւի պատերում կէս մեթր խորութեամբ խոռոչներ կային: Բացի մի ջրի սափորից՝ ներսում մի այլ բան չյայտնաբերւեց:
Այն բոլոր կմախքները վկայում էին մի «զանգուածային գերեզման»ի մասին: Ասես ոճրագործները փորձել էին քարանձաւի մէջ թաքցնել սպանութեան ենթարկած իրենց զոհերը՝ դիակները մէկը միւսի վրայ գցելով ու քարանձաւի մուտքը ծածկելով:
Հաւանօրէն գիւղի շրջակայքում կան բազմաթիւ քարանձաւներ, որոնց մէջ կարելի է հանդիպել բազում կմախքների ու ոսկորների: DINA (Dicle news agency) լրատուական ցանցի համաձայն (հաղորդւած Kurdish info կայքէջում)՝ տեղի գիւղացիները, որոնք չեն կամեցել բացայայտուել, վկայել են, որ նախկինում եւս գիւղի մօտակայքում յայտնաբերել են կմախքներով լի այլ քարանձաւներ, որոնց մուտքը ծածկուած է եղել: Նրանք վկայել են, որ սոյն քարանձաւային գերեզմաններում կարելի է հանդիպել բազում գանկերի ու ոսկորների:
ԼՈՒՐԸ, ԸՆԴՀԱՆՐԱՊԷՍ, ԹՐՔԱԿԱՆ ՈՒ ՔՐՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԱՐՁԱԳԱՆԳ ԳՏԱՒ, ՈՉ ԹԷ՝ ՀԱՅԿԱԿԱՆՈՒՄ
Քուրուի հաւաքական գերեզմանի յայտնաբերման լուրը հիմնականում, քրտական ու թրքական մամուլում արձագանգ գտաւ: Առաջին անգամ թրքերէնով Թուրքիայում հրատարակուող քրտական «Իւլքէտէ օզկիւր կիւնտեմ» (Ulkede ozgur gundem) օրաթերթի սոյն թուականի (2006) Հոկտեմբերի 19ի համարի առաջին էջում տեղ առաւ Պերկիւզար Օրուչի (Berguzar Oruc) գրչին պատկանող «Զանգուածային գերեզման հայկական գիւղում» (Ermeni koyunde toplu mezar) խորագիր կրող լուրը: Սոյն գրութեան կից ներկայացուել էին երկու համապատասխան լուսանկարներ, որոնք պատկերացնում էին յայտնաբերուած գանկերն ու կմախքները: Հրատարակուած այդ գրուածքում հեղինակը Քուրուն ներկայացրել էր որպէս նախկինում (մինչեւ 1915թ.) հայաբնակ գիւղ, իսկ կմախքներով լի այդ քարանձաւը ներկայացրել որպէս Մեծ Եղեռնի ժամանակաշրջանին պատկանող հայկական հաւանական զանգուածային գերեզման: Եւրոպայում հեռարձակուող քրտական արբանեակային հեռուստաալիքը՝ Roj TV-ին, եւս վերոյիշեալ թեման քննարկեց:
Չնայած նախկինում արձանագրուել էին Թուրքիայի տարածքում Ցեղասպանութեան տարիներում յարակից զանգուածային գերեզմանների յայտնաբերման այլ դէպքեր, բայց սա առաջին անգամն էր, որ նման մի յայտնաբերում հաղորդւում էր հէնց Թուրքիայում հրատարակուող մի օրաթերթի միջոցով:
Նկատի ունենալով, որ Թուրքիայի իշխանութիւնները մինչ այսօր հերքման քաղաքականութեամբ են հանդէս եկել ասորիների (քաղդէացիների ու սիրիացիների), յոյների եւ հայերի ցեղասպանութեան հարցի կապակցութեամբ՝ թրքական մամուլի ընդհանուր բաժինը լռութեամբ անցաւ այս թեմայի վրայով: Սակայն, սա չարգելեց, որ թուրք պարբերականների մի հատուածը, ինչպէս «Սթար կազէթէ»ն (Star Gazete) կամ «Նոքթա»ն (Nokta), չանդրադառնան դրան:
Քուրուի զանգուածային գերեզմանի հարցը լայն արձագանգ գտաւ նաեւ Շուէտում: Ասորական միջազգային լրատուական ցանցի (Assyrian International News Agency) կամ AINA-ի Նոյեմբերի 28ի հաղորդման համաձայն՝ այս ուղղութեամբ մեծ դեր է ունեցել ասորի քաղդէացիների ու սիրիացիների կազմակերպութիւնը (Assyrian Chaldean Syriac Association): Գերեզմանի յայտնաբերման լուրը առաջին անգամ հաղորդուեց Շուէտի առաջնակարգ լրատուական ցանցի՝ Tidningarnas Telegrambyra-ի (TT-ի) միջոցով, իսկ դրանից յետոյ լուրը հրատարակուեց շուէտական զանազան պարբերականներում, ինչպէս՝ «Dagens nyheter» եւ «Svenska dagbladet» օրաթերթերում:
Հակառակ նրան, որ Քուրուի իրադարձութիւնները լուրջ արձագանգ գտան թրքական ու քրտական լրատուական շրջանակներում, սակայն հայկական մամուլը եւ ընդհանրապէս հայկական լրատուական համակարգն ու քարոզչական մեքենան, բաւարարւելով մի քանի ոչ-բաւարար տեղեկատուութիւններով, ինչպէս հարկն էր չարձագանգեց կատարուածին եւ ընդհանուր առմամբ՝ այսպիսի կարեւոր մի թեմայի կողքից լուռ ու անտարբեր անցան(*): Թեման կարեւոր եմ համարում այն իմաստով, որ ինչպէս մի քիչ յետոյ կանդրադառնանք, քրտական մամուլը բացայայտօրէն արծարծելով Քուրուի իրադարձութիւնները՝ յամառօրէն պնդում է շեշտը դնել այն բանի վրայ, որ սոյն զանգուածային գերեզմանը հայկական է, իսկ մենք…
Քաջ տեղեակ ենք, որ Իրաքի կամ նախկին Եուկոսլաւիայի տարածաշրջանում (ինչպէս Պոսնիայում) վերջերս յայտնաբերուած զանգուածային գերեզմանները ինչ ազդեցիկ գործօն հանդիսացան Սերպիայի եւ Իրաքի նախկին բռնապետ ու ոճրագործ կառավարիչներից անմեղ զոհերի դատը բարձրացնելու եւ արդարութիւն պահանջելու ճանապարհին…
ԶՈՀՈՒԱԾՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ
Ըստ ամենայն հաւանականութեան՝ քարանձաւում թաղուած զոհուածները ինքնութեամբ հայեր են եղել, որոնք սպանդի են ենթարկւել 1915թ. արիւնոտ ջարդերին: Հրապարակուած զանազան հաղորդումների համաձայն՝ մինչեւ իսկ տեղի գիւղացիները համոզուած են, որ յայտնաբերուած դիակները պատկանում են Մեծ Եղեռնի հայ զոհերին, չնայած որոշ աղբիւրներ (մանաւանդ թրքական աղբիւրները) գիւղացիների լեզուից հաղորդել են, որ հնարաւոր չէ ճշդորոշել դիակների ինքնութիւնը: Թուրքիայում հրատարակուող «Star gazete»ն իր Հոկտեմբերի 21ի համարում Քուրուի դէպքերի կապակցութեամբ գրել է, որ սոյն զանգուածային գերեզմանի յայտնաբերմամբ զանազան զրոյցներ սկսեց խօսուել գիւղացիների միջեւ: Ըստ թերթիս՝ գիւղի տարեցները բացայայտելով, որ Օսմանեան կայսրութեան վերջին շրջաններում բազում արիւնոտ դէպքեր են տեղի ունեցել տարածաշրջանում՝ ասել են. «Մեր պապերը պատմել են մեզ, որ այս գիւղը հին հայկական գիւղ է եղել, չնայած շրջակայքում նաեւ եղել են մահմետական գիւղեր»:
Պատմական փաստերի հիման վրայ՝ ենթադրուում է, թէ Քուրուի զանգուածային գերեզմանում թաղուած են տեղի հայ եւ սիրիացի (ասորիներ, որոնք հաւատքով պատկանում էին սիրիական ուղղափառ եկեղեցուն) բնակիչները, որոնք 1915թ. ցեղասպանութիւնների ժամանակ սպաննուել ու համատեղ թաղուել են յիշեալ վայրում: Այդ ուղղութեամբ լիարժէք պարզաբանութիւններ է կատարել Շուէտի Սոտերթորն (Sodertorn) համալսարանի դասախօս ու պատմաբան փրոֆ. Տէյվիտ Կաունթը (David Gaunt): Նոյեմբերի 7ին «Իւլքէտէ օզկիւր կիւնտեմ» օրաթերթում «Զանգուածային գերեզմանը պատկանում է հայերին ու սիրիացիներին» (Toplu mezar ermeni ve suryanilere ait) խորագրով հրատարակուած յօդուածում հեղինակը՝ Այշէ Կիւնայսուն (Ayse Gunaysu), անդրադարձել էր շուէտացի պատմաբանի տեսակէտին:
Փրոֆ. Կաունթը մանրամասնօրէն ուսումնասիրութեան է ենթարկել 1915 թուականին ամրան ընթացքում Մարտինի սանճաքի (sancak) շրջանում իրագործուած 150 ջարդերը: Յիշողութեան արժանի է, որ նրա վերջին գիրքը՝ «Massacres, Resistance, Protectors: Muslim-Christian Relations in Eastern Anatolia During WWI» խորագրով հրատարակուեց այս տարի Նոյեմբերին ԱՄՆի «Ճորճիա’զ փրէս» (Georgia’s press) հրատարակչութեան միջոցով: Սոյն գրքում հեղինակը հիմք ունենալով ռուսական, թրքական ու եւրոպական պետական արխիւներ, նաեւ մինչ օրս չհրատարակուած ձեռագրեր ու բանաւոր աղբիւրներ՝ փորձել է լուսաբանել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներում քրիստոնեայ-մահմետական փոխյարաբերութիւնները Օսմանեան կայսրութեան արեւելեան տարածաշրջաններում, որտեղ յատուկ ուշադրութեան են արժանացրել Ուրմիա եւ Հաքքարի (Hakkari) շրջաններում ապրող ասորիներին առնչուող իրադարձութիւններն ու նաեւ Տիարպէքիրի մասնաւորապէս Թուր-Ապտինի (Tur Abdin) սիրիացի բնակիչներին առնչուող դէպքերը:
Փրոֆ. Կաունթի կարծիքով՝ գերեզմանի մահմետականներին պատկանման վարկածը տրամաբանական չէ: Նա անհաւանական է համարում, որ տեղում թաղուածները քրիստոնեաների ձեռքով սպաննուած մահմետականներ լինեն: Որպէս պատճառաբանում՝ նա շեշտում է, որ սոյն թուականներին տարածաշրջանում միակ քրիստոնէական դիմադրութիւնն արձանագրուել է յիշեալ գերեզմանից շատ հեռու գտնուող (այդ օրերում շրջապատման ենթարկուած) մի շարք գիւղերում, որը կազմակերպուել էր մի խումբ սիրիացիների միջոցով, որոնք որպէս ջարդից փրկուելու միակ միջոց՝ դիմադրութեան տարբերակն էին ընտրել: Կաունթը նշում է, որ սոյն դիմադրական շարժումներին նաեւ մասնակցել էին դէսից-դէնից փախուստի դիմած ու ջարդերից փրկուած մի խումբ հայեր:
Կաունթը համոզուած է, որ եթէ միջոցը տրուի ուսումնասիրել քարանձաւում յայտնաբերւած ոսկորները, հնարաւոր կը լինի զոհուածների ինքնութեան պարզորոշման ճանապարհին աւելի ստոյգ ու ճշգրիտ եզրայանգութիւնների հասնել: Նա երեք վարկած է հաշւում զոհուածների ինքնութեան վերաբերեալ.
Ա.- Եթէ ուսումնասիրութիւնները յայտնաբերեն, որ զոհուածները մեծամասնութեամբ տղամարդիկ են, ապա կարելի է եզրակացնել, որ նրանք հայ կաթոլիկ, սիրիացի բողոքական ու քաղդէացի չափահաս տղամարդիկ են եղել, որոնց 1915թ. Յունիսի 13ին փոխադրել են Նուսայպինի բանտը, իսկ Յունիսի 15ին սպանդի ենթարկել:
Բ.- Եթէ զոհուածների մէջ կանանց թիւը ընդհանրապէս գերակշռում է տղամարդկանց, ապա մեծ հաւանականութեամբ կարելի է ասել, որ գերեզմանը պատկանում է այն հայ կաթոլիկ կանանց, որոնք համատեղ ջարդի են ենթարկուել 1915թ. Յունիսի 28ին:
Գ.- Այն պարագայում, երբ զոհուածները միախառն լինեն տղամարդկանցից եւ կանանցից, մանուկներից ու չափահասներից, ապա ենթադրաբար՝ զոհուածները նուսայպինցի ուղղափառ սիրիացիներ կը լինեն:
Այս երեք հաւանականութիւններից բացի՝ փրոֆ. Կաունթը հիմք ունենալով հրապարակուած տեղեկութիւնները՝ այսպէս է յայտնել իր գնահատանքը. «Նկատի առնելով «Իւլքէտէ օզկիւր կիւնտեմ» թերթում տեղ գտած լուսաբանութիւնները եւ այն իրականութիւնը, որ Քուրու գիւղը աւելի քան Նուսայպինին յարակից լինի, Տարային -Dara- (ներկայում կոչւում է Օղուզ, Oguz) է մօտիկ՝ գնահատում եմ, որ յիշեալ զանգուածային գերեզմանում յայտնաբերւած կմախքները, մեծ հաւանականութեամբ, պատկանում են 150 հայ եւ 120 սիրիացի ընտանիքների հոգատար տղամարդկանց, որոնց 1915թ. Յունիսի 14ին Տարայից դուրս քշելով՝ ենթարկում են սպանդի»: Կաունթի խօսքերով՝ յիշեալ 270 մարդկանց ջարդը իրագործուել է Մարտինում «Իթթիհատ վէ թերաքքի» կուսակցութեան առաջնորդի եւ Մարտինում քրէական դատարանի դատաւոր Հալիլ Էդիպի (Halil Edip) հրամանատարութեան ներքոյ գտնուող սպանդի ջոկատների միջոցով:
Փրոֆ. Կաունթի խօսքերով՝ երբ Տարա կոչուած գիւղաքաղաքից 270 հայ եւ սիրիացի բնակիչներին դուրս էին քշում, նրանցից միայն մէկն է յաջողում փախչել, որը հետագայում վկայում է կատարուածի մասին: æարդից վերապրած այդ սիրիացին վկայել էր, որ ինչպէս թուրքերը իր դրացիներին դէս ու դէն քշելուց յետոյ՝ սպանդի են ենթարկել ու նրանց դիակները նետել մի ջրհորի մէջ: Ըստ փրոֆ. Կաունթի՝ յայտնաբերուած զանգուածային գերեզմանը բերում է այն եզրայանգութեան, որ հաւանաբար յիշեալ երկու խմբերը երկու տարբեր վայրերում են սպանդի ենթարկուել: Այսպիսով՝ թուրք դահիճները հայերի դիակները թաքցրել են յիշեալ քարանձաւում, իսկ սիրիացիների դիակները նետել ջրհոր:
(Վերջը Յաջորդով)
(*)«ԱՍՊԱՐԷԶ».- Առ ի տեղեկութիւն սիրելի յօդուածագրին յայտնենք, որ գէթ մեր էջերուն մէջ այս լրատուութիւնը տեղ գտաւ: Տեսնել մեր Նոյեմբեր 3, 2006ի համարի առաջին էջը, ճակատ: Նաեւ, կարճ ատեն մը ետք, մեր Դեկտեմբեր 5, 2006ի համարով (դարձեալ առաջին էջ) տեսնել Շուէտի խորհրդարանէն ներս կատարուած հարցապնդումը այս նոյն հարցով: Յօդուածագիր տոքթ. Էրւին Յակոբեան կրնայ այցելել մեր կայքէջը (www.asbarez.com) եւ արխիւներու բաժինէն տեղեկանալ մեր հաղորդած լուրին: