ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ



Թալինի շրջանի Զովասար գիւղի աշակերտներն այս տարի Սեպտեմբերի 1ը կը դիմաւորեն վերանորոգուած դպրոցում: Կրթօջախի սաների եւ ուսանձնակազմի վաղեմի երազանքն իրականութիւն է դառնում ՀՅԴ Փասադենայի «Լեռնավայր» կոմիտէութեան ջանքերով:
«Մեր ընկերներն ամիսներ առաջ այցելել էին Զովասար, եւ տեսնելով, թէ ինչ աղէտալի վիճակում է դպրոցըառաջարկեցին վերանորոգել այն: Գիւղի միակ կրթօջախը ստեղծուել է աւելի քան 40 տարի առաջ եւ դուրս է մնացել պետական հոգածութիւնից երբեւէ չի նորոգուել, գոյքն էլ չի թարմացուել: Յատակն ամբողջովին քայքայուած էր, բազմաթիւ տեղերում փոսէր էին առաջացել, դասասենեակների դռներն ու պատուհաններն էլ կոտրտուած էին: Գիւղը գտնւում է 1300 մ. բարձրութեան վրայ ու տարուայ հիմնական մասն այստեղ ձմեռ է լինում, եւ աշակերտները ստիպուած են լինում նման ցրտի պայմաններում սովորել կիսաքանդ դպրոցում», պատմեց «Լեռնավայր» կոմիտէութեան ներկայացուցիչ Րաֆֆի Ճիկերեանը` նշելով, որ տեղեկանալուն պէս, կոմիտէութեան անդամներով որոշեցին բարեկարգել կրթօջախը:


Վերանորոգման աշխատանքներն արդէն սկսուած են, եւ նախատեսւում է աւարտին հասցնել Օգոստոսին, որպէսզի նոր ուսումնական տարին Զովասարի աշակերտները դիմաւորեն բարենպաստ միջավայրում: Որոշուած ժամկէտներում նպատակին հասնելու համար, ՀՅԴ «Լեռնավայր» կոմիտէութիւնը, Յուլիսի 14ին, «Ճիւալակեան» Երիտասարդական կենտրոնում կազմակերպել էր դրամահաւաք ձեռնարկ: Սիգարի երեկոյին հաւաքուած աւելի քան 100 հիւրերին, որոնց թւում էին այլ շրջանների կոմիտէութիւնների ներկայացուցիչներ, բարերարներ ու համախոհներ` լուսանկարներով ներկայացուեց դպրոցի վերանորոգման ընթացքն ու խօսուեց սպասուող աշխատանքների մասին, որոնք կ՛իրականացուեն ձեռնարկի հասոյթից ստացուած միջոցներով:


«Լեռնավայր» կոմիտէութեան նախաձեռնութիւնը ողջունեց Կալիֆորնիայի խորհրդարանի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոն, որ ներկայ էր ձեռնարկին։
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամ դոկտոր Յարութ Մկրտիչեանն էլ առաւել առարկայական դարձրեց ներկայացումըականատեսի իր վկայութիւններով: Նա ձեռնարկի հիւրերին մանրամասն պատմեց Զովասարի, դպրոցի եւ աշակերտների կացութեան մասին, նաեւ որպէս հոգեբան եւ ուսուցիչ ընդգծեց բնականոն ուսման համար բարենպաստ պայմանների առկայութեան կենսական նշանակութիւնը:




Ներկաները հետաքրքրութեամբ ծանօթացան Զովասարի պատմութեանը եւ մեծ խանդավառութեամբ իրենց աջակցութիւնն յայտնեցին հայրենիքի այդ փոքրիկ հատուածում կրթութեան դարբնոցի վերակերտման գործին:




Րաֆֆի Ճիկերեանը տեղեկացրեց, որ նման միջոցառումների հասոյթը նախկինում փոխանցւում էր Փասադենայի կենտրոնի բարենորոգումների համար, եւ սա առաջին անգամն է, որ ՀՅԴ Փասադենայի «Լեռնավայր» կոմիտէութեան դրամահաւաքն ամբողջովին նուիրուած է Հայաստանում իրականացուող աշխատանքներին: Նա նաեւ յայտնեց, որ Հայաստանում գիւղերը յատկապէս աջակցութեան կարիք ունեն, եւ նման ծրագրերը շարունակական են լինելու: Զովասարի դէպքում, յաջորդը, ամենայն հաւանականութեամբ կը լինի գիւղում համացանցային կապի ապահովումը` հաշուի առնելով նաեւ այն փաստը, որ տարուայ հիմնական մասը, տեղումների պատճառով, ճանապարհներն անանցանելի են դառնում, եւ գիւղը երկար ժամանակով կտրւում է արտաքին աշխարհից:
Երեկոյի գեղարուեստական բաժնում կատարումներով հանդէս եկաւ սիրուած երգիչ Գօգօ Հայիթեանը: