ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Հայ իրականութեան մէջ քչերն եղան, որ զգացին անցեալ դարասկզբին Հայաստանին պատուհասած աղէտն այնպէս լայն ու խորունկ, ինչպէս մեր մեծերից՝ Աւետիս Ահարոնեանը: Նա ոչ միայն զգաց ու ողբաձայն երգեց, այլեւ ցաւագին գալարումների մէջ իր միտքը պրկեց ու պրպտեց ազգին վերահաս արհաւիրքն ու դիտեց այն ոչ միայն ազգային, այլ նաեւ մարդկային դիտանկիւնից:
Ու իր ցաւոտ եզրայանգումներն առ այսօր շարունակում են կեղեքել մեր հոգին:
Ահա, թէ ինչ է գրում նա. «Սպաննուած հաւատը հեշտ չէ վերակենդանացնել, եւ կենդանի, գեղեցիկ հաւատը սպաննել մեծագոյն ոճիր է»:
Այսօր, Հայաստանին պատուհասած նորագոյն ողբերգութիւնն անկարելի է մէկ բառով ձեւակերպել, որովհետեւ այն բազմադէմ է եւ բազմագոյն: Հայ ազգի հոգեկան աշխարհը նոր ճաքեր է տուել եւ այսօրուայ նրա համակերպուող կամ անտարբեր կեցուածքը ստացած հարուածների հայելին է: Ուժգին հարուած է հասցուել նրա հաւատին՝ երկրի ապագայի եւ սեփական ուժերի հանդէպ: Հարուածը հասցուել է միտումնաւոր եւ հասցնողը գերազանց է հասկանում, որ հաւատի կորուստը շատ է վտանգաւոր. այն կարող է իր ետեւից կորստեան անդունդ տանել մի շարք հոգեկան յատկանիշներ՝ ինքնավստահութիւն, կամք, սէր, որոնց վրայ է խարսխուած անձի եւ անձերից կազմուած ազգի ապրելու կարողութիւնը: Եւ սա առաջին անգամ չէ, որ սասանւում է հայ ժողովրդի հաւատը. այն դարերի վրայ է երկարում:
Հայ ազգը, հակառակ ամէն ինչի, շարունակել է հաւատալ եւ դժուար է ասել միամտօրէն թէ պարզամտօրէն, հաւատացել է բարեկամ կամ բարեկամ ձեւացողներին եւ լինում են պահեր, երբ թւում է, թէ հայ ժողովուրդը՝ զրկուած պետութեան հայրական հոգածութիւնից, քարացել է մանկապատանեկան հասակում եւ ոչ մի կերպ չի կարողանում հասնել ոչ թէ ծերունական տարիքի հասունութեան որպէս հազարամեայ ազգ, այլ չի կարողանում նոյնիսկ երիտասարդական տարիքի հասունութիւն ձեռք բերել: Թւում է չար մի ուժի կախարդանք է, որ սարդոստայնի մէջ է նետել Հայաստանը, եւ նա չի կարողանում պատռել այն: Հայ ազգը լրջօրէն հիւանդացել է եւ նոր իշխանութիւնն առաջին հերթին պէտք է վերականգնի նրա հաւատը, հետեւողական աշխատանք տանի տարհամոզելու, որ չկայ լաւ թուրք, որ սխալ է կարծել, թէ խորհրդային իշխանութեան շնորհիւ զսպուած թուրքն այսօր նոյն կերպ կը պահի իրեն: Նրանք կը գան մեղմօրէն, շողոքորթ ու քաղաքավարի, որի տակ թաքնուած մահաբեր թոյն կայ:
Օրինակ վերցնենք կենդանական աշխարհից. Ոչխարը չի կարող գտնել փարախի ճամփան, նրան այծն է առաջնորդում: Իր փարախի ճամփան չիմացող ոչխարը,սակայն, իրեն ապահով է զգում հոտը պահող գամփռի ներկայութեամբ, հրաշալի տարբերում է շանը գայլից, թէեւ վերջիններս նման են իրար: Հայ ժողովուրդը պէտք է կարողանայ թուրքին տարբերել մարդուց եւ հատուկենտ բարի թուրքի կերպարն ընդհանրացնել՝ նշանակում է բթացնել ժողովրդի զգօնութիւնը, որ մահաբեր է լինելու: Շատ են հարուածները եւ շատ են կորուստները, բայց անհրաժեշտութիւն է դրանք դարմանելու համար որոշել առաջնահերթութիւնները, որտեղի՞ց սկսել:
Առաջնահերթութիւնների շարքում կարեւոր տեղ պէտք է գրաւի հաւատի վերականգնումը, որի վերականգնման հետ կը վերադառնան Յոյսն ու Սէրը: Հաւատասպանը պէտք է պատժի արժանանայ, որովհետեւ ոճրագործ է: Մեր պարզ ու մանկական հաւատը Արդարութեան հանդէպ, թերեւս այս անգամ էլ յաղթի: Գէթ այդպէս էր հաւատում Ա. Ահարոնեանը՝ «Եթէ գերագոյն անիրաւութեան, անորակելի ոճիրների հանդէպ կայ մի գերագոյն սփոփանք, դա այն է, որ իւրաքանչիւր չարիք, իւրաքանչիւր բարբարոսութիւն ինքն իր մէջ կրում է մահացութեան սկզբունքը կրծող անքուն որդի պէս, ինքն իր ձեռքով փորում է իր գերեզմանը» (Աւ. Ահարոնեան, «Ժողովածու Երկերի», հատոր Է․, Վենետիկ, 1948, էջ 136):
Մեր հաւատի մոմը վառւում է ու վառւում, բայց չի մարում: