
Creative Armenia-ն եւ «Պօղոսեան» հիմնադրամը ուրախ են յայտարարելու 2022ի East-West Residency ստեղծարար կացութեան արուեստագէտներին` արուեստի տարբեր ոլորտներից երեք վառ տաղանդների, ովքեր կը մեկնեն Բրիւսել` մէկամսեայ ստեղծարար կացութիւն անցկացնելու Եւրոպայի սրտում գտնուող մշակութային հեղինակաւոր կենտրոն՝ «Վիլլա Էմպեն»ում:
Ստեղծարար կացութեան արուեստագէտներն են` գեղարուեստական ղեկավար եւ գծող Տիգրան Առաքելեանը, նկարիչ Գայանէ Աւետիսեանը եւ գրող Աննա Դաւթեանը: Օգոստոսին եւ Սեպտեմբերին անոնք կը մեկնեն «Վիլլա Էմպեն»` զարգացնելու իրենց նորագոյն ստեղծարար նախագծերը, կապեր հաստատելու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արուեստագէտների հետ, համագործակցելու իրենց եւրոպացի գործընկերների հետ, ուսումնասիրելու Բելգիան եւ նրա բուռն արուեստի տեսարանը, ժամանակակից հայ արուեստն ու մշակոյթը ներկայացնելով եւրոպական հարթակում:
«Ուրախ ենք աջակցելու այս վառ հայ արուեստագէտներին։ «Անհամբեր սպասում ենք նրանց նոր ստեղծագործութիւններին եւ համագործակցութիւններին, իրենց եւրոպական գործընկերների հետ», ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրէն Կարին Յովհաննիսեանը:
Այժմ չորրորդ ժամկէտում, East-West Residency-ն Creative Armenia-ի եւ «Պօղոսեան» հիմնադրամի համագործակցութիւնն է: Իր տեսակի մէջ առաջինը Հայաստանում` ստեղծարար կացութիւնը աջակցել է բազմաթիւ անուանի հայ արուեստագէտների, այդ թւում` գեղարուեստական ղեկավար եւ գեղագիր Ռուբէն Մալայեանին, արուեստի պատմաբան եւ համադրող Վիգէն Գալստեանին, բեմադրիչ եւ արտադրող Օֆելիա Յարութիւնեանին, պարուհի եւ պարուսոյց Ռիմա Պիպոյեանին եւ գրող եւ համադրող Տիգրան Ամիրեանին կեանքի կոչելու իրենց ստեղծարար նոր նախաձեռնութիւնները եւ մասնակցելու արդիւնաւէտ մշակութային փոխանակմանը:
«Հպարտ ենք այս համագործակցութեամբ եւ այս ծրագրի միջոցով մեր կապը Հայաստանի հետ ամրապնդմամբ։ Հիմնադրամի դռները բաց են աւելի քան մէկ տասնամեակ: Հայ առաջատար արուեստագէտներին հիւրընկալելը խօսում է կացութեան շրջանակներում տեղի ունեցող մշակութային փոխանակումների բազմազանութեան մասին», ասաց «Պօղոսեան» հիմնադրամի գլխաւոր տնօրէն Լումայ Սալամէն:
Կացութեան արուեստագէտների եւ ծրագրի մասին աւելին կարող էք իմանալ creativearmenia.org/residency կայքում:
Creative Armenia-ն համաշխարհային արուեստի հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում եւ խթանում է նորարար արուեստագէտների արուեստը: «Պօղոսեան» հիմնադրամը ստեղծուել է 1992ին Ռոբերտ Պօղոսեանի եւ նրա երկու որդիների` Ժանի եւ Ալբերտի կողմից` զարգացմանը եւ կրթութեանը նպաստելու հիմնական նպատակով: