ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը (ԱԳՆ) Արցախի Հանրապետութեան հռչակման 31ամեակին առիթով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«1991 թ. Սեպտեմբերի 2ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումեանի շրջանի բոլոր մակարդակների պատգամաւորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակագիրը:
«Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դէմ էթնիկ (ցեղային) զտումների քաղաքականութեան տրամաբանական հետեւանքն էր, ինչի դրսեւորումները առկայ են նաեւ այսօր:
«Հակառակ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից մշտապէս հնչող այն յայտարարութիւններին, թէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր եւ Լեռնային Ղարաբաղ տարածքային միաւոր այլեւս գոյութիւն չունի` փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակուել շուրջ հարիւր քսան հազար հայեր, որոնք, որպէս միջազգային հանրութեան անդամ, ունեն հաւասար եւ անօտարելի իրաւունքներ, եւ հակամարվութիւնը չի կարելի լուծուած համարել, քանի դեռ չեն հասցէագրուել արցախահայութեան խորքային կարիքները:
«Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան անվտանգութեան եւ իրաւունքների երաշխաւորումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համապարփակ եւ երկարաժամկէտ լուծումը` օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան փորձը եւ ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարաւային Կովկասում կայունութեան եւ խաղաղութեան հասնելու ճանապարհին:
«Հայաստանի Հանրապետութիւնը շարունակում է յանձնառու լինել Արցախի բնակչութեան կենսագործունէութեան համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման եւ իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»: