

ՆԱՐԻՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամը, շարունակելով իր առաքելութիւնը, հերթական բարեգործական ծրագիրն է կեանքի կոչել Կարմիր Շուկայ համայնքում, վերանորոգել եւ շահագործման են յանձնել Արցախեան վերջին պատերազմում ոտքերից վիրաւորում ստացած, բազմազաւակ հայր Արտակ Շահնազարեանի տունը:
Բնակարանամուտին ներկայ էին Արցախի Հանրապետութեան պետական նախարարի խորհրդական, մարդասիրական եւ զարգացման ծրագրերի համակարգող Յակոբ Իփճեանը, Արցախի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչ Գեւ Իսկաջեանը, «Թուֆէնքեան»ի հանրային կապերի պատասխանատու Ռուբէն Ճանպազեանը, հիմնադրամի շինարարական ծրագրերի պատասխանատու Էդգար Դանիէլեանը եւ այլոք:
Կարմիր ժապաւէնը կտրել են համայնքի ղեկավար Նարեկ Աթայեանը եւ Արտակի աւագ որդին` Վալերի Շահնազարեանը:
Ռուբէն Ճանպազեանը շնորհաւորել է Շահնազարեաններին բնակարանամուտի կապակցութեամբ, նշելով, որ եօթ հոգանոց ընտանիքն այսուհետ ապրելու է վերանորոգուած չորս սենեականոց առանձնատանը։ «Հիմնադրամի համար մեծ ուրախութիւն է այսօր գտնուել այստեղ, իր փոքրիկ ներդրումն ունենալ Արցախում, մասնաւորապէս` Կարմիր Շուկայում: Մենք անում ենք ամէն հնարաւորը, որպէսզի դժուարութիւնների միջով անցած ժողովրդի դէմքին ժպիտ լինի: Շնորհակալ ենք շինարարներին, որ ջանք չխնայեցին սեղմ ժամկէտներում տան վերանորոգումն աւարտին հասցնելու համար: Ինչպէս նաեւ շնորհակալ ենք աշխարհի տարբեր կէտերում գտնուող մեր բոլոր նուիրատուներին, ովքեր աջակցել են եւ շարունակում են մինչ այսօր աջակցել մեր բոլոր ծրագրերն իրականացնելու համար», նշել է նա:


Ընտանիքի հայրը պատմում է, որ պատերազմի ընթացքում տարբեր աստիճանների վնասներ է կրել իրենց տունը: Աշխարհազօրայինների կազմում մասնակցել է 44օրեայ պատերազմին եւ Հոկտեմբերի 28ին վիրաւորուել։ «Պատերազմի աւարտից յետոյ մենք ուշ վերադարձանք գիւղ` կապուած իմ բուժման եւ վերականգնման հետ: Տան պայմանները բարւոք վիճակում չէին: Համայնքապետարանի աջակցութեամբ տանն ապրելու համար առաջին պայմանները ստեղծեցինք: Իսկ այսօր մեզ համար մեծ ուրախութիւն է, քանի որ «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամի միջոցով հնարաւորութիւն է ընձեռուել ապրել այսպիսի յարմարաւէտ պայմաններում», ժպիտը դէմքին պատմում է Արտակը:
Արտակի կինը` Նարինէն, շնորհակալութիւն է յայտնել հիմնադրամին` իրենց ընտանիքի կողքին գտնուելու եւ աջակցելու համար, աւելացնելով. «Ցանկանում եմ Արցախ աշխարհին խաղաղութիւն. թող նման ծրագրերը շարունակական լինեն: Յոյս ունեմ, որ ամէն ինչ լաւ կը լինի, կը կարողանանք մեր բազմանդամ ընտանիքով ապրել սահմանամերձ դարձած մեր գիւղում, գեղեցիկ վերակառուցուած մեր տանը»:
Շահնազարեանների ընտանիքն իրենց ապագան հայրենի գիւղից, ծննդավայրից բացի այլ տեղ չի տեսնում։ «Ուրիշ տեղ, ինչքան էլ ասեն ապահով է, անվտանգ է, մէկ է` մեր տնից, մեր հող ու ջրից լաւ տեղ չկայ: Սա ազգային պայքար է ու պէտք է մինչեւ վերջ տանել: Տեղդ փոխելով` պայքարդ չես փոխի ու չի աւարտուի», ասել է բազմազաւակ հայրը:
«ԱՄԱՐԱՍ»