ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Գլենդելի ԵՏՔՄն (YMCA) այս տարի նշում է հիմնադրման 100ամեակը: «Առողջ ոգու, մտքի եւ մարմնի մարզում» կարգախօսով առաջնորդուող համաշխարհային այս կազմակերպութիւնը տասնամեակներ շարունակ կրթել ու մարզել է սերունդներ: ԵՏՔՄի`«Երիտասարդ Տղամարդկանց Քրիստոնէական Միութեան» Գլենդելի կառոյցի յոբելեանական տարեդարձին նուիրուած Գալա ձեռնարկը տեղի ունեցաւ Նոյեմբերի 10ին: «Ֆընիշիա» ճաշասրահում հաւաքուել էին կազմակերպութեան ղեկավարները, խորհրդի անդամներ, պաշտօնեաներ, այդ թւում` կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոն, Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանը, ԱՄՆում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Աւետիսեանը, հասարակական-քաղաքական, հոգեւոր գործիչներ:
Յատկանշական է, որ երեկոյի բանախօսներից էր ԵՏՔՄ Արցախի ներկայացուցիչ, լրագրող Լիկա Զաքարեանը:
«Մենք ամերիկեան միակ ԵՏՔՄն ենք, որ Արցախի հետ քոյր կազմակերպութեան կարգավիճակ ունենք, եւ հարիւրամեակի ձեռնարկը լաւագոյն առիթ էր նշելու նաեւ մեր համագործակցութիւնը: Սա շատ կարեւոր էր, որ ցոյց տայինք, որ ոչ միայն աշխոյժ ենք այստեղ համայնքում, նաեւ, մարդասիրական աջակցութիւն ենք ցուցաբերում Արցախին եւ գործակցում արցախցի երիտասարդների հետ, հաւատալով կազմակերպութեան ծրագրերի փիլիսոփայութեանը` անկախ, թէ որտեղ են դրանք իրականացւում: Գլենդելի ԵՏՔՄի ֆինանսական աջակցութեամբ, Արցախում ամէն տարի իրականացւում է մէկ շաբաթեայ ամառային ճամբար, որին անվճար հիմունքով մասնակցում են Արցախի տարբեր շրջանների շուրջ հարիւր երիտասարդներ` համախմբուելով կրթական, մարզական եւ մշակութային նախաձեռնութիւնների շրջանակներում: Արցախի մեր գործընկերների աշխատանքն ու ձեռքբերումները ներկայացնելու նպատակով էլ հրաւիրել էինք ԵՏՔՄ Արցախի ներկայացուցիչ Լիկա Զաքարեանին», նշեց ԵՏՔՄ Գլենդել-Արցախ բարեկամութեան յանձնաժողովի նախագահ, ձեռնարկի յանձնաժողովի նախագահ Նորա Եակուպեանը:

Արցախի եւ Գլենդելի ԵՏՔՄների միջեւ համագործակցութիւնը սկսուել է 2019 թուականից, նպատակ ունենալով` օժանդակել անհատներին տարբեր ուղղութիւններով զարգացնելու հմտութիւնները եւ դառնալու սոցիալապէս ակտիւ (ընկերութեան մէջ աշխոյժ), ներկայկացնելու մարտահրաւէրները յաղթահարելու ժամանակակից եւ համապատասխան ուղիներ: Լիկա Զաքարեանը ԵՏՔՄին է միացել 2015 թուականին, եւ հանդիսանում է ծրագրերի բաժնի պատասխանատու: Իր խօսքում նա ընդգծեց ամերիկեան համագործակցութեան եւ աջակցութեան կարեւորութիւնը Արցախի երիտասարդների համար:

«Մեր գործունէութիւնը բաժանւում է մի քանի մասերի: Կրթական ոչ-պաշտօնական ծրագրերն են, որոնց կարիքն Արցախում շատ կայ, բնապահպանական ծրագրերն են` մշակութային վայրերի պահպանման, մաքրման աշխատանքները, նաեւ բարեգործական նախաձեռնութիւններ ենք իրականացնում` նուէրներ տալով մանկատան երեխաներին, ծերանոցների բնակիչներին: Բայց հիմնական ծրագիրը ամառային ճամբարն է, որը մեծ նշանակութիւն ունի մեր համար եւ իրականացւում է մասնաւորապէս Գլենդելի ԵՏՔՄի աջակցութեամբ: Մինչ պատերազմը կազմակերպել ենք երեք ճամբար, որին մասնակցել են 18-30 տարեկան Արցախի ամենաստեղծագործ քաղաքացիները: Ճամբարի շրջանակներում, ոլորտում ճանաչուած մասնագէտների միջոցով, իրականացնում ենք կրթական ծրագրեր, որոնց հիմնական թեմաներն են` հակամարտութիւնների ղեկավարում, խաղաղութեան ուղղութեամբ աշխատանք, քննադատական մտածելակերպ, նաեւ` հմտութիւններ, որ կիրառելի են առօրեայ կեանքում, ինչպէս օրինակ` բանավէճի արծարծում, եւ այլ: Միաժամանակ, անցկացնում ենք առողջ ապրելակերպին ուղղուած դասընթացներ, մշակութային եւ մարզական միջոցառումներ: Պատերազմից յետոյ ճամբարը ստացաւ մէկ այլ առաջնահերթութիւն` ապաքինելու հոգեկան վէրքերը (trauma) մասնագէտների միջոցով: Բազմաթիւ երիտասարդներ, պատերազմի ժամանակ կորցրել էին ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ, իրենց տունը, եւ հոգեբանական ծանր վիճակում էին: Մեր ճամբարը իւրայատուկ սպեղանի դարձաւ նրանց համար, եւ շատերը յաղթահարեցին խնդիրները: Ճամբարը մարդկանց օգնում է հասկանալու, որ մենակ չեն իրենց խնդիրներում, հնարաւորութիւն է ստեղծում ընկերներ գտնելու, կապեր հաստատելու, նաեւ կողմնորոշուելու մասնագիտութեան, աշխատանքի ընտրութեան հարցում: Ուրախ եմ, որ մասնակցում եմ այս ձեռնարկին, որպէսզի պատմեմ, թէ Արցախի ԵՏՔՄի համար որքան կարեւոր է այս համագործակցութիւնը, նրանց նուիրատուութիւնը, ինչ ազդեցութիւն ունի ճամբարը, եւ թէ որքան մարդիկ շնորհակալ են այդ հնարաւորութեան համար», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց Լիկա Զաքարեանը:
Նա նաեւ յոյս յայտնեց, որ սփիւռահայ տարբեր ոլորտի մասնագէտներն էլ կը մասնակցեն ծրագրերին, քանի որ դա նաեւ քաջալերում է արցախցիներին, յուսադրում առ այն, որ իրենք մենակ չեն, Սփիւռքն իրենց կողքին է, մտածում է իրենց մասին, եւ ամէն ինչ կ՛անի, որ Արցախը մնայ հայկական: Հարցին, թէ ինչպիսի հոգեվիճակում են այսօր արցախցիները, Լիկան պատմեց, որ ամենամեծ խնդիրն անորոշութիւնն է, երբ մարդիկ չեն կարողանում ծրագրել վաղուայ օրը: Սակայն չնայած դժուարութիւններին, շարունակում են հաւատալ, ապրել ու արարել իրենց հողում:
Ձեռնարկի ընթացքում ցուցադրուեց Արցախի ԵՏՔՄի մասին պատմող տեսանիւթ, որ ներկաների շրջանում յուզմունք եւ հիացմունք առաջացրեց: Արցախի մեկուսացման եւ չճանաչվածության պայմաններում նման համագործակցությունընաեւ Արցախի մասին իրազեկման լավագույն միջոց է:
Լիկա Զաքարեանը, ով մասնագիտութեամբ նաեւ լրագրող է, 44 օրեայ պատերազմի ողջ ընթացքում, ապաստարաններում օթեւանելով, գրել ու հրապարակել է իրողութիւններն օրագրի ձեւաչափով: Նրա գրառումները մեծ ուշադրութեան են արժանացել, եւ պատերազմից յետոյ, «Ստեղծագործ Հայաստան» կազմակերպութեան ջանքերով հրապարակուել են որպէս «44 Օր. Օրագիր Անտեսանելի Պատերազմից» անուանումով գիրք, յետագայում վերածուելով նաեւ վաւերագրական շարժապատկերի, որի ցուցադրութիւնը վերջերս տեղի ունեցաւ նաեւ Լոս Անջելեսում: