Իմ սիրած չոր մրգերից է թուզը, մասնաւորաբար տարուայ այս եղանակին, երբ հաճելի է լինում թէյի կողքին ունենալ չոր թուզ։ Սակայն ամէն անգամ, երբ փորձում եմ չոր թուզ գնել Կլէնտէյլի կամ շրջակայ քաղաքների հայկական նպարատներից, զայրոյթից ու բարկութիւնից բացի, ուրիշ ոչինչ չեմ կարողանում հետս տուն բերել, քանի որ հայկական նպարատների ճնշող մեծամասնութիւնը վաճառում է Թուրքիայից ներմուծուած չոր թուզ։ Ինչպէ՞ս չզայրանալ ու դէմ չկանգնել այս այլանդակ իրողութեանը։
Տասնամեակներ է, որ կոչ ենք անում մեր համայնքին՝ չգնել ու պոյքոթի ենթարկել թուրքական բոլոր արտադրանքները, մասնաւորաբար սննդամթերքը։ Մամուլով, հեռուստատեսութեամբ, հանրային բեմերով ու զանազան առիթներով բազմիցս ասուել է մեր համայնքի անդամներին, որ թուրքական ապրանքներ չգնեն։ Այդուամենայնիւ, թւում է, թէ այս բոլոր յորդորներն ու կոչերը մնում են «ձայն բարբառոյ յանապատի»։ Դժբախտաբար, քաղաքի հայկական նպարատները շարունակում են հայ սպառողներին հրամցնել թուրքական ապրանքներ, իսկ հայ սպառողները ի հեճուկս իրենց կատարուած զգուշացումների, գնում են այդ ապրանքները, առանց պատկերացնելու, որ իրենց գումարները, թէկուզ չնչին տոկոսով, օգնում են Հայոց Ցեղասպանութիւնը ուրացող Թուրքիայի կառավարութեան տնտեսութեանը։
Յամենայն դէպս, իմ սիրած չոր թուզը չեմ գտնում Կլէնտէյլի ու շրջակայ քաղաքների հայկական նպարատներում։
Անցնող շաբաթավերջին, համանահանգային կրթական քննութիւն յանձնելու ծրագրով գնացել էի Կլէնտէյլից ոչ շատ հեռու Սան Կապրիէլ քաղաքը, որը հիմնականում բնակեցուած է քորէացիներով ու ասիական ծագումով այլ ազգութիւններով։ Երեկոյեան, վերադարձիս, Սան Կապրիէլի գլխաւոր պողոտաներից մէկի վրայ ուշադրութիւնս գրաւեց քորէական նորաբաց մի գերնպարատնուն, որը զարդարուել էր խոշոր ու փայլուն լոյսերով։ Ինքնաշարժը կանգնեցրի ու ներս մտայ եւ մուտքի առջեւ առաջին ապրանքը, որ տեսայ, փոքր տուփերով իրար վրայ դարսուած չոր թուզն էր՝ քորէերէն ու անգլերէն պիտակներով։ Նախ կարծեցի, որ Քորէայից ներմուծուած չոր թուզ է, սակայն երբ աւելի մօտեցայ ու կարդացի պիտակի մանրամասնութիւնները, պարզուեց, որ այն տեղական արտադրութիւն է՝ Քալիֆորնիայի նահանգի Իւնիըն Սիթիից։ Հետաքրքրութեանս յագուրդ տալու համար դիմեցի գերնպարատան պատասխանատուներին, ովքեր պատասխանելով հարցումներիս, յայտնեցին, որ հիմնականում այդ չոր թզերը պատրաստւում են Քալիֆորնիայի նահանգի թզենիներով հարուստ՝ Սան Յովակիմ հովտում, ուր կարելի է մեծաքանակ պատուէրների համար գործարանին պատուիրել ապրանքապիտակները տպագրել ցանկացած լեզուով։ Ա՜յ քեզ բան, մտածեցի ինքս ինձ։ Եթէ մեր գաղութի նպարավաճառների համար հնարաւոր չէ Հայաստանից ուղղակիօրէն չոր մրգեր, որոնց թւում՝ չոր թուզ ներմուծելը, ապա կարելի է տեղական չորեղէնը պատուիրել ու վաճառել եւ այն էլ հայերէն ապրանքապիտակներով։ Ինչո՞ւ թուրքական արտադրանքի չոր թզերով լցնել խանութը։ Ինչո՞ւ թուրքականով։
Գաղութիս հայկական նպարատները ամէն տարի Ապրիլի 24ի ամբողջ օրը մնում են փակ՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու եւ Թուրքիայի դէմ իրենց բողոքն արտայայտելու նպատակով։ Այդուամենայնիւ, նոյն նպարատները տարուայ միւս բոլոր օրերին շարունակում են հայ յաճախորդներին հրամցնել ու վաճառել թուրքական զանազան ապրաքներ, որոնք, ըստ տեղեկութիւնների, ներմուծւում են հայ գործարարների կողմից…։ Մինչ Թուրքիայի կառավարութիւնը Հայոց Ցեղասպանութեան փաստը ուրանալու միտումով միլիոնաւոր տոլարներ է ծախսում եւ օտարազգի խամաճիկ գործիչներին ու պատմաբաններին խոշոր կաշառքներ է խոստանում՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ստեր ու կեղծիքները տարածելու համար, մի խումբ հայ գործարարներ թուրքական մեծաքանակ ապրանքներ ներմուծելով անուղղակիօրէն ջուր են լցնում սոյն գործընթացի ջրաղացին եւ գումարներ ապահովում՝ թուրքական նպատակների իրագործման համար։ Թուրքիայից չոր թուզ ներմուծելը այդ կարգի գործառնութիւնների ամենաաննշանն է…։
Այլեւս ժամանակը հասունացել է, որ նման գործարքների հրապարակային բացայայտմամբ կասեցուեն ու վերջ դրուեն թուրքական ապրանքների շրջանառութեանն ու սպառմանը՝ մեր գաղութի հայկական շուկաներում։
9 Դեկտեմբերի, 2006
Կլէնտէյլ