Հարցազրոյցը վարեց՝ ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Հարցազրոյցը բանասիրական գիտութիւնների թեկնածու,բացառիկ հայրենասէր, տաղանդաշատ, ոչ սովորական նկարագրի տէր, պրոֆ. Գուրգէն Մելիքեանի հետ է, մի անձնաւորութեան, որ, յիրաւի, զինուորագրուած է Հայաստանի եւ հայութեան կեանքին ու պայքարին վերաբերող բազմաթիւ ոլորտներում՝անվերապահօրէն ու բոլորանուէր: Սահմանափակ տողերի մէջ գրեթէ անհնար է տալ նրա գործունէութեան ամբողջական պատկերը, կարելի է տալ միայն դրա ուրուագիծը իր հիմնական գծերի մէջ:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ․- Պրն. Մելիքեան, ընթերցողին, անշուշտ, կը հետաքրքրեն ձեր կենսագրութեան վերաբերող որոշ տեղեկութիւններ: Եթէ կարելի է, այդ մասին համառօտ ձեր խօսքը:
ԳՈՒՐԳԷՆ ՄԵԼԻՔԵԱՆ․- Սիրով կարող եմ տրամադրել այդ տեղեկութիւնները, սակայն կարելի է ասել, որ զանազան ոլորտներում տարիների վրայ երկարող իմ գործունէութիւնը իմ կենսագրութիւնն է: Ես այս երկուսը չեմ կարող տարանջատել: Այս կամ այն բնագաւառում որեւէ ծրագիր իրականացնելով ես գրում եմ իմ կենսագրութեան հերթական էջը: Հայրս՝ Վրէժը, Պարսկաստան է գաղթել Արարատեան դաշտավայրից, Արտաշատի շրջանից:
Ծնուել եմ Պարսկաստանի Աբադան քաղաքում, նախնական կրթութիւնս ստացել եմ Թեհրանում, իսկ միջնակարգ կրթութիւնս՝ իմ ծննդավայր Աբադանում, ապա 1958ին հարազատներիս հետ վերադարձել եմ Հայաստան եւ բարձրագոյն կրթութիւնս ստացել Երեւանի Պետական համալսարանում (ԵՊՀ), ուսանելով Արեւելագիտութեան բաժանմունքի Պարսկագիտութեան բաժնում, հմտանալով հայոց պատմութեան եւ հայ ազգին դարերի ընթացքում մօտիկից եւ խորապէս առնչուած պարսից լեզուի, պատմութեան եւ մշակոյթի բնագաւառում: Որպէս գերազանց ուսանող արժանացել եմ յատուկ կրթաթոշակի: 1963ին ընդունուել եմ ասպիրանտուրա (դոկտորայի թեկնածու), աւարտել այն, ապա 1984ին աւարտաճառս պաշտպանել եմ Թիֆլիսում՝ «Բարդ բառակապակցութիւններն արդի պարսկերէնում» թեմայով, ստանալով բանասիրական գիտութիւնների թեկնածուի աստիճան: Այնուհետեւ շուրջ քառորդ դարում,1992-2017, վարել եմ ԵՊՀի Արեւելագիտութեան բաժանմունքի ղեկավարի պաշտօնը, ապահովելով թուրքերէնի, արաբերէնի, քրդերէնի եւ պարսկերէնի մասնագէտների պատրաստման կարեւոր եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող աշխատանքը: Իմ կենսագրութեան անբաժան մասն է կազմում ընտանիքս, որն ինձ համար բարոյական նեցուկ է եւ ներշնչման աղբիւր. կինս՝ Լաուրան, իմ կեանքի ուղեկիցը, դուստրս՝ Մէրին, իմ լաւագոյն աջակիցը եւ որդիս՝ Վահագն Մելիքեանը, որ երկար տարիների դիւանագիտական աշխատանք է տարել, եղել է Հայաստանի դեսպան մի շարք երկրներում:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ․- Դուք ձեր հոգածութիւնն անխտիր տարածում էք բոլոր կարիքաւորների վրայ, սակայն ձեր գործունէութեան կիզակէտում եղել եւ առ այսօր շարունակում են մնալ Արցախն ու արցախահայութեան բազմերես խնդիրները: Կարելի է ասել, որ դուք ապրում էք Արցախով: Ինչպիսի՞ն է եղել ձեր մասնակցութիւնը համազգային նշանակութիւն ունեցող Արցախեան ազատամարտին եւ Արցախին վերաբերող կենսախնդիրներին:
ԳՈՒՐԳԷՆ ՄԵԼԻՔԵԱՆ․- Քանի որ Արցախի հիմնախնդիրը առանցքային նշանակութիւն ունեցող հարց է Հայաստանի համար, ապա ես անմասն չէի կարող մնալ այդ գործում: Գործուն մասնակցութիւն եմ ունեցել Արցախեան ազատագրական պատերազմին,1996ին ստացել եմ գնդապետի աստիճան, եղել եմ Արցախի պաշտպանութեան նախարարութեան արտաքին կապերի գծով նախարարի տեղակալ: Վարել եմ Արցախի թեմական խորհրդի ատենապետի պաշտօնը 1989ից 2014:
Ինչ վերաբերում է արցախահայութեան կենսական հարցերին, ապա պիտի առանձնացնեմ «Գուրգէն Մելիքեան Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների հիմնադրամ»ի ստեղծումը 1994ին, որի հիմնադիր եւ գործադիր տնօրէնն եմ ցայսօր:
Կազմակերպութեան աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղութեամբ, արցախահայութեան եւ ընդհանրապէս կարօտեալ մեր հայրենակիցներին օգնելու նպատակով: Տարիների ընթացքում եւ մինչեւ օրս հիմնադրամը շարունակում է օգնել նպաստի կարիք ունեցող ընտանիքներին, ինչպէս՝ իւրաքանչիւր ընտանիքի տրամադրելով անասուն եւ կենցաղային պարագաներ, վճարելով նիւթապէս անապահով ուսանողների ուսման վարձը, օգնելով հայ մշակոյթին սատարող ձեռնարկներին, ինչպէս՝ գրքի հրատարակութիւն, նկարչական պատկերագրքերի լոյս ընծայում, որոնց դիմաց շատ շնորհակալական նամակներ ենք ստացել: Արցախը Հայաստանի անքակտելի մասն է, եւ ես յաճախ եմ լինում մեր հայրենիքի այդ մասում:
Այս բոլորը արձանագրելու եւ հանրութեանը հաշուետուութիւն ներկայացնելու նպատակով, Սամուէլ Մուրադեանի խմբագրութեամբ հիմնել ենք «Բարեգործ» եռամսեայ թերթը, որ շարունակում է լոյս տեսնել: Ներկայացնում ենք ոչ միայն մեր կատարած աշխատանքը, այլ նաեւ մեր նուիրատուներին, բարերարներին, որոնց բարձր ենք գնահատում եւ առանց որոնց անհնար են մեր ձեռնարկումները:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ․- Ձեր գործունէութեան կարեւոր մասերից մէկը նաեւ մանկավարժական աշխատանքն է: Դուք մեծ վաստակ ունէք այդ ասպարէզում, արժանացել էք Հայաստանի «Վաստակաւոր մանկավարժ»ի կոչման, երկար տարիներ ոչ միայն հմտօրէն գլխաւորել էք Երեւանի Պետական համալսարանի Արեւելագիտութեան բաժանմունքը, այլեւ դասաւանդել էք պարսկերէն եւ թարգմանչութեան տեսութիւն, զբաղուել էք հայերէն եւ պարսկերէն լեզուների քերականական առնչութիւնների, ինչպէս նաեւ արդի պարսկերէնի քերականութեան հարցերով: Այդ մասին է վկայում Մոսկուայում անգլերէն եւ ռուսերէն լեզուներով հրատարակուած հանրագիտարանում ձեր մասին զետեղուած յօդուածը: Նշենք նաեւ, որ Ռուսաստանի Ակադեմիայի Բնական գիտութիւնների հիմնարկի գործուն անդամ էք, ինչպէս նաեւ ստացել էք Իրանի Լեռնագնացների ակումբի պատուաւոր անդամի կոչում: Անշուշտ, արդարօրէն արժանացել էք գնահատանքի, երկու տասնեակից աւելի շքանշանների եւ կոչումների: Այս մասին, խնդրեմ, աւելի մանրամասն տեղեկութիւններ հաղորդէք մեր ընթերցողներին:
ԳՈՒՐԳԷՆ ՄԵԼԻՔԵԱՆ․- Արժանացել եմ բանասիրական գիտութիւնների դոկտորի աստիճանի Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնութեան միջազգային ակադեմիայի կողմից: Տարբեր ժամանակներում ստացել եմ «Գարեգին Նժդեհ», «Մովսէս Խորենացի», «Դրաստամատ Կանայեան», «Մեսրոպ Մաշտոց», «Մայրական երախտագիտութիւն», «Յանուն հայրենիքի պաշտպանութեան», «Գրիգոր Լուսաւորիչ», «Բերձորի պատուաւոր քաղաքացի» եւ այլ պատուոյ շքանշաններ, ընդ որում իմ ստացած պարգեւների մեծ մասը տրուել է Արցախի Հանրապետութեան կողմից: Ստացել եմ նաեւ ԵՊՀի ոսկէ մեդալը, իսկ Հայաստանում իրանագիտութեան եւ երիտասարդութեան հայրենասիրական դաստիարակութեան գործում ունեցած իմ ներդրումի համար ինձ շնորհուել է «Ս. Յովհաննէս Մկրտիչ» յատուկ պարգեւը, ինչպէս նաեւ պատուոյ մեդալ արտաքին գործերի նախարարութեան կողմից, Հայաստանում դիւանագիտական կադրերի (պաշտօնատար) պատրաստման գործում իմ ներդրումի համար: Ինձ շնորհուել է նաեւ Հայաստանի «Վաստակաւոր մանկավարժ» պատուաւոր կոչումը: Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար ստացել եմ առաջին կարգի շքանշան: Վերջերս ստացել եմ եւս մէկ պարգեւ: 2022ին, ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ․ի, արժանացել եմ «Ս. Սահակ-Ս. Մաշտոց» Հայ Առաքելական եկեղեցու բարձրագոյն շքանշանին:
Լեզուաբանութեան, պատմութեան եւ իրանագիտութեան հարցերին վերաբերող աւելի քան հարիւր գիտական, մեթոդաբանական եւ գիտահանրամատչելի աշխատութիւնների հեղինակ եմ:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ․- Ինչպէս արդեն նշեցիք, դուք հրատարակում էք «Բարեգործ» եռամսեայ թերթը, որն արտացոլում է ձեր բարեսիրական աշխատանքները, անդրադառնում է ձեր բարերարներին: Դուք բարեկամների լայն շրջանակ էք ստեղծել շնորհիւ ձեր նուիրումի, բազմերես տաղանդի եւ առինքնող կերպարի: Բարեկամներ շահելը արուեստ է, իսկ այդ բարեկամներին պահելը՝ կրկնակի արուեստ: Դուք երկու արուեստներին էլ գերազանցօրէն տիրապետում էք: Դուք կարողանում էք գրաւել մարդկանց եւ դարձնել նրանց գործակից եւ լծակից ձեր դժուարին գործում:
ԳՈՒՐԳԷՆ ՄԵԼԻՔԵԱՆ․- Մեր բազմամեայ եւ բազմերես գործունէութեան ընթացքում նշանակալի ձեռքբերումներ ենք ունեցել մեր բարեկամների շնորհիւ: Պէտք է կարողանալ գնահատել մարդկանց մասնակցութիւնը այն նպատակների իրագործման համար, որ դու դնում ես քո առջեւ: Առանց մեր բարեկամների նիւթական եւ բարոյական աջակցութեան անհնարին պիտի լինէր յաջողութիւն արձանագրել: Առիթը օգտագործելով ուզում եմ ի սրտէ գնահատել եւ խորին շնորհակալութիւն յայտնել մեր հին ու նոր, երկար տարիներ մեզ հետ ճանապարհ անցած մեր բոլոր բարեկամներին:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ․- Որպէս ազգի ճշմարիտ զինուոր, Արցախը ձեզ համար եղել եւ մնում է առանցքային կարեւորութիւն ունեցող խնդիր եւ որպէս Արցախեան ազատամարտի վետերան, ինչ մտքեր եւ ապրումներ ունէք այսօր, երբ մեզ համար այդ խնդիրը դարձել է չափազանց ցաւոտ մի հարց:
ԳՈՒՐԳԷՆ ՄԵԼԻՔԵԱՆ․- Հակառակ քաղաքական, ռազմական,տնտեսական ու ընկերային դժուարին կացութեան, մենք շարունակում ենք մեր աշխատանքը: Այդպէս պէտք է վարուենք բոլորս, լինենք մեր գործի գլուխը եւ մեր գործի պատասխանատուն: Հայաստանն, ընդհանրապէս, եւ Արցախը, յատկապէս, այսօր գտնւում են ծանր վիճակում, սակայն ուզում եմ յիշեցնել, որ մենք ոչ հեռաւոր անցեալում վերագծել ենք մեր հայրենիքի սահմանները եւ յաղթանակներ ենք արձանագրել: Այդ յաղթանակները ձեռք ենք բերել մեր զաւակների արեան եւ կեանքի գնով: Մենք չենք զաւթել որեւէ երկրի տարածք, այլ ազատագրել ենք պատմական մեր հողերի մի մասը, որի լիիրաւ տէրն ենք:
Արցախը մեր հայրենիքի մի մասն է, եւ Արցախն իր դրօշով, իր օրհներգով աշխարհին պիտի ներկայանայ որպէս անկախ պետութիւն, պիտի հզօրացնի Հայաստանը եւ միանայ մայր երկրին: