
Հարցազրոյցը վարեց՝ ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Արծրուն Պեպանեանը բացառիկ, առանձնացող մի անհատականութիւն է, որին դժուար է բացայայտել եւ նկարագրել մէկ հարցազրոյցի խիստ սահմանափակ շրջանակում: Յամենայնդէպս, սոյն հարցազրոյցը փորձ է ներկայացնել նրան հնարաւորինս ամբողջական, ընթերցողին տալ նրա՝մարդու եւ գիտնականի դիմանկարն, իր հիմնական գծերի մէջ: Արծրուն Պեպանեանը ֆիզիկոս (բնագէտ) է, գրող, հրապարակախօս, քաղաքական վերլուծաբան:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Պրն. Պեպանեան, անշուշտ, հանրութեան համար հետաքրքրական կը լինի իմանալ ձեր կենսագրութեան մասին, թէ ինչպիսի ճանապարհ էք անցել մինչեւ ձեր անհատականութեան ձեւաւորումը որպէս մարդ եւ գիտնական: Խնդրեմ, այդ մասին ձեր համառօտ խօսքը:

ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆԵԱՆ.- Ծնուել եմ 1958ին Ալավերդի քաղաքում, մասնագիտութեամբ ֆիզիկոս եմ, աւարտել եմ Երեւանի Պետական համալսարանի Ֆիզիկայի բաժանմունքը գերազանցութեան կարմիր վկայականով: Այնուհետեւ ուսումս շարունակել եմ նոյն ուսումնական հաստատութիւնում: Չնայած ֆիզիկայի բնագաւառում ունեցած իմ յաջողութեան, զգացի, որ այն իմ տեղը չէ: Ես ունէի այլ հետաքրքրութիւններ եւս եւ տարուեցի տարբեր ասպարէզներում գտնել ինքս ինձ եւ լինել արդիւնաւէտ, օգտագործել ամբարած գիտելիքներս: Ցանկացել եմ կինոնկարներ (շարժապատկեր) ստեղծել եւ հետագայում գրած իմ գրքերը կինոնկար են յիշեցնում: Հին աշխարհի պատմութիւնն իր ակնառու դէմքերով միշտ գրաւել է ինձ, ուսումնասիրել եմ այն. այդպէս ծնուել է իմ առաջին գիրքը՝ «Յուլիոս Կեսար»ը: Յիշատակեմ իմ մի քանի ստեղծագործութիւններ՝«Կալիգուլա», «Պապ Թագաւոր Կամ Մայրամուտից Առաջ», «Դուք Ինձ Չէք Ճանաչում, Իմ Անունն Է Բոնապարտ», «Վերադարձ Կամ Տիգրան Մեծ», «Խորհելու Ժամանակը Կամ Ումից Պէտք Է Փրկել Հայրենիքը», «Կոնսերւատիւ (պահպանողական) Յեղափոխութիւն», «Մեր Մեծերը Մեր Հիմնախնդիրների Մասին», «Վասակ Սիւնի»: Վերջին վէպում, անդրադառնալով հայ միջնադարի խոշոր պետական գործիչներից Վասակ Սիւնիի կերպարին, նրան ներկայացրել եմ նոր լոյսի ներքոյ, որպէս ոչ թէ դաւաճան, ինչպէս անարդարօրէն ներկայացուել է առ այսօր, այլ որպէս ճկուն դիւանագէտ, որ ձգտում էր վերականգնել հայոց թագաւորութիւնը:1993-96ին եղել եմ «Հայք » թերթի գլխաւոր խմբագիրը, իսկ 1997ին «Հանրապետութիւն» թերթի քաղաքական մեկնաբանը:1997-98ին հրատարակել եմ իմ «Կիրակնօրեայ» քաղաքական շաբաթաթերթը, ապա մէկ տարի անց վարել «Ար»» հեռուստաընկերութեան մի քանի հաղորդաշարեր:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- 2018ից առ այսօր վարում էք «Վերելք» հաղորդաշարը, որի միջոցով հետեւողականօրէն բացայայտում էք հայ ժողովրդի անցեալը, ձեր մօտեցումը հայ ժողովրդի իրական կերպարի վերականգնման հիմնարար հարցերի շուրջ: Դուք բացառիկ դիտողականութեան, երեւոյթների խորքը տեսնելու ունակութիւն ունեցող այն հազուագիւտ անհատականութիւններից էք, որ հայ ժողովրդի անընդմէջ դժբախտութիւնների անծայր շղթայի մէջ որոնում էք պատճառահետեւանքային կապը, ինչպէս արել են Գարեգին Նժդեհը, Յովհաննէս Թումանեանը, Հայկ Ասատրեանը եւ ուրիշներ: Վերջինս ծնուել է 1900ին, Ալաշկերտում, եղել է Գ. Նժդեհի գործակիցն ու մտերիմ բարեկամը, մէկն է Ցեղակրօն եւ Տարօնական շարժումների հիմնադիրներից, Հայաստանի պատմութեան վերաբերեալ գրքերի եւ յօդուածների հեղինակ է: Ուսանել է Պրահայի համալսարանի փիլիսոփայութեան բաժանմունքում:
ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆԵԱՆ.- Հիմնելով «Վերելք »հաղորդաշարը, նպատակադրուել ենք վերակերտել հայ ժողովրդին, նրան վերադարձնել հին հայրենիքի ոգին,տանելով նրան իր հերոսական եւ անաղարտ շրջանը, քաղաքական-մտածողական նոր հոսանք ստեղծել, հասարակութիւնը վերափոխել ներքեւից, ոչ թէ պայքարել հնի դէմ, այլ նորը ստեղծել: Ֆիզիկան օգնել է ինձ տեսնել երեւոյթների խորքը եւ պատճառը: Ինձ օգնել են նաեւ իմ թաքնագիտական յատկութիւնները, կապը վերերկրայինի, տիեզերական ուժերի հետ, որոնց շնորհիւ կարողացել եմ գաղտնիքներ բացայայտել եւ այդ բացայայտումները կարելի է գտնել իմ մէկ տասնեակից աւելի գրքերում: Մեր հաղորդումների ժամանակ մենք հիւրընկալում ենք համախոհ անձանց, որոնք ելնելով իրենց մասնագիտական կարողութիւններից, կատարում են կարեւոր դիտարկումներ եւ օգնում են մեզ լրացուցիչ ուղիներ գտնել մեր առջեւ դրուած խնդիրների լուծման համար: Մենք ունենք մեր ամենօրեայ լսարանը, որը, թերեւս, քանակապէս մեծ չէ, բայց ունի որակ եւ ընկալունակ է, կարողանում է հասկանալ, որ մենք մատնանշումներ ենք կատարում մեր ազգի ներկայ վիճակի վերաբերեալ, գտնում ենք, որ դաժան պատմութեան հետեւանքով հայ ազգը ձեռք է բերել օտարոտի յատկանիշներ, այլափոխուել է, ծանրօրէն եւ լրջօրէն հիւանդացել: Հայ ազգը օտար տիրապետութեան երկարատեւ ժամանակաշրջանում հոգեմտաւոր խեղման է ենթարկուել, իր մօտ խամրել է հայրենիքի գաղափարը, վերացել է պետական մտածողութիւնը:Երբ խօսում ենք այն մասին, որ շատ ժողովուրդներ հեռացել են պատմութեան թատերաբեմից, իսկ մենք դիմացել ենք, պէտք է անդրադառնանք, որ մենք դրա դիմաց շատ ծանր գին ենք վճարել: Դարերի ընթացքում մշակութապէս, հոգեկան ու մտաւոր կերտուածքով իրեն տիրապետողներից տարբերուող, որակապէս անհամեմատ ցածր ցեղերի տիրապետութեան տակ ոտնահարուած հայ ազգը այլակերպուել է, ձեռք է բերել իրեն ոչ յատուկ բնաւորութեան գծեր, աղաւաղուել է: Սա է մեր վճարած գինը գոյատեւման դիմաց:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Յաճախ ենք անդրադառնում եւ ցաւով նշում, որ մեր ազգի մեծ մասի մօտ բացակայում է պետական մտածողութիւնը, սեփական եսը մենքի մէջ տեսնելու կարողութիւնը: Մեզանից շատերը գործում են անհատաբար եւ իրենց ձգտումներն ու գործունէութիւնը պտտւում են իրենց եսի շուրջ, չեն կարողանում վեր կանգնել նեղ անհատական շահերից եւ հետամուտ լինել ընդհանրական շահին, բարձրացնել եւ միաժամանակ բարձրանալ:
ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆԵԱՆ.- Այս վիճակի մէջ յայտնուելու համար ժողովրդին պէտք չէ կշտամբել եւ պարսաւել: Դարերի ընթացքում Հայաստանն անընդհատ գլխատուել է, եւ մեր բոլոր պակասութիւնները դրա հետեւանքն են: Մեր մեծագոյն կորուստը եղել է ազնուականութեան կորուստը: Իշխանները վաղուց են հեռացել հայոց լեռներից, մնացել է ռամիկ ժողովուրդը, անգլուխ եւ անղեկ: Դեռեւս 11րդ դարում, Բիւզանդական կայսրութիւնը Հայաստանը վերջնականապէս ընկճելու եւ հնազանդեցնելու համար հետամուտ եղաւ հայ ազնուականութեան վերացման գաղափարին եւ իրականացրեց հայ իշխանական տների ոչնչացումը: Եւ Հայաստանը բռնեց քաղաքական, տնտեսական, մշակութային վայրէջքի եւ բարոյական դիմագծի աղճատման, գահավէժ անկումի ուղին, եւ առ այսօր մեր երկիրը չի կարողանում բնականոն զարգացման մայրուղի վերադառնալ:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Դուք ձեր ողջ գործունէութեամբ, նաեւ «Վերելք» հաղորդաշարով, ձեր շուրջն էք համախմբում համախոհների, մասնագէտների, գիտակ մարդկանց, առաջ տանելու համար այն գործը, որին նուիրուել էք ձեր զօրեղ մտաւոր կարողութիւններով եւ կամքով: Դուք յանձն էք առել մեր ազգի նախնական վճիտ նկարագրի վերականգնման չափազանց դժուարին, գրեթէ անհնարին գործը: Ի՞նչ են ձեր ակնկալիքները՝ հիմնուած ձեր լսարանի վրայ:
ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆԵԱՆ.- Մենք ունենք ոչ շատ մեծ, բայց որակեալ, զարգացման որոշակի աստիճան ունեցող լսարան եւ յուսով ենք այն օրէցօր կը մեծանայ եւ մենք կը կարողանանք քայլ առ քայլ դէպի մեր նպատակն ընթանալ, վերադարձնել մեր ժողովրդին իր երբեմնի անաղարտ դիմագիծը, հանրութեանը վերափոխել ներքեւից, որովհետեւ հաւատում ենք, որ ինչպիսի կարող եւ հայրենասէր ղեկավար էլ ունենանք, չենք կարող մեծ յաջողութեան հասնել, եթէ չունենանք համապատասխան ժողովուրդ:
Ուրախութեամբ պէտք է արձանագրեմ, որ հետզհետէ ընդլայնւում է մեր գաղափարներն ընկալողների շրջանակը: Մենք ցանկանում ենք, որ ոչ միայն լայն լսարան ունենանք, այլեւ կարողանանք մեր գաղափարները եւ մօտեցումները հասցնել պատկան մարմիններին, որովհետեւ պետութեան դերն ու օժանդակութիւնը անհրաժեշտ կռուաններ են: Մեզ ծանր ու բարդ աշխատանք է սպասում եւ մենք պատրաստ ենք այդ աշխատանքին, ամբողջական նուիրումով: Մեր ժողովուրդը պէտք չէ յուսահատուի եւ կորցնի ինքնակազմակերպման իր յատկանիշը եւ ապագայի յոյսը:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Բոլորանուէր աշխատանքի եւ նուիրումի կողքին դուք անշուշտ մեծ հաւատի տէր էք, իսկ հաւատը գործի կէսն է: Դուք նաեւ նպատակի իրագործման ուղիները գիտէք եւ հաւատում էք հայ ժողովրդի վերածնուելու եւ ապրելու կամքին: Անշուշտ, մէկից աւելի են ձեր առջեւ դրուած խնդրի իրագործմանը հասնելու ճանապարհները:
ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆԵԱՆ.- Անտարակոյս, հաւատում եմ մեր ազգի ապագային: Մեր ժողովրդին վերափոխելու տարբեր ուղիներ կան. վերնախաւի ձեւաւորում, մարդու եւ տիեզերական ուժի միջեւ կապի, մեր փառաւոր անցեալի եւ մեր գոյութեան իմաստի ընկալում: Ինձ իմ որոնումների ճանապարհին մեծապէս օգնել են ֆիզիկան, կապը վերերկրային ուժերի հետ: Ես հաւատում եմ, որ արարիչը մեզ բերել հասցրել է մինչեւ ներկայ դար, որովհետեւ մեզ առաքելութիւն է յանձնել, որ դեռ չենք կատարել: Մենք աւարտին պէտք է հասցնենք մեզ վստահուած առաքելութիւնը: Հայաստանը պիտի անի դա, իր կողքին ունենալով Սփիւռքի նեցուկն ու օժանդակութիւնը, առանց որի անհնար պիտի լինի մեր աշխատանքը: Ակնկալում ենք Սփիւռքում բնակուող մեր հայրենակիցների գործուն մասնակցութիւնը համազգային այս խնդրի իրականացման մէջ:
ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Ազգովին զինուենք այդ հաւատով: Յիշենք մեծն Թումանեանի մարգարէական խօսքը «Հայրենիքիս Հետ» բանաստեղծութիւնից՝
Խորհում ես դու էն մեծ խօսքը, որ տի ասես աշխարհքին…
Իմ նո՜ր հայրենիք.
Հըզօ՜րհայրենիք:
Հայաստանը դեռ չի ասել այդ մեծ խօսքը:
Արծրուն Պեպանեանի «Վերելք» հաղորդաշարին կարելի է հետեւել Livenews.am կայքում: