ԱՂՈՒՆԻԿ ԱՅՎԱԶԵԱՆ
«Դարձէք Ինձ Ձեր Ամբողջ Արտով»
Այսօր` Փետրուարի 20ին Հայ առաքելական եկեղեցին մտնում է Մեծ պահքի շրջան: Հաւատաւոր մարդու համար պահոց շրջանը մարմնական զսպուածութեան, աշխարհիկ հաճոյքներից հրաժարուելու եւ աղօթքի միջոցով Աստծուն մերձենալու, Նրա բարեհաճութեանն արժանանալու եւ երբեմնի կորցրած Դրախտը վերագտնելու հնարաւորութիւն է: Մեծ պահքին յաջորդում է Սուրբ Յարութեան տօնը` հնչում է մեծագոյն աւետիսը քրիստոնեաներիս կեանքում: Գրում է qahana.am-ը:
Սակայն շատ կարեւոր է նաեւ իմանալ որոշ կանոններ` պահք պահելու վերաբերեալ, որոնք հնարաւոր է` մեզ օգնեն պահքի այս շրջանում:
Ի՞ՆՉ Է ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ՊԱՀՔԻ 40 ՕՐԸ
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրեայ աղօթքի, ծոմապահութեան եւ ապաշխարութեան շրջանը: Եկեղեցին Քրիստոսի օրինակին հետեւելով` հաստատեց քառասնորդական պահքը, որը կոչւում է նաեւ Մեծ պահք:
ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԷՏՔ Է ՀԵՏԵՒԵՆՔ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Մեծ պահքի ընթացքում կարեւոր է հաւատացեալի կանոնաւոր մասնակցութիւնը Ս. պատարագներին, առաւօտեան եւ երեկոյեան ժամերգութիւններին: Կարեւոր է նաեւ մասնակցութիւնը Խոստովանութեան կարգին: Խորհուրդ ենք տալիս Մեծ պահքի ընթացքում Աւետարան, եկեղեցու հայրերի ապաշխարութեան աղօթքներն ընթերցել: Զղջումը, աղօթքն ու ապաշխարութիւնը ուղեկից է մեզ ողջ պահքի շրջանում:
ԻՆՉԻ՞Ց ԵՆՔ ՀՐԱԺԱՐՒՈՒՄ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Պահքի ընթացքում հրաժարւում են ոչ միայն որոշակի կերակուրներից, ինչպէս մեզ քաջ յայտնի է, այլեւ մոլի սովորութիւններից, շատախօսութիւնից, ստախօսութիւնից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:
Կերակրից հրաժարուելն առանց մեղքից յետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մէջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի յոգնում», – ասում է Ս. Գրիգոր Տաթեւացին: «Լերան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երեւալը եւ նրանցից գովուելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հօրը, գաղտնաբար, եւ քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):
ՊՍԱԿԻ, ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՈՒ ՄԱՏԱՂԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ` ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Մեծ պահքի ընթացքում սովորաբար պսակադրութիւն չի կատարւում, սակայն հաշուի առնելով մարդկանց անտեղեակութիւնը եւ այն, որ շատերն առանց իմանալու նախապատրաստւում են պսակադրութեանն ու հնարաւոր չէ տեղափոխել պսակի օրը` եկեղեցին ընդառաջում է եւ կատարում է պսակը` նախընտրելով օրհնել զոյգերին եւ բացառել առանց օրհնութեան ընտանիք կազմելու հանգամանքը: Իրականում, սխալ է պահքի ժամանակ պսակուել, սակայն այս հարցում եկեղեցին առաջնորդւում է ոչ թէ եկեղեցական կանոնների հրամայականով, այլ` հովուական խնամքի:
Մեծ պահքի ընթացքում մատաղ չի կարելի անել, իսկ մկրտութիւն կարելի է: Մկրտութեան համար տարուայ ընթացքում ոչ մի արգելուած օր չկայ:
ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՍՏԱՆԱԼ
Պահքի ժամանակ Սուրբ Հաղորդութիւն չի տրւում` բացառութեամբ այն դէպքերի, երբ բաց Խորանով պատարագ է մատուցւում:
ԿԱ՞Ն ՄԱՐԴԻԿ, ՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՀՔ ՊԱՀԵԼ
Այո՛, կան: Նրանք են երեխաները, յղի կանայք, հիւանդներն ու կերակրող մայրերը:
Փորձե՛նք անխախտ պահել մեր պահքը` շարունակ ուղեկցելով այն աղօթքով, զղջումով ու ապաշխարութեամբ: Մօտենանք կատարեալ Աստծուն․ «Եւ արդ, – ասում է ձեր Տէր Աստուածը, – դարձէք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով: Ձեր սրտերը պատռեցէք եւ ոչ թէ ձեր հագուստները»:
«Այո, դարձէք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար» (Յովել 2:12 – 13):