
Կոնգրեսական Բրեդ Շերմանը, Սան Ֆերնանդօ հովտի Արեւմտեան շրջանի Հայ Մշակութային հիմնարի անդամներին յանձնեց 1.2 միլիոն դոլարի վճարագիր, որ նախատեսուած է շրջանի հայ կենտրոնի ստեղծմանը: Ամիսներ առաջ Շերմանին յաջողուել էր ապահովել դաշնային ֆինանսաւորում, ինչը հնարաւորութիւն կը տայ Էնսինոյի հրշէջ ծառայութեան կառոյցը վերափոխել համայնքային կենտրոնի: Գաղափարը հնարաւոր դարձաւ կեանքի կոչել Լոս Անջելեսի քաղաքապետարանի, Հայ Մշակութային հիմնարկի, Հայ Դատի գրասենեակի Արեւմտեան շրջանի եւ Սան Ֆերնանդօ հովտի մասնաճիւղի ջանքերով:
Փետրուարի 23ը պատմական էր շրջանի հայ համայնքի համար: Ֆերահեան Ազգային վարժարանի «Տիգրանեան» սրահում, վճարագրի ընդունման հանդիսաւոր արարողութեանը հաւաքուել էին շրջանի հայկական կազմակերպութիւնների ու միութիւնների ղեկավարներն ու ներկայացուցիչները, Լոս Անջելեսի քաղաքապետարանի ներկայ եւ նախկին պաշտօնեաներ: «Այս կենտրոնի ստեղծումը ներդրում է համայնքի մշակութային եւ հասարակական կեանքում: Այստեղ բոլորը կը գտնեն հետաքրքրութիւն եւ այն կը ծառայի որպէս երկրորդ տուն: Ուրախ եմ, որ ինձ յաջողուեց կառավարութիւնից ստանալ կառոյցի վերանորոգման համար անհրաժեշտ 1.4 միլիոն դոլարից 1.2 միլիոնը, եւ յուսով եմ, որ համայնքի ջանքերով էլ կենտրոնը պատրաստ կը լինի շուտով», ներկաներին դիմելով նշեց կոնգրեսական Շերմանը:
Համայնքային այս կենտրոնի գաղափարը կեանքի կոչելու ջանքերում աւելի քան մէկ տասնամեակ աշխուժօրէն ներգրաւուած են եղել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախկին անդամ Փօլ Քորեցը եւ համայնքի ղեկավար, քաղաքապետարանի աշխատակից Գրեգ Մարթայեանը: Նրանց յաջողուել է կազմակերպել Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից հրշէջ կենտրոնի շինութիւնը Հայ Մշակութային հիմնարկին երկարաժամկէտ վարձակալութեան յանձնելու գործընթացը: Իրենց ելոյթում, Մարթայեանն ու Քորեցն ընդգծեցին շրջանի հայ համայնքի համար կենտրոնի նշանակութիւնն ու ուրախութիւն յայտնեցին, որ իրենց նպատակն իրականութիւն դարձաւ: Հաստատութիւնը կը ծառայի համայնքի տարբեր սերունդների համար որպէս կրթական, մշակութային, հասարակական գործունէութիւն ծաւալելու կենտրոն:


Սան Ֆերնանդօ hովտի Հայ Մշակութային հիմնարկի նախագահ, փաստաբան Կարօ Քամարեանը երախտագիտութիւն յայտնեց Բրեդ Շերմանին եւ գաղափարն իրականութիւն դարձրած գործիչներին նաեւ շրջանում գործող կազմակերպութիւնների անունից, որոնք հնարաւորութիւն կը ստանան այսուհետ գործունէութիւնը շարունակել համայնքային կենտրոնում: «Այս նախագիծը կարեւոր է, որովհետեւ կը ծառայի համայնքի բոլոր ներկայացուցիչներին` աւագ սերունդն այստեղ կ՛անցկացնի ժամանց եւ կը ստանայ անհրաժեշտ խնամք, Համազգայինը կ՛իրականացնի իր մշակութային ծրագրերը, ՀՕՄի մեր ընկերուհիները` ընկերային ծառայութիւնները, ՀԵԴն էլ` երիտասարդական իրենց նախագծերը», կենտրոնի գործառոյթների եւ անհրաժեշտութեան մասին նշեց Քամարեանը:
Կոնգրեսական Շերմանը նրան յանձնեց կենտրոնի համար նախատեսուած ԱՄՆ դրօշ՝ հաւաստագրով: Հայ Մշակութային հիմնարկի կողմից էլ խորհրդանշական նուէր յանձնուեց Գրեգ Մարթայեանին: Ձեռնարկի մշակութային յայտագրում հանդէս եկան Համազգայինի պարախմբերը:

Միջոցառումը նաեւ առիթ էր երախտագիտութիւն յայտնելու կոնգրեսական Բրեդ Շերմանին` Հայաստանին, Արցախին, Հայ Դատին ու հայ համայնքին աջակցող իր տարիների գործունէութեան համար:
«Ասպարէզ»ի խմբագիր Արա Խաչատրեանի հետ հարցազրոյցում նա նշեց, որ 1997ին Կոնգրեսում ընտրուելուց ի վեր նախաձեռնել եւ մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, ԱՄՆ կողմից Արցախին օգնութիւն առաջարկող, եւ բազմաթիւ այլ նախագծերի: Նա անդրադարձաւ նաեւ Արցախի շրջափակմանը` նշելով, որ ծիծաղելի է ադրբեջանցի բնապահպանների արշաւը, քանզի երբեւէ նման քայլեր այդ խմբերը չեն ծաւալել` արգելափակելու Ալիեւի գործողութիւնները: «Ես միացել եմ մի խումբ կոնգրեսականների բանաձեւերի, որոնք դատպարտում են շրջափակումը, եւ կոչ են անում դադարեցնել Ադրբեջանին յատկացուող ռազմական աջակցութիւնը: Մենք դէմ ենք նաւթադոլարներով բռնատիրութեանը, եւ արդարութիւնը մեր կողմում է», ամփոփեց Բրեդ Շերմանը: