Դեկտեմբերի 10ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած՝ սահմանադրութեան հանրաքուէն իսկական միջազգային իրարանցում առաջացրեց։ Այսպէս կոչուած՝ միջազգային հանրութիւնը, ինչպէս ասում են, աշխարհով մէկ քննադատութիւն թափեց փոքրիկ պետութեան վրայ, որը համարձակուեց հերթական քայլն անել իր անկախ պետականութեան ամրապնդման ճանապարհին, որը, բառիս բուն իմաստով, արեամբ եւ քրտինքով նուաճեց ատրպեճանական նախայարձակման դէմ մարտերում։ Միջազգային կազմակերպութիւնները, որոնք հարկ չհամարեցին քննադատել ո՛չ Ատրպեճանական ԽՍՀի հայ բնակչութեան էթնիք զտումները, ո՛չ Ատրպէյճանի ծաւալած լայնածաւալ գործողութիւնները Ղարաբաղի եւ Հայաստանի դէմ, մատը մատին չխփելով, այսօր միասին կանգնել են ի պաշտպանութիւն մի երկրի, որը շարունակում է իր յարձակապաշտ քաղաքականութիւնը Լեռնային Ղարաբաղի, նաեւ՝ ողջ հայ ժողովրդի հանդէպ ընդհանրապէս։
Եւրոխորհուրդը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, Եւրոմիութիւնը, ԵԱՀԿը, Մինսքի խմբի համանախագահներ, միաբերան պայմանաւորուել են, որ հանրաքուէն ԼՂՀում իբր «կարող է բացասաբար անդրադառնալ Ղարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացի վրայ»։
Ըստ ամենայնի՝ միջազգային հանրութեան անհանգստութեան պատճառն այն է, որ ԼՂՀի հիմնական օրէնքը, հետեւելով 1991թ. Սեպտեմբերի 2ի Հռչակագրին եւ 1991թ. Դեկտեմբերի 10ի անկախութեան մասին հանրաքուէի արդիւնքներին՝ փաստում է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ինքնիշխան, ժողովրդավարական, իրաւական, սոցիալական պետութիւն է»։ Այդ հանգամանքը միջազգային կազմակերպութիւնները գնահատեցին իբրեւ խաղաղ բանակցութիւնների արդիւնքները գերազանցելու փորձ՝ նշելով նմանատիպ հանրաքուէներում այն ատրպէյճանցիների մասնակցութեան կարեւորութիւնը, ովքեր մինչեւ 1988թ. ապրել են Լեռնային Ղարաբաղում։
Այսինքն՝ միջնորդները ենթադրում են, որ ղարաբաղցիներն առաջ են անցել իրադարձութիւններից եւ հանրաքուէն անցկացրել միջազգային հանրութեան նկատառած ժամկէտից շուտ եւ, նրանց կարծիքով, ոչ այն ձեւաչափով։ Այլ խօսքով՝ Ղարաբաղը, միջազգային կազմակերպութիւնների տրամաբանութեամբ, պէտք է համակերպուած սպասէր, թէ երբ օտար քեռիները, ովքեր, ելնելով բացառապէս սեփական շահերից, աշխարհաքաղաքական խաղեր են տանում Ղարաբաղեան հիմնախնդրի շուրջ, իր փոխարէն կ’որոշեն ԼՂՀի ճակատագիրը։
Իսկ թէ ինչպէս են նրանք պատրաստւում այն լուծել, մենք արդէն բազմիցս ենք գրել. ղարաբաղեան զօրքերի յետքաշում միջանկեալ գօտուց, միջազգային խաղաղապահ ուժերի մուտք տեղափոխուած ատրպէյճանցի անձանց վերադարձ եւ միայն 10-20 տարի յետոյ՝ հանրաքուէի անցկացում ԼՂ կարգավիճակի հարցով։
Արժէ՞, արդեօք, այդ խորապատկերին զարմանալ պաշտօնական Պաքուի դիրքորոշման խստացումից, որը Պաքւում կայացած՝ ԵԽԽՎ Քաղաքական կոմիտէի նիստում արտայայտեց Ատրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամէտեարովը. «Բանակցութիւնների անկեղծութեանը կարելի կը լինի հաւատալ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ գրաւուած շրջանները վերադարձնելուց եւ փախստականների՝ բուն Ղարաբաղ վերադառնալուց յետոյ։ Հանրաքուէն կարող է տեղի ունենալ միայն մինչեւ 1988 թուականը այնտեղ բնակուող ատրպեճանական բնակչութեան՝ այդ տարածաշրջան վերադառնալուց յետոյ։ Եթէ դա տեղի ունենայ, կ’ուժեղանայ համագործակցութիւնը տարածաշրջանում, եւ կը բացուեն ճանապարհները դէպի Հայաստան»։
Այդ դէպքում ուրեմն պէտք է չեղեալ յայտարարել Ատրպէյճանում անցկացուած բոլոր ընտրութիւնների արդիւնքները մինչեւ մէկուկէս միլիոն հայ փախստականների վերադարձն այնտեղ, ինչպէս նաեւ անվաւեր ճանաչել 1995թ. ատրպեճանական սահմանադրութիւնը, որն ընդունուեց՝ առանց հաշուի առնելու ոչ միայն կիսով չափ ոչնչացուած, կիսով չափ վտարուած, այլեւ Ատրպէյճանի քաղաքացիներ մնացած հայ բնակչութեան կարծիքը։
Հիմնական օրէնքը, որով Ատրպէյճանի Հանրապետութիւնը, որը փողհարում է իր բազմազգ լինելու մասին, միացեալ պետութիւն է, ընդունուեց ոչ թէ համաժողովրդական հանրաքուէով՝ հաշուի առնելով ԱՀ տարբեր ազգութիւնների քաղաքացիների ներկայացուցիչների կարծիքը, այլ ընդամէնը ալիեւեան քլանին հնազանդ ատրպեճանական խորհրդարանի կողմից։ Եւ ընդհանրապէս, եթէ որեւէ մէկն այդքան ցանկութիւն ունի վերադառնալ 1988թ. եւ վերածնել Ատրպեճանական ԽՍՀը, սկզբի համար պէտք է վերակենդանացնի ԽՍՀ Միութիւնը։ Իսկ գուցէ հենց դրա՞ն է ձգտում Ատրպէյճանը եւ նրա ցուցումով ղեկավարուող միջազգային հանրութիւնը՝ ի դէմս ԵԽի, ԵԽԽՎի, ԵՄի եւ այլ կառոյցների։
Եթէ տէյվիսներին ու ճոնսթըններին այդքան հրապուրում է կեանքն Ատրպէյճանում, թող իրենք էլ այնտեղ վերաբնակուեն, ինչպէս դա արեց Պաքւում ԱՄՆ նախկին դեսպան Սթենլի Էսքուտերոն, որը, Պաքուի ԶԼՄների հաղորդումներով, քիչ չհարստացաւ այդ երկրում գտնուելու տարիների ընթացքում եւ կարգին փչացրեց ամերիկացիների եւ ընդհանրապէս Արեւմուտքի վարկը կարգին ատրպէյճանցիների աչքում։ Իսկ ղարաբաղցիներն իրենք պէտք է որոշեն՝ ինչպէս ապրեն եւ ում հետ։ Ափսոս, որ միջազգային միջնորդները մինչեւ հիմա դա չեն հասկացել կամ էլ ձեւ են անում, թէ չեն հասկանում։