ԼԻԴԱՅ ԱԼՄԱՍԵԱՆ
Մարտի 23ին, Թբիլիսիի Գ. Լէոնիձէի անուան վրացական գրականութեան թանգարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ բացուեց «Թումանեանը եւ Թիֆլիսը» խորագիրը կրող ցուցահանդէս, որը բաց կը լինի մինչեւ Ապրիլի 13ը:
Մինչ Յովհաննէս Թումանեանի յիշատակի 100րդ տարելիցին նուիրուած ցուցահանդէսի պաշտօնական բացումը, Խոջիվանքի «Մեծաց Մեծերի» պանթէոնում կատարուեց հոգեհանգստեան կարգ:
Այնուհետեւ, Գիորգի Լէոնիձէի անուան վրացական գրականութեան պետական թանգարանում տեղի ունեցաւ «Թումանեանը եւ Թիֆլիսը» ցուցահանդէսի բացման պաշտօնական արարողութիւնը, որից յետոյ խօսքով հանդէս եկան Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Սմբատեանը, Վրաստանի գրողների միութեան նախագահ Մաղուալա Գոնաշվիլին, Հովհաննէս Թումանեանի թանգարանի տնօրէն Անի Եղիազարեանը, ԵՊՀ Հայ բանասիրութեան ֆակուլտետի (համալսարանի բաժանմունքի) դեկան (ուսուցչապետ) Արծրուն Աւագեանը, ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի (հիմնարկութեան) Թումանեանագիտութեան բաժնի ղեկավար Եւա Մնացականեանը:
Յովհաննէս Թումանեանի մահուան 100րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով` Վրաստան էր ժամանաել նաեւ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարեանի գլխաւորած պատուիրակութիւնը:

Միջոցառումն անցկացւում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան, Վրաստանում ՀՀ դեսպանութեան, Վիրահայոց թեմի, «Յովհ. Թումանեանի տուն» եւ «Հայարտուն» գրական, կրթամշակութային կենտրոնների, Երեւանի Յովհ. Թումանեանի թանգարանի եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնութեամբ:
Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Աշոտ Սմբատեանն իր խօսքում նշեց, որ կարեւորում է այս իրադարձութիւնը, յաւելելով, որ Թումանեանը փիլիսոփայ է եղել հայ եւ վրաց ժողովուրդների համար: «Թումանեանը հայ ժողովրդի մեծագոյն զաւակն ու վրաց ժողովրդի մեծագոյն բարեկամն է, եւ նա կարողացել է իր ժամանակին երկու ազգերն իրար միացնող կամուրջին հիմնարար քարեր դնել, եւ հէնց այդ բարեկամութեան կամուրջին ամուր կանգնած կարողանում ենք դա ճաշակել»:
Միջոցառմանը ներկայ էին Հայաստանից ժամանած հիւրեր, Վրաստանում հայ մշակութային գործիչներ, դասախօսներ եւ հայ ուսանողներ, կարճ ասած թումանեանական պօէզիայով (բանաստեղծութեամբ) հետաքրքրուած մարդիկ, ովքեր ցուցահանդէսի ժամանակ առիթ ունեցան տեսնել ձեռագիր թերթեր, գրքեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում էին Թումանեանի եւ Թիֆլիսի ամուր կապն ու բարեկամութիւնը: Միջոցառումից յետոյ ներկաները հրաւիրուեցին նաեւ հիւրասիրութեան:
Հարկ է նշել, որ Մարտի 24ին Վ. Սարաջիշուիլու անուան պետական կոնսերվատորիայի (երաժշտանոցի) դահլիճում տեղի կ՛ունենայ յիշատակի համերգ: Ելոյթ կ՛ունենայ «Գեղարդ» երգեցիկ խումբը` թումանեանական խօսքի ու կոմիտասեան երաժշտութեան մոտիվներով (բներգներով):
Աղբիւր՝ jnews.ge