ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հայ եկեղեցին հիմքն է մեր էութեան, ու պահապանը մեր ինքնութեան: Եկեղեցու սիւների ամրութիւնը երաշխիքն է մեր ազգի յաւիտենականութեան, եւ իւրաքանչիւրիս պատասխանատուութիւնն է հոգ տանել, որ այդ սիւները լինեն զօրեղ ու կայուն՝ պահպանելու հայի յաւէրժի շրջապտոյտը:
1978 թուականին, նախնիների կոչով եւ նուիրեալների ջանքերով, Հոլիվուդի սրտում դռները բացեց Սուրբ Կարապետ Մայր եկեղեցին՝ լոյսով ու յոյսով պարուրելու հայրենիքից հեռու իր զաւակներին, հոգեւոր կապով նրանց շաղկապելու հայրենիքի հետ: Հոգեւոր այս կենտրոնը հիմնադրուեց, որպէսզի մանուկները մկրտուեն որպէս հայ քրիստոնեայ, երիտասարդները ճակատագրերը կապեն սուրբ խորանի առջեւ, յուսահատուածները ստանան մխիթարանք եւ գօտեպնդում Աստծոյ հրաշակերտ տանը:
Տարիներ շարունակ, Սուրբ Կարապետ եկեղեցին սրբութեամբ եւ ամենայն պատասխանատուութեամբ կատարեց հայապահպանութեան այն դերը, որ դարերով վիճակուած է եղել հայ եկեղեցուն: Այդ առաքելութիւնն անշեղօրէն հնարաւոր դարձաւ իրականացնել հոգեւոր առաջնորդների շնորհիւ: 24 տարի առաջ, Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանը դարձաւ Սուրբ Կարապետ եկեղեցու հոգեւոր հովիւը։ Ինչպէս ինքն է նշում՝ փորձել է պայծառ պահել «մեր հոգիների ծննդավայր» Ս. Կարապետը: «1999 թուականի Մայիսին, երբ հովիւ նշանակուեցի այս պատուական ծուխի եւ Ս. Կարապետ Մայր եկեղեցու, առաջին օրից փորձեցի իմ լաւագոյնը տալ եկեղեցու արտաքին գեղեցկութեան, առաւելապէս՝ հոգեւոր կեանքի աշխուժացման համար: Առաքեալի բառերով «զպաշտօնն իմ փառաւոր առնեմ» ու բացեցի աղբիւրը՝ երգեցողութիւն, քարոզի, արարողութիւնների, ելոյթների միջոցով, եւ ոչ միայն եկեղեցու կեանքում, այլ ուղեկից մարմինների՝ ՀՕՄի, դպրոցի, կոմիտէութեան, ՀՄԸՄի, «Ասպարէզ»ի, նշում է տէր Վիգէնը: Նրա խօսքը գործ է, ինչի մասին վկայում են նշուած բոլոր ազգային կազմակերպութիւններում ներգրաւուած բազմաթիւ սերունդներ: «Տէր հօր ուշադրութիւնը թերթի հանդէպ նկատելի է: Խմբագրատուն իր այցերով, թերթի նիւթական կացութեան մասին իր հոգատար մտահոգութեամբ, բացառիկ արժէքով գրքերի նուիրաբերումով, եւ միշտ մեր կողքին կանգնելու, մեզ զօրակցութիւն ցուցաբերելու իր պատրաստակամութեամբ՝ տէր Վիգէնը արդարօրէն կ՛ընդգրկուի «Ասպարէզ»ի լաւագոյն բարեկամների ցանկում», ընթերցում եմ տարիներ առաջ գրուած Ասպարէզ թերթի խմբագրականում: Նման գրառումների տրցակ է դիմացս, որտեղ համայնքի տարբեր ներկայացուցիչներ են կիսւում Սուրբ Կարապետ Մայր եկեղեցու հոգեւոր հովիւի մասին իրենց զգացումներով: «Մեր տէր Վիգէնը», շատերն են սիրելի հովիւին դիմում այսպէս, քանզի նրա շնորհիւ եկեղեցին դարձել է ընտանիք, յենարան, իմաստնութեան ու խաղաղութեան մաքրամաքուր աղբիւր:
Վստահութեան մթնոլորտ ձեւաւորելով, Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանին յաջողուել է եկեղեցին դարձնել առանցքը համայնքի կազմակերպութիւնների՝ ոչ միայն որպէս հոգեւոր կենտրոն, նաեւ իւրատեսակ հաւաքատեղի՝ ազգային վարժարանների, մարզական, մշակութային, մարզական կառոյցների անդամների, Հոլիվուդի եւ շրջակայ շրջանների համայնքի ներկայացուցիչների համար՝ Հայաստանն ու Արցախը մշտապէս ունենալով օրակարգում: Այս մօտեցմամբ է, որ նրան յաջողուել է եկեղեցուն շունչ հաղորդել, դարձնել կենսատու եւ աշխոյժ:
Տէր Վիգէնի հետ զրոյցում նա այնքան գորովանքով էր պատմում եկեղեցու հետ կապուած յիշարժան իրադարձութիւնների մասին, երբ բակում, 2000 թուականին, Սիբիր աքսորուածների յիշատակին տեղադրուեց Հայաստանում պատրաստուած տուֆ քարէ խաչքար Երուանդ Եղիայեանի գլխաւորութեամբ, 2007ին էլ՝ Աստուածամօր քանդակը Յարութիւն Օժենեանի ընտանիքի նուիրատուութեամբ, փառահեղ խորանն էլ 2008 թուականին Յակոբ եւ Հայկուհի Տաղլեանների նուէրն էր եկեղեցուն: Ս. Կարապետ եկեղեցու գլխաւոր նուիրատուն եղել է Վահէ Կարապետեանը, ով նաեւ օծման կնքահայրն է, եւ աւելի քան քառասուն տարի առատաձեռնօրէն նիւթապէս եւ բարոյապէս օժանդակում է եկեղեցուն:
Նման նուիրումի ու հոգածութեան պարագայում սպասելի էր տէր Վիգէնի կոչը համայնքին. «Հանգստեան կոչուելու տարիքիս եմ հասնում, եւ մինչ այդ ցանկանում եմ վերջին պարտականութիւնս կատարել՝ Ս. Կարապետ եկեղեցին պէտք է նորոգել»: Արձագանգը սպասուած էր եւ եւս մէկ վկայութիւնն էր, նրա ձեւաւորած սիրոյ միջավայրի: «Եկեղեցում թեթեւ բարենորոգումներ իրականացուել են պարբերաբար, սակայն հարկաւոր էր հիմնանորոգում: Այդ նպատակով ունեցանք բազմաթիւ նուիրատուներ, ովքեր 20 դոլարից մինչեւ՝ օրինակ Ժանէթ Շահվերդեան Զաքարին նուիրեց 20 հազար դոլար: Ժողովրդանուէր աշխատանք կատարուեց՝ համայնքի հաւաքական մասնակցութեամբ», պատմում է տէր Վիգէնը: Արդիւնքում, եկեղեցին, նախապէս ծրագրածից առաւել փոփոխութիւնների է ենթարկուել՝ ստանալով նոր տեսք ու շունչ. գորգերը հանուել են եւ յատակը մարմարապատուել է, քառասուն տարուայ հնութեան ջահերը նորացուել են, պատերը, որ փտել էին՝ քարապատուել են ու ներկուել, գմբէթի ներսի մասը ոսկեգոյն երանգ է ստացել:
Եկեղեցու հիմնանորոգման գործում, տէր Վիգէնի հետ միասին մեծ ներդրում ունի հոգաբարձուների խումբը՝ Մատլէն Աշճեանի, Մանուկ Չուլեանի եւ Սուրէն Հազարեանի զգալի մասնակցութեամբ: «Ս. Կարապետ եկեղեցու հետ իմ կապը սկսուել է տասնեակ տարիներ առաջ, երբ ամուսնացել եմ, երկու զաւակներիս եմ մկրտել այստեղ, իրենք էլ ամուսնացել են, եւ թոռնիկներս էլ մկրտուել են այս եկեղեցում: Եկեղեցին նորոգման կարիք ունէր, որ ժամանակակից տեսք ստանար, եւ տէր Վիգէնի բծախնդիր առաջնորդութեամբ, կարողացանք նորացնել մեր հոգեւոր օրրանը: Միաժամանակ, կը ցանկանամ գոհութեամբ եւ գնահատանքով ընդգծել «Րաֆֆի» ռումանահայերի հայրենակցական միութեան մեր եղբայրների եւ քոյրերի նշանակալի մասնակցութիւնը եկեղեցու շինութեան եւ բարենորոգման հարցում», նշում է Աշճեանը: Սուրէն Հազարեանն էլ, ով շուրջ 31 տարի ծառայում է Ս. Կարապետ եկեղեցու խորանին որպէս սարկաւագ եւ միաժամանակ եկեղեցու գանձապահն է, նշում է, որ եկեղեցին, պատմութեան մէջ առաջին անգամն է, որ նման նորոգութեան է ենթարկուել, փոխուել է նաեւ ձայնի հնչողութիւնը: Տէր Վիգէնն էլ նշում է. «Հերկուլեսեան աշխատանք իրականացուեց, որ եկեղեցին ծաղկազարդենք մինչեւ տօնական օրերը, որպէսզի ժողովրդի հոգիներն էլ հոգեւոր կեանքով ծաղկազարդենք: Պահոց շրջանի վերջին Կիրակին՝ Մարտի 26ին, որ Գալստեան կիրակի է, կը ցանկանամ հաւատալ, որ պատարագ կը մատուցենք եւ Աստծուն փառք կը տանք, այնուհետեւ Ծաղկազարդ կը նշենք, իսկ Ապրիլի 4ին, որ Տասը կուսանաց յիշատակի օրն է՝ ժամերգութիւն կը մատուցենք հանդիսապետութեամբ առաջնորդ Թորգոմ եպս. Տօնոյեանի: Նաեւ պիտի եկեղեցու նոր դրան օծումը կատարենք, որ մեզ նուիրել են Յակոբ եւ Հայկուհի Տաղլեանները: Ակնկալում եմ, որ մեր հաւատացեալ ժողովուրդը խուռներամ բազմութեամբ կը ներկայանայ՝ տեսնելու, թէ ինչ աշխատանք է կատարուել: Ես հպարտ եմ, ուրախ եմ, յուզուած եմ, որ մենք կարողացանք Աստծոյ տանը, որպէս մեր հոգիների ծննդավայր, իրապէս գեղեցիկ զգեստ հագցնել: Եկեղեցին ամբողջութեամբ նոր տեսքով պիտի ներկայանայ հաւատացեալ ժողովորդին», յուզմունքը զսպելով նշում է հոգեւոր հովիւը: Նա յիշում է, այն ժամանակները, երբ տօնական օրերին ծովածաւալ բազմութիւն էր հաւաքւում, սակայն այժմ Հոլիվուդի հայութեան թիւը նօսրացել է՝ այլ քաղաքներ տեղափոխուելու պատճառով: «Այդուհանդերձ, այս եկեղեցին բոլոր այդ մարդկանցն է՝ բազմահազար զոյգերի, որ ամուսնացել են, երեխաներ, որ մկրտուել ու կրթուել են եկեղեցում, եւ ես կոչ եմ ուղղում բոլոր նրանց, ում մէջ գէթ մի կաթիլ Աստուածային օրհնութիւն է իջել Ս. Կաարապետ Մայր եկեղեցում՝ յիշեն իրենց հոգեւոր կենտրոնն ու գան եւ զօրավիգ լինեն»: Տէր Վիգէնը նշում է, որ հիմնանորոգման աշխատանքները գրեթէ աւարտուած են, եւ այժմ նիւթական օժանդակութեան կարիք կայ եկեղեցու առաքելութիւնը շարունակելու համար եւ յորդորում է համայնքին մասնակցութիւնը բերել բանիւ եւ գործով:
Հոգեւոր ներշնչումով եւ ճշմարտութեան տեսիլքով ուղղորդուած Վիգէն Ա. քհնյ. Վասիլեանի որոշումները ոռոգել են Ս. Կարապետ եկեղեցու անդաստանը, արգասաւորել նրա կենսատու հողը նոր փթթումներով, եւ ուրեմն զօրավիգ լինենք, որ Մայր եկեղեցին շարունակի իր սրբազան առաքելութիւնը: